
ՏՏ ոլորտում մրցունակ լինելու համար պետք է օգտագործել և՛ Հայաստան տեղափոխված, և՛ տեղացի մասնագետների ներուժը․ Արմեն Օրուջյան

Հայաստան տեղափոխված ՏՏ ոլորտի մասնագիտական ներուժը ճիշտ օգտագործելը երկրի համար նպաստաբեր կլինի։ Այս մասին Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։
«Ոլորտում հաջողելու երկու մեթոդ կա․ մեկը «աճացնելն» է, մյուսը՝ «ստանալը»։ «Աճեցնելը» երկար ժամանակ է պահանջում։ Օրինակ՝ ԱՄՆ-ն և՛ «աճեցնում» է, և՛ «ստանում»։ Դա է ոլորտում իրենց մրցունակ լինելու գաղտնիքը։ Եթե մենք կարողանանք Հայաստան տեղափոխված մասնագիտական ներուժը համատեղել մեր «աճեցրած» ներուժի հետ, կկարողանանք ոլորտում մրցունակ լինել։ Հայաստան տեղափոխված մասնագետները պետք է զգան, որ մեր երկրում տեղի է ունենում իրենց պրոֆեսիոնալ զարգացման հաջորդ փուլը»,- նշեց Օրուջյանը։
Նրա խոսքով՝ հնարավորությունների ճանապարհի բացակայությունն է հանգեցնում Հայաստանից «ուղեղների» արտահոսքին։ Պետք է հասկանալ՝ ինչ հնարավորություններ ստեղծել ոչ միայն հայ երիտասարդներին Հայաստանում պահելու, այլև դրսից դեպի Հայաստան ոլորտային մասնագետների ներհոսք ապահովելու համար։
Մեկնարկել է երկօրյա Գլոբալ ինովացիոն ֆորումը (GIF22), որը Հայաստանում համախմբում է խոսնակներ միջազգային տեխնոլոգիական ընկերություններից, ֆինանսական կառույցներից ու գիտահետազոտական կենտրոններից։
Գլոբալ ինովացիոն ֆորումի մեկնարկը տրվել է 2017-ին՝ «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» թեմայով NSF-FAST միջազգային աշխատաժողովով։ Հայկական գիտական համայնքի և նրանց արտասահմանյան գործընկերների միջև շփման կարևոր այս հարթակը վերանվանվեց Գլոբալ ինովացիոն ֆորում արդեն 2018-ին և հաջողությամբ անցկացվեց նաև 2019-ին։ Հաջորդ տարիներին, համաշխարհային համավարակով և սահմանափակումներով պայմանավորված, GIF-ը դադար վերցրեց։ 2022-ին այն չորրորդ անգամ մեկնարկում է ամենամյա խոշոր միջազգային միջոցառում դառնալու հավակնությամբ։