Ի՞նչն է խանգարում, որ պետությունը զբոսաշրջությունից ստացված միջոցների միայն 1 տոկոսը ներդնի զբոսաշրջության ոլորտում. Մեխակ Ապրեսյան
«Զբոսաշրջության ոլորտը՝ սկսած 2020 թվականից, կանգնեց գլոբալ մարտահրավերների առջև: Սկզբում կորոնավիրուսն աշխարհով մեկ կանգնեցրեց զբոսաշրջությունը, ապա երկրորդ, ոչ պակաս ծանր հարված ոլորտին հասցրեց 44-օրյա պատերազմը: Ապա նոր խնդիրներ եղան՝ աշխարհում նոր զարգացումների, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի հետ կապված: Դրամի խիստ արժևորումը դոլարի և եվրոյի նկատմամբ նույնպես մարտահրավեր է զբոսաշրջության ոլորտի համար: Հայ-ադրբեջանական սահմանին վերջին պատերազմը, Ադրբեջանի կողմից այդ հանցավոր ագրեսիան ևս խնդիրներ է առաջացրել զբոսաշրջության համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Նա նշեց՝ կարևոր է թույլ չտալ, որպեսզի զբոսաշրջության ոլորտը փլուզվի, որովհետև դա այն հզոր, կարող ուժն է, որ ի վիճակի է իր հետևից տանել տնտեսությունը, էապես նպաստել տնտեսական վերականգնմանը, մշակութային, սոցիալական, նույնիսկ քաղաքական խնդիրների լուծմանը:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի փոխանցմամբ՝ 588.000-ից ավելի ունեցել ենք ներգնա զբոսաշրջային այցելություններ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում, որը 2.4 անգամ ավելի է, քանի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, սակայն, ցավոք, զգալիորեն հեռու է 2019 թվականի ցուցանիշից, որը եղել է 770.000:
Հարցին՝ ՌԴ-ում զորահավաքի հայտարարությունից հետո թանկացան ավիատոմսերի գները, սա կարո՞ղ է բացասական ազդեցություն ունենալ աշնանը նախատեսվող զբոսաշրջային հոսքի վրա, Մեխակ Ապրեսյանը պատասխանեց.
«Մինչև նոյեմբերի կեսը ՀՀ զբոսաշրջության համար ակտիվ սեզոն է: Թվում է, թե այսպես մեծ հոսք կա Ռուսաստանից, բայց այո, դասական իմաստով համարվում են զբոսաշրջիկ, օգտվում են որոշ ծառայություններից, դրական ազդեցություն ՀՀ տնտեսության վրա ըստ էության ունենում են, բայց եթե ավելի խորը վերլուծենք իրավիճակը՝ կտեսնենք, որ կայուն զարգացման տեսանկյունից սա այնքան էլ դրական ազդեցություն չի ունենում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վրա, որովհետև տոմսերի թանկացման պատճառով չեն գալիս արդեն այն անձինք, ովքեր զբոսաշրջային նպատակով պետք է այցելեին Հայաստան, տարբեր մարզեր:
Չի լինում նաև նրանց շփումը մեր մշակութային ժառանգության, պատմության, ավանդույթների, սովորույթների հետ: Եթե 5000 դոլարի է հասել տոմսը և նույնիսկ գերազանցել, այն անձը, ով պլանավորել էր այցելել՝ այդ գնի տոմս չի գնի»:
Նա շեշտեց՝ Ջերմուկը, որը զբոսաշրջային կենտրոններից է, այսօր շատ ծանր կացության առջև է, զբոսաշրջային այցելություններ չկան՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով:
Ջերմուկի առողջարանները, զբոսաշրջային ծառայություն մատուցող այլ հաստատություններ այսօր չեն գործում: Ընկերությունները կանգնած են խնդրի առջև, կարող են կորցնել աշխատատեղերը: Դրա համար, ըստ բանախոսի, կարևոր է միջոցառումներ մշակել՝ այդ ամենը պահպանելու համար:
168.am-ի հարցին՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ մեր երկիր այցելող զբոսաշրջիկը շատ տպավորված է հեռանում, բայց խնդիրն այն է, որ մենք պետք է ուղղենք այդ զբոսաշրջիկին մեր երկիր, ու ամենամեծ բացը դրսում արվող Հայաստանի գովազդն է։ Հայաստանը լավ չի ներկայացվում աշխարհին՝ գովազդը թույլ է, մինչդեռ հարևան Վրաստանը դրա վրա ահռելի միջոցներ է ծախսում։
Ի՞նչ է արվում այս առումով, Մեխակ Ապրեսյանն արձագանքեց.
«Այո, Հայաստանից զբոսաշրջիկները միշտ շատ տպավորված են վերադառնում, ես կասեի՝ իրենց սպասումները գերազանցած, և դա նաև կարևոր մարքետինգային նշանակություն է ունեցել, որովհետև այսպիսի մի բան կա. մեկ գոհ զբոսաշրջիկ նշանակում է, որ նրա տասնյակ բարեկամներ, ընկերներ, հարևաններ շատ լավ պատկերացում են ունենում քո երկրի մասին, ցանկություն են ունենում այցելել քո երկիր: Եվ հակառակը, մեկ դժգոհ զբոսաշրջիկ նշանակում է՝ նրա 100-ավոր ծանոթների վատ պատկերացումը քո երկրի մասին:
Սակայն, այո, առնվազն բավարար միջոցներ պետք է տրամադրենք համաշխարհային շուկայում Հայաստանի պատշաճ ներկայացմանը, գովազդին, ինչը, ցավոք, դեռևս չունենք: Հնարավորության սահմանում Զբոսաշրջության կոմիտեն, մասնավոր հատվածն ամեն ինչ անում է՝ Հայաստանը պատշաճ ներկայացնելու համար: Պարզապես միջոցները բավարար չեն:
Ցավոք, մասնավոր հատվածի ներդրումները մի քանի անգամ գերազանցում են երկրի գովազդի համար պետական միջոցներին: Հույս ունենք, կգա մի օր, որ նաև պետական մակարդակով կգիտակցենք զբոսաշրջության դերն ու նշանակությունը և կգիտակցենք, որ միջոցները, որ տրվելու են զբոսաշրջության ոլորտին, ոչ թե պարզապես ծախս են, այլ ներդրում մեր կայուն տնտեսական զարգացման ապահովման համար, մշակութային, սոցիալական, քաղաքական հարցերի լուծման առումով: Ու ավելի շատ միջոցներ կտրամադրենք զբոսաշրջությանը:
Օրինակ, 2019թ. ունեցել ենք շուրջ 1.9 միլիոն ներգնա զբոսաշրջային այցելություն, ինչը նշանակում է, որ միայն ներգնա զբոսաշրջությունն ապահովել է առնվազն 1.5 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք համախառն եկամուտ, առնվազն 300 մլն դոլարի պետական բյուջեի մուտք: Ի՞նչն է խանգարում, որ պետությունը զբոսաշրջությունից ստացված միջոցների միայն 1 տոկոսը ներդնի զբոսաշրջության ոլորտում: Դա ընդամենը 3 միլիոն դոլար է անում՝ համոզված լինելով, որ դա բազմապատիկ էֆեկտ կունենա թե՛ զբոսաշրջության ոլորտի զարգացման, թե՛ տնտեսական զարգացմանը նպաստելու առումով»:
Մեր հաջորդ հարցին՝ Հայաստանի քաղաքացիները որքան էլ ուզեն՝ չեն կարողանում սեփական երկրում հանգիստն անցկացնել՝ բարձր գների պատճառով․ խոսքը թե՛ հյուրանոցի, թե՛ սնունդի մասին է։ Արդյունքում՝ նախընտրում են Վրաստանը, ինչո՞ւ տարիներով այս հարցը չի կարգավորվում, նա պատասխանեց.
«Տարիներով այս հարցը բարձրացվում է, տարիներով ես այս տեսակետի հետ համաձայն չեմ եղել և հիմա էլ համաձայն չեմ: Ցավոք, միշտ համեմատում ենք անհամեմատելի մեծություններ: Երևանը համեմատում ենք, ասենք, Քոբուլեթիի հետ: Կրկնակի սխալ ենք անում, որ, օրինակ, Երևանի բարձրակարգ հյուրանոցները կարող ենք համեմատել Քոբուլեթիի վարձով տների հետ, որոնց սանհանգույցը բնակարանից հեռու է:
Սիրում ենք համեմատել նաև Ծաղկաձորը, նույնիսկ «Ծախսաձոր» ենք ասում, Դիլիջանը, ու նշում ենք, որ ավելի թանկ են, քան Վրաստանը: Նորից համեմատում են Քոբուլեթի, Բաթում ծովային հանգստավայրերի հետ: Որպեսզի ավելի օբյեկտիվ կարողանանք իրավիճակը գնահատել՝ առաջարկում եմ booking.com-ով համեմատենք. վերցնենք Ծաղկաձորը և նրան համարժեք, օրինակ, Գուդաուրին: Կտեսնեք, որ մեր գները բավականին մրցունակ են, նույնիսկ Ծաղկաձորի հյուրանոցների համարժեքը չկա Գուդաուրիում կամ Բակուրիանիում»: