«Խաղաղության հեռանկարները գնալով ավելի աղոտ են դառնում». ICG-ն հայ-ադրբեջանական վերջին պատերազմի մասին հոդված է պատրաստել

«Ադրբեջանն օգտվել է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից, որը շեղել է ոչ միայն Մոսկվային, այլև Փարիզին և Վաշինգտոնին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, որոնք մինչև վերջերս խաղաղության բանակցությունների հիմնական հովանավորն էին»,- անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան լայնածավալ ագրեսիային՝ վերջին հոդվածում գրում է Միջազգային ճգնաժամային խումբը:

Ըստ ICG վերլուծաբանների, այս տեսությունը, որը շատերն են կիսում Երևանում, պնդում է, որ մինչ համանախագահներն այլ «կողմ են նայում», Բաքուն օգտագործել է պահը՝ բարելավելու ռազմավարական քարտեզը հօգուտ իրեն և ավելի լավ դիրքավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: «Համապատասխան այս պատկերացմանը՝ ադրբեջանական լրատվամիջոցները, այդ թվում՝ կառավարությանը մոտ կանգնածները, ինչպես նաև ադրբեջանցի պատգամավորը, կոչ են արել Ադրբեջանին վերահսկողության տակ առնել Հայաստանի հետ սահմանի երկայնքով ավելի շատ տարածքներ: Ոմանք սա որակում են՝ որպես պաշտպանողական, իսկ ոմանք էլ՝ թվում է, որ դա համարում են լրացուցիչ լծակ Հայաստանի հետ բանակցությունների համար»,- նշվում է հոդվածում:

Երկրորդը, ըստ վերլուծաբանների, այն է, որ Ադրբեջանը շտապում է. Բաքվի իշխանամետ վերլուծաբանը ենթադրում է, որ Ալիևը ցանկանում է խաղաղ համաձայնագիր կնքել առաջիկա երկու-երեք ամսում, պատճառներից մեկը կարող է լինել այն, որ նա սպասում է 2023 թվականի հունիսին կայանալիք Թուրքիայի ընտրություններին և անհանգստացած է, որ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, որը Բաքվի հավատարիմ աջակիցն է, կարող է թուլանալ՝ այդպիսով խաթարելով Անկարայի աջակցությունը Ադրբեջանին բանակցություններում:

«Թուրքիայի ցանկացած կառավարություն կաջակցի Ադրբեջանին, բայց ոչ բոլոր կառավարությունները կպաշտպանեն Ադրբեջանի շահերը Ռուսաստանից, ինչպես դա անում է Էրդողանը, և անկախ կլինի Արևմուտքի նկատմամբ»,- նման կարծիք է հայտնել ՄՃԽ-ին Բաքվի կառավարամետ վերլուծաբանը:

Կարդացեք նաև

«Երրորդ՝ Երևանում ոմանք սրումը կապում են Ադրբեջանի ցանկության հետ՝ ապահովելու ռուս սահմանապահների կողմից վերահսկվող հատուկ ցամաքային միջանցք Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան: Ռուսաստանի միջնորդությամբ կնքված զինադադարը, որն ավարտեց մարտերը 2020 թվականին, կոչ էր անում բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր տրանսպորտային ուղիները, ներառյալ այն ճանապարհները, որոնք Ադրբեջանը կապում են Նախիջևանի հետ:

Ըստ բանակցություններին ծանոթ արևմտյան դիվանագետների, կողմերի երկու առաջնորդները 2022 թվականի գարնանը մոտ էին երթուղիների շուրջ համաձայնության հասնելուն: Սակայն այս հարցում բեկումնային այն հույսերը, որը դիվանագետները համարում էին ամենահեշտ լուծումներից մեկը՝ դրանում ընդհանուր տնտեսական բաժնեմասի պատճառով, մարեցին օգոստոսի 31-ի գագաթնաժողովում:

Համագործակցաբար առաջ չընթանալու պատճառներից մեկն էլ այն է, որ Բաքուն նպատակադրվել է հասնել վերջնական համապարփակ խաղաղ կարգավորման, ինչը նշանակում է, որ նա ավելի քիչ է շահագրգռված լուծել առանձին երկկողմանի խնդիրները նման գործարքից առաջ, նույնիսկ, եթե համաձայնությունը կարող է ավելի հեշտ լինել: Միգուցե Ադրբեջանում հավատում են, որ մյուս խնդիրները չլուծված պահելն ամեն ինչի շուրջ գործարքի հասնելն ավելի հրատապ է դարձնում: Միևնույն ժամանակ, այն չի հրաժարվել այդ նույն նպատակներին ուժով հասնելու մտադրությունից: Սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցիչը նախազգուշացրել է ադրբեջանական հարձակման մասին, որը, ըստ նրա, ուղղված է Նախիջևան տանող միջանցքի համար բավականաչափ տարածք գրավելուն:

Վերջապես, Բաքվում ոմանք ասում են, որ Ադրբեջանը ցանկանում է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ վերադարձնելու վերահսկողությունը Հայաստանի կողմից վերահսկվող ութ գյուղերի նկատմամբ»,- ասված է հոդվածում:

Ըստ հոդվածագրի, խաղաղության հեռանկարները գնալով ավելի աղոտ են դառնում, երկու կողմերի միջև ուժային տարբերությունը, ըստ երևույթին, գնալով ընդլայնվում է, ինչը կարող է ավելի մեծ պայքարի հիմք հանդիսանալ, եթե Բաքուն որոշի օգտագործել իր առավելությունը:

«Ինչպես և մյուս վերջին էսկալացիոն ցիկլերում, Ադրբեջանը դուրս եկավ վերջին ռազմական գործողություններից՝ ուժեղացնելով իր դիրքերը և ցույց տալով իր գերակայությունը մարտադաշտում: Այն նաև աշխարհաքաղաքական առումով ամուր դիրքերում է, քանի որ եվրոպական տերությունները ձգտում են էներգակիրների արտահանմանը, որը նա կարող է առաջարկել ռուսական գազի անջատումների ֆոնին, և Հայաստանի գլխավոր պաշտպանը՝ Ռուսաստանը, պայքարում է իր իսկ նախաձեռնած ուկրաինական հակամարտության համար»,- ասված է հոդվածում:

Տեսանյութեր

Լրահոս