Իր գոյությամբ այս իշխանությունը կապանքների տակ է պահում մեր պետականությունը և փակում նրա թթվածինը․ Ռուբեն Մելքոնյան
Հակառակորդների հետ բանավոր պայմանավորվածություններին հաջորդելու է այս իշխանության երազած «Նոր Հայաստանը», այն կարելի է անվանել բուտաֆորիկ պետություն, որտեղ ամեն ինչ կլինի ինքնախաբեության ծիրում։ Միգուցե լինեն դրոշ և զինանշան, իսկ իրենք շարունակեն ինքնավստահ և փողկապ կապած ման գալ, ԱԺ-ում ելույթներ ունենալ, ընդդիմության և այլախոհների նկատմամբ միկրոհաղթանակներ տոնել, բայց Հայաստանը՝ որպես պետություն, այլևս չի կարող լինել։ Այս տարիների ընթացքում այս իշխանությունը բանավոր և գրավոր համաձայնություններով մսխել է մոտ երեսուն տարվա պետական կապիտալ, որը ձևավորվել էր անկախության ընթացքում՝ տարբեր քաղաքական գործիչների և ուժերի համատեղ աշխատանքի արդյունքում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
«Նույնիսկ անզեն աչքով նկատելի է մեր հետընթացը՝ որպես պետություն։ Պրահյան հանդիպումներից հետո ակտիվորեն քննարկվում էր առաջնորդների «մարմնի լեզուն», ոմանք հիշում էին, թե ինչպիսին էին նախկինների հանդիպումները, նրանց պահվածքը միջազգային ասպարեզում, և ինչպիսին էր Փաշինյանի ու Միրզոյանի կարգավիճակը, մոտեցումները, շարժուձևը, ինչը շատ կարևոր նշանակություն ունի։ Թուրքական և ադրբեջանական դիվանագիտության հաղթարշավ ենք տեսնում, Էրդողանն ու Ալիևն անսքող ժպիտներով են։ Թուրքական նախապայմանները ոչ թե վերացել են, այլ ավելի են ագրեսիվացել, կարծրացել և ընդլայնել իրենց աշխարհագրությունը։ Այն, թե իբր հայ-թուրքական գործընթացն ընթանում է առանց նախապայմանների, մեծագույն կեղծիք է, որը հրամցվում է այս իշխանության ընտրազանգվածին»,- ասաց գիտնականը։
«Գիտակից հասարակությունը գոնե Էրդողանի վերջին ելույթից պետք է հասկանա, որ եթե այդ նախադասությունը կազմվում է «եթե, ․․․ապա» բառերի կիրառմամբ, դա նախապայման է։ Էրդողանն ասում է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գնում են առանց նախապայմանների, բայց եթե Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի, ապա իրենք նոր միայն կբացեն սահմանները։ Նախապայմանային քաղաքականությունը շարունակվում է։ Այս երևույթի մյուս երեսը, թուրքական և ադրբեջանական ձեռագիրը հետևյալն է՝ պահանջել առավելագույնը, վտանգել, օրինակ, Ջերմուկը, հարձակվել այդ քաղաքի վրա, որ հրաժարվենք Արցախից և գնանք սահմանազատման իրենց ձեռնտու սցենարով։ Եթե համեմատենք, օրինակ, հինգ-վեց տարի առաջվա իրողությունների հետ, խոսք անգամ չէր կարող գնալ, ասենք, Ջերմուկի անվտանգության կամ սահմանազատման մասին, խոսվում էր Արցախի ինքնորոշման և անկախության մասին»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։
Թուրքագետի պնդմամբ՝ դիվանագիտական առումով մենք ոչ թե հետընթաց ենք ապրել, այլ գահավիժել ենք խոր ձորը․ «Կնքվելիք խաղաղության պայմանագիրը շատ նման է Բաթումի պայմանագրին։ Հիմա հասարակությանը հրամցվում է, որ եթե 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն անվտանգ պահենք, Արցախի հարցն արցախցիները կլուծեն։ Առաջին նախագահն իր վերջին հարցազրույցում Ալեքսանդրապոլի պայմանագիրը ներկայացնում էր որպես բոլշևիկների և դաշնակցականների հանդիպում՝ հանուն պետության։ Այստեղ նախագահը մի կարևոր շեշտադրում չի անում՝ այն, որ նույն դաշնակցականները՝ պարտված Հայաստանի ղեկավարները, չէին կառչել աթոռներից, և արագորեն հանձնեցին իշխանությունը՝ հանուն պետության, նրանցից շատերն անգամ կացնահարվեցին և գնդակահարվեցին։ Այստեղ գործեց «անջատում հանուն փրկության» սկզբունքը, այսինքն՝ իշխանության անջատում աթոռներից՝ հանուն պետության։ Այս իշխանությունը դա ոչ միայն չարեց, այլև շարունակում է իր գոյությամբ կապանքների տակ պահել մեր պետականությունն ու փակել նրա թթվածինը»:
«Երբ մեկ օրում հեռացան Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրած մարդիկ, նոր ուժերը՝ Մյասնիկյանը և մյուսները, կարողացան ազատ մանևրել և Ալեքսանդրապոլի պայմանագրով մնացած փոքր Հայաստանը վերածել այսօրվա սահմաններով պետության՝ մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով։ Մենք զուգահեռներ ենք տանում հարյուր տարի առաջվա հետ, բայց այս հարցում զուգահեռ տանելու հնարավորություն չունենք։ Անոմալ երևույթ է տեղի ունեցել՝ պարտված իշխանությունը մնացել է, վերընտրվել և հիմա էլ շարունակում է հասարակության մի հատվածի շրջանում աջակցություն ունենալ։ Պրահյան հանդիպումների լուսանկարների տակ ոմանք դեռևս «կեցցե մեր հզոր վարչապետը», «սաստող հայացք» և այս շարքի այլ մեկնաբանություններ էին անում։ Սա աներևակայելի մի երևույթ է, մեր պետականությունը գերի է իշխանությանը կառչած ուժի և հասարակության այդ շերտի ձեռքին, նրանք ձեռք ձեռքի տված՝ պետականությունը տանում են կորստի»,- ամփոփեց Ռուբեն Մելքոնյանը: