Բազմաթիվ ոլորտներում արհեստական բանականությունն ապահովել, ապահովում է և պետք է ապահովի նորարարություն. Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը կարևորում է մի շարք ոլորտներում արհեստական բանականության կիրառումը՝ ապահովելու նորարարություն և առաջընթաց:
Ավինյանը նման տեսակետ հայտնեց Երևանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակում պանելային քննարկմանը:
Ավինյանը նկատեց, որ արհեստական բանականությունը կարող է դիտարկվել որպես տեխնոլոգիա, որը կարող է փոխարինել աշխատուժին, մարդկանցից խլել աշխատատեղերը: «Բայց կարծում եմ, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ իրականում դա այդքան էլ վախեցնող չէ: Այն իրականում այսօր փոխլրացնում, օգնում է աշխատուժին: Կան վերջին 10 տարիների ընթացքում իրականացված մի շարք հետազոտություններ, որոնք վկայում են այն մասին, որ արհեստական բանականությունն ավելի շատ օգնում է, քան խանգարում»,-ասաց Ավինյանը:
Նա, հղում կատարելով Գլոբալ տնտեսական ֆորումի տվյալներին, նշեց, որ գալիք 10 տարվա ընթացքում արհեստական բանականությունը ստեղծելու է 133 մլն աշխատատեղ և շուրջ 80 մլն աշխատատեղ էլ վերացնելու է:
Կան բազմաթիվ ոլորտներ, ըստ նրա, որտեղ արհեստական բանականությունը կարելի է օգտագործել, այն այդ ոլորտներում կարող է բերել նորարարություն: Ըստ Ավինյանի՝ արհեստական բանականությունը կարելի է օգտագործել նաև կրթության ոլորտում:
«Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ արհեստական բանականությունը ապահովել է, ապահովում է և պետք է ապահովի նորարարություն և լավարկում: Մենք օգտագործում ենք շատ նման բաներ, օրինակ, դեմքով ճանաչումը (face recognition) կամ, երբ արհեստական բանականության գործիքներն օգնում են բարելավել քաղաքաբնակների կյանքը: Նման տեխնոլոգիաներն աշխատում են ի նպաստ նրանց, որոնք գիտեն այդ տեխնոլոգիաները, տիրապետում են դրանց, դրանից վախենում են նրանք, որոնք ծանոթ չեն և ասում են, թե նորարարությունը վատ է, իրենցից խլելու է իրենց աշխատանքը»,-ասաց նա:
Ավինյանը ընդգծեց՝ արհեստական բանականությունը ստեղծում է նոր որակ և նոր հնարավորություններ:
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գլոբալ նորարարական չորրորդ ֆորումն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 5-6-ը: Ֆորումը սկսել է իրականացվել 2017 թվականից: Ֆորումն այս տարի անցկացվում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝ առանցքում ունենալով արհեստական բանականության բազմոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։