Գոռը զոհվել է Վերին Շորժայի դիրքերը պաշտպանելիս, հերոսի մարմինը հարազատները գտել են զոհվելուց շուրջ 1 ամիս անց՝ Գորիսի դիահերձարանում
Սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված 19-ամյա Գոռ Վարդանյանն Արարատի մարզի Սիս գյուղից էր, ընտանիքի միակ որդին, ունի 2 քույր։
Սիսի միջնակարգ դպրոցի տնօրեն Համեստ Աթանեսյանը 168.am–ի հետ զրույցում իր նախկին աշակերտին բնութագրեց չափազանց կարգապահ, խելացի, ընկերասեր մարդ․
«Ես Գոռին դասավանդել եմ 10-12-րդ դասարաններում։ Շատ խելացի, կազմակերպված, դաստիարակված, միայն լավը կարող եմ ասել Գոռի մասին, շատ ծանր է անցյալով խոսել իր մասին»։
Գոռը զորակոչվել էր 2021 թվականի ամռանը, ծառայության 6 ամիսը լրանալուն պես արձակուրդ էր եկել, այցելել նաև դպրոցի ուսուցիչներին․
«Գոռը 12-րդ դասարանն ավարտեց ու անմիջապես մեկնեց ծառայության։ Հերթական արձակուրդի ժամանակ՝ փետրվարին, եկել էր դպրոց, ասել՝ բանակում լավ ա, գալիս եմ՝ ի՞նչ անեմ, պետք է պսակեն… բանակում էլ մնալու եմ։ Մեր շրջանավարտ զինվորները միշտ, երբ արձակուրդ են գալիս կամ զորացրվում են, պարտադիր գալիս են դպրոց՝ ուսուցիչներին, ընկերներին տեսակցության․․․»։
Տիկին Աթանեսյանն ասաց, որ Գոռը նաև սպորտով էր զբաղվում, հասցրել էր բազմաթիվ հաջողություններ գրանցել ձյուդո մարզաձևում։
«Սպորտը Գոռի աշխարհն էր, բազմաթիվ մեդալներ ուներ։ Եթե չեմ սխալվում, վերջում վնասվածք էր ստացել, էլ չշարունակեց․․․»։
Տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ Գոռը ծառայում էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ Վերին Շորժայի դիրքերն էր պաշտպանում։ Դեպքը հենց այնտեղ էլ տեղի է ունեցել․
«Հստակ չգիտենք, թե դեպքը որ օրն է եղել։ Երեխեն վերջին անգամ ծնողների հետ է խոսել, 12-ից հետո էլ զանգ չի եղել, կապ չի եղել Գոռի հետ։ Գիտենք, որ այս ընթացքում ընտանիքի անդամները, հարազատներն անընդհատ որոնումների մեջ էին, գերիների, զոհերի անունների մեջ են անունը փնտրել, նույնիսկ դիահերձարաններ են գնացել։ Հարազատներից մեկի փոխանցելով՝ միայն այն գիտենք, որ անընդհատ որոնումների մեջ են, ման են գալիս, բայց չեն գտնում։ Երեկ Գորիսի դիահերձարաններից մեկում գտել են երեխուն․․․»։
Գոռ Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ Մասիս քաղաքի գերեզմանատանը հարակից սգո սրահում, հուղարկավորությունը՝ վաղը։