Էջմիածնի մշակույթի պալատի տնօրենի մրցույթի հետքերով. նորանշանակ տնօրենն ավագանու ՔՊ-ական անդամի հարսն է

168.am-ն օրերս անդրադարձել էր Վաղարշապատ խոշորացված համայնքի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Ալվինա Համբարձումյանի ահազանգին, ըստ որի՝ սեպտեմբերի 23-ին կայացել է ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթը, որն անցել է աղաղակող խախտումներով:

«Հաղթող ճանաչվեցինք ես և իմ նախկին տեղակալ Հասմիկ Ադամյանը: Այն, որ Հասմիկ Ադամյանն իրավունք չուներ մասնակցելու, ես բարձրաձայնեցի մրցույթից հետո. Հասմիկը չուներ համապատասխան բնագավառի 3 տարվա մասնագիտական ստաժ: Ուրբաթ օրը համայնքապետին ներկայացրի հարցը, չորեքշաբթի օրը համայնքապետը պատասխանեց, որ՝ այո՛, Հասմիկը չունի համապատասխան ոլորտի 3 տարվա մասնագիտական ստաժ, նա ունի 25 ամիս տեղակալի պաշտոնը զբաղեցնելու ստաժ: Բայց, պատկերացնո՞ւմ եք՝ նա ունի 10 և ավելի տարի օտար լեզուների դասավանդման փորձ, որը, ըստ նրա, միացնում ենք ու դարձնում ենք 3 տարվա մասնագիտական ստաժ. մրցույթի կոպիտ խախտում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր Ալվինա Համբարձումյանը՝ Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանին տեղեկացնելով, որ նա չի մարսելու «անօրինականությունը»:

Մեզ հետ զրույցում արդեն ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը նշեց, թե զարմացել է, երբ նախկին տեղակալին տեսել է մրցույթում, քանի որ գիտեր՝ Հասմիկ Ադամյանը չունի համապատասխան բնագավառի՝ առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ:

«Քանի որ մրցույթի հանձնաժողովը նայում էր մեր թղթերը, ինձ թվում էր՝ որևէ մեկը կբարձրաձայնի այդ խնդրի մասին, բայց, փաստորեն, որևէ մեկը չբարձրաձայնեց: Ու ես շփոթմունքի մեջ էի ու չգիտեի՝ բարձրաձայնե՞լն էր ճիշտ, թե՞ չբարձրաձայնելը: Բայց քանի որ օրենքն անգամ երկու հաղթողի դեպքում առավելություն է տալիս այն անձին, որն այդ ոլորտում ունի ավելի շատ փորձ, մասնագիտական փորձառություն և այլն, ինձ վրա վստահ էի:

Մրցույթից հետո ասում են՝ երկուսդ էլ հաղթել եք, և համայնքի ղեկավարը պետք է որոշում կայացնի: Դրանից առաջ արդեն ինձ խոսակցություններ էին հասել, թե համայնքի ղեկավարն ասել է՝ «ինքը չի՞ հասկանում, որ ես իր հետ չեմ ուզում աշխատել. ինչ էլ անի, որտեղ էլ բողոքի, ինքը չի անցնելու»:

Բայց բանավոր փուլը փայլուն անցել էի (իսկ մրցույթներում հիմնականում կտրվում են հենց բանավոր փուլում), ու այդ խոսակցություններին որևէ նշանակություն չէի տալիս: Փաստորեն ամսի 29-ին հասկացա, որ այդ խոսակցություններին նշանակություն տալ պետք էր, որովհետև ամենաթողության և օրինազանցության պայմաններում Հասմիկ Ադամյանը նշանակվեց ՀՈԱԿ-ի տնօրեն»,- պատմեց Ալվինա Համբարձումյանը:

Այս ահազանգից զատ՝ 168.am-ին տեղեկություններ էին հասել, որ մշակույթի պալատի նորընտիր տնօրեն Հասմիկ Ադամյանը ոչ ավել, ոչ պակաս՝ Էջմիածնի համայնքապետարանի իշխող՝ ՔՊ թիմի ավագանու անդամ, գեղանկարիչ Ներսես Մելիքյանի հարսն է: Ներսես Մելիքյանին հավանաբար շատերը կհիշեն Էջմիածնի շենքերից մեկի քննարկված ու քննադատված փայտե պատշգամբների տեղադրման օրերից. նա էր այդ մտահղացման ու աշխատանքի հեղինակը:

Այս և այլ հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով դիմեցինք Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանի մամուլի խոսնակ Սիրանուշ Գևորգյանին:

Մենք մասնավորապես հետաքրքրվել էինք՝ արդյոք Հասմիկ Ադամյանն ունի՞ պաշտոնի անձնագրին համապատասխան մասնագիտական ստաժ՝ խնդրելով նշել, թե քանի՞ տարվա մասնագիտական ստաժ ունի նա, ի՞նչ հիմնավորմամբ է երկու հաղթող մասնակիցների միջև նախապատվությունը տրվել Հասմիկ Ադամյանին, և արդյո՞ք Ներսես Մելիքյանի հետ բարեկամական կապը դերակատարում ունեցել է Հասմիկ Ադամյանին տնօրենի պաշտոնին նշանակելու հարցում:

Էջմիածնի համայնքի ղեկավարի մամուլի խոսնակն ի պատասխան՝ տեղեկացրել է. «Հասմիկ Ադամյանն ունի 12 տարվա ՀՀ ԳԱԱ անգլերենի դասախոսի աշխատանքային փորձ և առավել քան 2 տարվա աշխատանքային փորձ Կոմիտասի անվան մշակույթի պալատում՝ նախ՝ որպես ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ, իսկ հունիս ամսից՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Հասմիկ Ադամյանը մասնակցել է մրցույթին, քանի որ համապատասխանել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26.03.2020 02-Ն հրամանի կարգի 3-րդ կետի պահանջներին, ուստի պնդումները նրա՝ մասնագիտական աշխատանքային ստաժի վերաբերյալ անհիմն են։

Ինչ վերաբերում է համայնքի ղեկավարի կողմից տնօրենի նշանակմանը, ապա պետք է փաստել, որ վերոնշալ կարգի 72-րդ կետի պահանջներով՝ հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի ընտրությունը համայնքի ղեկավարի բացառիկ լիազորությունն է, որի համար հիմք կարող են հանդիսանալ նաև նույն կարգի 4-րդ կետի պահանջները։

Միաժամանակ փաստում ենք, որ Հասմիկ Ադամյանի նշանակումը տվյալ պաշտոնին ազգակցական որևէ հիմքով պայմանավորված չէ, հետևաբար, ինչպես աշխատակազմի, այնպես էլ մրցութային հանձնաժողովի իրավասությունների ստուգման առարկա չի հանդիսանում վերջինիս ազգակցական կապն ավագանու որևէ անդամի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս