Հերթական թոզփչոցին
Բարձր գնաճից հասարակության սոցիալական խմբերին պաշտպանելու նպատակով, խորհրդարանական ընդդիմությունը մի քանի անգամ հանդես եկավ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու առաջարկությամբ։ Ներկայացված նախաձեռնությամբ նախատեսվում էր նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ։ Վերջին տարիների բարձր գնաճի պայմաններում՝ դա իսկապես կլիներ իրական օժանդակություն աշխատող, բայց ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիներին։ Բայց իշխանություններն ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով մերժեցին այն։
Հիմա իրենք են առաջարկում հաջորդ տարվա հունվարի 1-ից բարձրացնել նվազագույն աշխատավարձը և գործող 68 հազարի փոխարեն սահմանել 75 հազար դրամ։
Անվանական արտահայտությամբ միջին աշխատավարձը կառավարությության ներկայացրած նախաձեռնությամբ ավելանում է 7 հազար դրամով։ Այլ կերպ, ակնկալվում է 10 տոկոսից մի փոքր ավել բարձրացում։
Թվում է, թե սրանով նվազագույն աշխատավարձի աճը նույնիսկ գերազանցում է գնաճին։
Հիշեցնենք, որ օգոստոսի տվյալներով, 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 9,1 տոկոս, իսկ տարվա վերջին, Կենտրոնական բանկն ակնկալում է, որ այն կլինի 8 տոկոս։ Այսինքն՝ նույնիսկ 2 տոկոսով ավելի ցածր է, քան առաջարկած նվազագույն աշխատավարձի աճն է։
Եթե իրականանա Կենտրոնական բանկի կանխատեսումը, վաղը կհայտարարեն, թե նվազագույն աշխատավարձի աճի տեմպն ավելի բարձր է, քան գնաճինը, ինչը նշանակում է, որ այս խմբերում ընդգրկված աշխատողները, նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելու արդյունքում ոչ միայն հաղթահարում են գնաճի հետևանքները, այլև մի բան էլ լրացուցիչ եկամուտներ են ստանում։
Բայց իրականում դա խաբկանք է, հերթական թոզփչոցին։ Նվազագույն աշխատավարձի 10 տոկոսանոց բարձրացումը բոլորովին էլ չի փակի գնաճի ազդեցությունը։
Նվազագույն աշխատավարձը վերջին անգամ Հայաստանում բարձրացել է 2020թ. սկզբին։ Դրան հաջորդող երեք տարիներից առնվազն 2-ում չափազանց բարձր գնաճ է արձանագրվել։ Անցած տարի 12-ամսյա գնաճը դեկտեմբերին գերազանցեց 7,7 տոկոսը։ Տարեկան գնաճն էլ կազմեց 7,2 տոկոս։
Այս տարվա տարեկան գնաճի ակնկալիքը առնվազն 8 տոկոսն է, չնայած հավանականությունը մեծ է, որ այն ավելի բարձր կլինի։ Բայց նույնիսկ 8 տոկոսի պարագայում կստացվի, որ վերջին առնվազն 2 տարվա համախառն գնաճը կանցնի 15 տոկոսից։ Եթե սրան ավելացնենք նաև 2020թ. 3,7 տոկոսանոց գնաճը, ապա այն ընդհուպ կմոտենա 19 տոկոսին։
Երեք տարվա համախառն 19 տոկոս գնաճից հետո կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձն ավելացնել 10 տոկոսով։
Նվազագույն աշխատավարձի 10 տոկոս աճը, բնականաբար, չի կարող ծածկել 19 տոկոս գնաճի ազդեցությունը։ Դեռ չհաշված, որ հաջորդ տարի էլ ենք գնաճ ունենալու ու, ըստ կանխատեսումների, ոչ պակաս ցածր։
Սա նշանակում է, որ նվազագույն աշխատավարձի այս բարձրացումից հետո էլ բազմաթիվ աշխատող քաղաքացիներ շարունակելու են աղքատանալ։ Նրանց եկամուտները կրկին չեն հասնելու թանկացումների հետևից, եթե անգամ հաշվի առնենք միջին գնաճը։ Չնայած բոլորն են հասկանում, որ գնաճի իրական ազդեցությունը սպառողների վրա ամենևին էլ չի որոշվում միջին գնաճով։ Գնաճն անհամեմատ բարձր է առաջին անհրաժեշտության ապրանքների պարագայում, որոնց ազդեցությունը սպառողների գրպանի վրա շատ ավելի մեծ է, քան ներկայացվում է միջին գնաճի տեսքով։ Բավական է նշել միայն սննդամթերքի շուկայի գնաճը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպիսին է գնաճի իրական ազդեցությունը մարդկանց վրա։
Սննդամթերքի 12-ամսյա գնաճն անցած տարվա դեկտեմբերին կազմեց գրեթե 13 տոկոս։ Ոչ մի կասկած չկա, որ առնվազն այդքան կլինի նաև այս տարի։ 2020թ. վերջին էլ սննդամթերքի 12-ամսյա գնաճը 5 տոկոսի սահմաններում էր։
Եթե այս բոլոր համադրենք, ապա սննդամթերքի համախառն գնաճը մեր երկրում կանցնի 30 տոկոսից։ Ու այդ պայմաններում նվազագույն աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսով կամ 7 հազար դրամով։
7000 դրամով անհնարին կլինի փակել այն լրացուցիչ ծախսերը, որոնք առաջացել են արձանագրվող բարձր գնաճի հետևանքով՝ նվազագույն աշխատավարձով աշխատող ու ապրող քաղաքացիների մոտ։ Իսկ այդպիսի աշխատող քաղաքացիների թիվը մեր երկրում չափազանց շատ է։
Դատելով կառավարության ներկայացրած հաշվարկներից, պետական հատվածում այսօր նվազագույն աշխատավարձ է ստանում գրեթե 77,5 հազար մարդ։ Սա կազմում է պետական հատվածում զբաղվածների 28,7 տոկոսը։
Նվազագույն աշխատավարձ ստացողների քանակը շատ ավելի մեծ է մասնավորում։ Այստեղ զբաղվածների գրեթե ամեն երրորդն այսօր ստանում է նվազագույն աշխատավարձ։ Խոսքը 209,7 հազար քաղաքացու մասին է։
Ստացվում է, որ այսօր մեր երկրում 287 հազարից ավելի աշխատող քաղաքացիներ ստանում են նվազագույն աշխատավարձ։ Սա աշխատողների 43 տոկոսից ավելին է։
Ահա վարձատրության այսպիսի խղճուկ պատկեր ունենք մեր երկրում։ Ինչքան էլ իշխանությունները փորձեն հպարտանալ միջին աշխատավարձերի երկնիշ աճերով, այս իրականությունից չեն կարող փախչել։
Այսօր մեր հասարակության մեջ քիչ չեն աշխատող աղքատները։ Նույնիսկ նվազագույն աշխատավարձի սպասվող այս բարձրացումից հետո, այդ մարդկանց սոցիալական վիճակը չի լավանա։ Նրանք կշարունակեն ավելի վատ ապրել, քան ապրում էին, ասենք՝ 2020թ.։ Այսպիսի քայլերով անհնարին է հասնել երկրում սոցիալական իրավիճակի բարելավման։ Հիմնավորումները, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը կկրճատի մեր երկրում աղքատությունն ու կնպաստի մարդկանց բարեկեցության բարձրացմանը, խաբկանք են։ Նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացնելը չի ծածկի այն հավելյալ ծախսերը, որոնք առաջացել են վերջին տարիներին բարձր գնաճի հետևանքով։
Այստեղ անհրաժեշտ են շատ ավելի ռադիկալ վերանայումներ, որպեսզի մարդիկ զգան դրանց ազդեցությունն իրենց իրական եկամուտների ու սոցիալական իրավիճակի վրա։ Այն, որ կառավարությունն իր գործունեության ծրագրով նախատեսել է մինչև 2026թ. նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ և առաջնորդվում է դրանով, արդարացում չէ։ Կառավարությունն իր գործունեության ծրագրով չի նախատեսել, որ գնաճը մեր երկրում կրկնակի ավելի բարձր պիտի լիներ, քան ակնկալվում էր։ Բայց սա այն է, ինչ իշխանություններն առաջարկում են այն 287 քաղաքացիներին, ովքեր ստանում են նվազագույն աշխատավարձ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ