Բաժիններ՝

Երևանում երթուղային ցանցը պետք է փոխել, երկրորդական, երրորդական փողոցներով տրանսպորտ պետք է անցնի. մասնագետ

«Երևանում երկրորդական, երրորդական փողոցներով տրանսպորտ չի գնում, ինչը սխալ է: Տրանսպորտը պետք է բեռնաթափել: Ավելին, պետք է կանգառները տարբեր լինեն»,- պնդում է «Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը:

Նրա փոխանցմամբ ԽՍՀՄ տարիներին կանգառները տարբեր են եղել՝ խաչմերուկից առաջ և հետո:

«Կենտ համարներով երթուղայինները թող մինչև խաչմերուկը կանգնեն, իսկ զույգ համարներովները՝ խաչմերուկն անցնելուց հետո: Սա ևս կբեռնաթափի կանգառները, տրանսպորտի կուտակումներ չեն լինի: ԽՍՀՄ տարիներին, օրինակ, Տիգրան Մեծ փողոցն այդպես է եղել. մի մասը եղել է մինչև խաչմերուկը, մյուսը՝ խաչմերուկից հետո, ու մարդիկ սովորել էին: Օրինակ, տրանսպորտը գալիս, պտտվում է Սայաթ-Նովայի դպրոցի մոտով, թող մի տրանսպորտն էլ մտնի Մոսկովյան փողոց»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիամ Խաչատրյանը:

Կարդացեք նաև

Նա ընդգծեց՝ երթուղիները շատ երկար են, և այս հարցը ևս պետք է լուծել:

«Օրինակ, կա երթուղային, որ Եռաբլուրից Օպերայով, Կոմիտասով գնում են մինչև 9-րդ Մասիվ: Մյուսն էլ Ավանից գնում է Կոմիտաս, ապա Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Մալաթիա-Սեբաստիա: Ու նման երկար երթուղիները սպասարկվում են փոքր ավտոբուսներով, ինչը սխալ է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի կարծիքով էլ՝ պետք է ընդամենը փոխել երթուղային ցանցը:

«Ուղղակի լսել են, որ ժամանակին այսքան ավտոբուս է եղել, քաղաքը քիչ թե շատ նորմալ սպասարկվել է, ասում են՝ հիմա ավտոբուսներ բերենք, էլի նորմալ կսպասարկվի, այսքան բան: Սակայն մենք չենք ունենալու նորմալ հասարակական տրանսպորտ, մինչև երթուղային ցանցը չկարգավորվի»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր Ուղևորափոխադրողների միության նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս