«Մենք կկորցնենք էս 29․800 քառակուսի կիլոմետրը, եթե դադարենք երազել 300․000 քառակուսի կիլոմետրի մասին»․ Վահրամ Միրքայան
Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշխարհում բոլոր բնական էակների համար գոյության իմաստն էքսպանսիան է: Բույսերը գոյութուն ունեն, քանի դեռ էքսպանսիա են անում: Ծառը հենց սերմ չի տալիս, արմատն ավելի չի խորանում հողի մեջ, սաղարթն ավելի չի մեծանում՝ սկսում է մեռնել: Գայլերի ոհմակը կամ ոչխարների հոտը գոյություն ունեն, քանի դեռ նոր նոր տարածքներ է գտնում:
Գոյության իմաստն էքսպանիսան է, նույնը վերաբերում է նաև ազգերին:
Մենք կորցրեցինք Արցախի մի մասը, քանի որ չհիշեցինք Նախիջևանի մասին (Նախիջևանն ու Արցախը նույն կարգավիճակով էին 1921 թ. հանձնվել Ադրբեջանին): Մենք կշարունակենք կորցնել ԼՂԻՄ-ը, քանի որ մոռացել ենք Շահումյանի մասին, կկորցնենք Սյունիքը, քանի որ ուզում ենք մոռանալ Արցախի մասին և այլն, հասկացաք տրամաբանությունը:
Մենք կկորցնենք էս 29800 քառակուսի կիլոմետրը, եթե դադարենք երազել 300 000 քառակուսի կիլոմետրի մասին:
Դու միշտ կպարտվես ֆուտբոլը, եթե քո թիմում մենակ դարպասապահ ունես: Ինչքան էլ լավը լինի դարպասապահը՝ շանս չունի հաղթելու, քանի որ մենակ պաշտպանվում է: Վերջ ի վերջո հակառակորդի մի հարձակում հաջողություն է ունենալու: Ոնց որ եղավ 2020 ին:
Իրականում մենք էլ, որպես էթնիկ խումբ, էքսպանիսայի տարրեր ունենք, բայց այդ էքսպանսիան մեր համար կործանարար է և արտահայտվում է արտագաղթով ու այլ երկրներում ամրանալով: Ընդհանրացրած՝ Մոսկվան, Բեյրութը, Փարիզն ու Գլենդելն ենք գրավում :
Հա, հասկանում եմ, շատ են աշխատել, որ մենք մոռանանք էքսպանսիայի մասին, որ «29800 քառակուսի կիլոմետրի վրա զարգանանք», որ հաշտվենք դարպասապահի կարգավիճակի հետ, որ հանձնվենք «միջազգային հանրության» արդարադատությանը, բայց դա հակաբնական ու ինքնակործան գաղափարախոսություն է: Չնայած կործանարարությանը, այդ գաղափարների կրող մեծ խմբեր ունենք, սկսած նախագահներից ու իրենց համակիրներից, ավարտած կարծիքի առաջնորդների այլ խմբերով:
Հիմա դա արդեն կարևոր չէ, կարևորը կկարողանանք նորից վերագտնել գոյության մեր բանաձևը, այսինքն՝ էքսպանսիայի մեր մոդելը, որը կտանի մեզ զարգացման, ոչ թե կործանման ուղղությամբ»։