«Փողոցները մաքրա՞ծ ա ուզում տա Ալիևին, ջարդում-առգրավում ա, մի կտոր հաց եմ աշխատում»․ առևտրականներ

Փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիներն ահազանգում են՝ Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանի, ինչպես նաև ոստիկանության տասնյակ ծառայողներ ուժի կիրառմամբ առգրավել են իրենց օրվա ապրուստը։

168.am-ը զրուցել է Մաշտոցի պողոտայում փողոցային առևտուր իրականացնող քաղաքացիների հետ, լսել նրանց մտահոգությունները։

Տարածքում փողոցային առևտրի միջոցով օրվա հաց վաստակող քաղաքացիների մեծ մասը կանայք են, բոլորը՝ սոցիալապես խոցելի կարգավիճակում։ Ասում են՝  եթե այս աշխատանքը չլինի, պարզապես չեն կարող գոյատևել, քանի որ մեծ մասը վարձով են ապրում, խնամքին ունեն անչափահաս երեխաներ, նպաստ և թոշակ չեն ստանում։

Կարդացեք նաև

Առևտրականները պահանջում են, որպեսզի քաղաքային իշխանությունը նախ համապատասխան տաղավարներ հատկացնի Մաշտոցի պողոտայում, հետո նոր միայն իրենց ապրանքն առգրավի։ Քաղաքացիները հիշեցրեցին, որ ժամանակին առևտուր են արել Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայում, որը վերջին տարիներին դարձել է սուպերմարկետ։

«Փողոցները մաքրա՞ծ ա ուզում տա Ալիևին, ջարդում-առգրավում ա, մի կտոր հաց եմ աշխատում»,- ասացին առևտրականները։

Հիշեցնենք, որ Կառավարության օգոստոսի 18-ի նիստում գործադիրը հաստատել է Երևանի քաղաքապետարանի մշակած օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ համայնքը կարող է  ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնող կամ ծառայություն մատուցող անձանցից առգրավել, ապա դատական կարգով բռնագրավել ծառայություն մատուցելիս վաճառվող ապրանքը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պարզաբանել էր՝ ինչպես Երևան քաղաքը, այնպես էլ բազմաթիվ այլ համայնքներ բախվում են փողոցային առևտրի խնդրին․ ինչքան էլ տույժեր, վարչական ակտեր են կիրառում, խնդիրը չի կարգավորվում։

Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով փողոցային առևտուրը վերացնելու ուղղությամբ  իշխանության տարբեր մարմինների գործադրվող քայլերին ուղղված  քննադատություններին, թե այդ մարդիկ նման ձևով են տուն պահում, այսպես էր արձագանքել․

«Իսկ ո՞վ է ասել, որ փողոցային առևտրով պետք է ընտանիք պահեք, նախարարն ասում է՝ երկրում բորդյուր շարող չունենք…»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս