«Եթե հիմա մեր հայրենիքից գնանք, էլ չենք վերադառնալու, դա պետք է գիտակցենք». Հայկ Շեկյան

«Shtigen Group»-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը կարծում է, որ բիզնես կազմակերպությունների ղեկավարները պետք է գիտակցեն, որ պատասխանատու են ոչ միայն աշխատակիցների, նրանց ընտանիքների, զորակոչվող, չզորակոչվող, պաշտպանություն և թիկունք ապահովող մարդկանց համար:

«Շատերն են ընկճված, հատկապես կանանց համար շատ դժվար է կենտրոնանալ աշխատանքի վրա, քանի որ մեկը զավակ ունի բանակում, մեկն անհանգիստ է, մյուսի համայնքից զոհ կա, և այլն: Մեր կազմակերպության օրինակով ասեմ՝ երկար քննարկումներից հետո հասկացանք, որ պետք է խոսել իրար հետ, քննարկել, կիսվել, որովհետև եթե դա բացակայում է, մարդիկ մեկուսանում են, և ամեն մեկն իր վախերով ավելի վատ իրավիճակ է պատկերացնում, քան իրականում կարող է լինել: Առաջին բանը, որ արեցինք, մի մեծ կոնֆերանս-զանգ կազմակերպեցինք ողջ Հայաստանով մեկ մեր աշխատակիցների համար և մի կարևոր ուղերձ տվեցինք, որ՝ դուք մենակ չեք, որևէ մեկը, եթե որևէ խնդիր ունի, անպայման պետք է գա՝ խոսի: Դրանից հետո շփումն ավելի հանգիստ ու գործնական դարձավ: Այդ փոքր բանով մենք հասանք շատ ավելի լավ բիզնես ցուցանիշների:

Էլ չեմ խոսում այն մասին, որ մարդկանց ընտանիքներում էլ շատ ավելի հանգիստ իրավիճակ ստեղծվեց՝ վախերը որոշակի պատասխաններ ստացան: Բացի հոգեբանական պահից, մենք հասկացանք, որ այնուամենայնիվ, հին ու մոռացված քաղպաշտպանություն եզրույթը նյութական բան է, մոռացված չէ: Մենք ստիպեցինք մեր համայնքապետարանին, որ իմանանք, թե որտեղ են մեր ապաստարանները: Եվ մեր գրասենյակի տասնյակ աշխատակիցները գիտեն, որ եթե ինչ-որ մի բան պատահի, ուր պետք է գնան: Սկսեցինք նաև քաղպաշտպանության դասընթացներ, մարդիկ էլ ավելի հանգիստ վիճակում հայտնվեցին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ պետք է սովորել արտակարգ իրավիճակում կանոնավոր աշխատել և զարգանալ:

Ինչ վերաբերում է բիզնեսի հնարավոր արտահոսքին, նա նկատեց՝ բարդ իրավիճակում միշտ էլ լինում են մտքեր, որ միգուցե այստեղ հնարավոր չի լինելու գործունեություն շարունակել, միգուցե պետք է այլ տեղում արմատ գցել. «Ես էլ եմ մտածել, չեմ թաքցնում, բայց ես եկել եմ այն եզրակացության, որ ինձ համար աշխարհի կենտրոնն այստեղ է: Ես աշխատելու եմ այստեղ ցանկացած գնով, բայց նաև հասկացել եմ, որ դա բավարար չէ: Մենք պետք է այստեղից աշխատենք աշխարհի հետ, այստեղ պետք է լինենք, այստեղ պետք է ապահովենք մեր կանոնավոր աշխատանքը՝ հասկանալով, որ մեզ հարվածելու են, ամեն ինչ կարող է լինել, բայց այստեղից փախչելով՝ հետ չենք գալու: Ես կարող եմ տարբեր օրինակներ բերել՝ Արծվաշենի տեղահանությունը, Արևմտյան Հայաստանի տեղահանությունը, երբ մարդիկ մտածում էին, որ հետ են դառնալու: Ո՛չ, եթե գնանք, չենք վերադառնալու, դա պետք է գիտակցենք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս