«Չորս կողմից մենակ քերելու մասին են մտածում»․ վարորդների կատարած խախտումների, տուգանային միավորների վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցվի ԱՊՊԱ-ին
Կենտրոնական բանկը «ՀՀ կառավարության 2011 թ․ հունվարի 13-ի N 15-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել, որի համաձայն՝ նախատեսվող փոփոխությունների ընդունման արդյունքում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգին կփոխանցվի վարորդների կողմից որոշակի տրանսպորտային միջոցներով կատարվող ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և (կամ) այդպիսի խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն նրանց տրվող տուգանային միավորների վերաբերյալ տեղեկատվությունը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի՝ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից առնվազն տարին մեկ սահմանվում են հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաև ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները և Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունները: Օրենքով Բոնուս-Մալուսը սահմանվում է որպես ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ, որի համար հիմք է ընդունվում ապահովագրական և (կամ) վարորդական պատմությունը։
ԱՊՊԱ համակարգի ներդրման պահից սկսած՝ ապահովագրավճարների հաշվարկման մեթոդաբանության հիմքում դրվել է ապահովադիրների կամ ապահովագրված անձանց միայն ապահովագրական պատմությունը՝ մասնավորապես ապահովադրի պայմանագրի շրջանակներում երրորդ անձանց պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ որոշումների առկայությունը, քանակը, իսկ վերջին շրջանում՝ նաև հատուցվող գումարի չափը։
Սակայն սկսած 2023 թվականից՝ Բյուրոն ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող պատահարների կանխմանն ուղղված միջոցառումների շրջանակներում, ի թիվս այլոց, նախատեսում է նաև առավել սերտ կապ ստեղծել ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից վճարվող ապահովագրավճարների չափի և նրանց կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում դրսևորվող կարգապահության միջև։
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել Բոնուս-Մալուս համակարգի հիմքում մինչ այժմ դրված վերոհիշյալ մոտեցումը և դրանում հաշվի առնել նաև ապահովադիրների վարորդական պատմությունը, այսինքն՝ նրանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ կատարված վարչական իրավախախտումների քանակը և (կամ) դրանց համար համապատասխան վարորդներից հանված միավորների (բալերի) քանակը։ Այդպիսի մոտեցումը էլ ավելի կմեծացնի վարորդներին տրվող միավորների (բալերի) կարևորությունը՝ նպաստելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նվազեցմանը, որն էլ իր հերթին՝ խթան կհանդիսանա պատահարների կանխարգելմանը։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի տեղեկատվական և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակման» կարգի ներկա խմբագրության համաձայն՝ Կարգի կիրառումն ապահովում է ոստիկանության ՏՓՀ-ից վարչական իրավախախտումների մասին տեղեկատվության փոխանցումը ԱՊՊԱ ՏՀ՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված Բոնուս-Մալուս գործակիցների հաշվարկման նպատակով:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի նախաձեռնությամբ։
Վարորդները, սակայն, դժվարանում են հասկանալ նախագծի կարևորությունը: Նրանց կարծիքով, սա պարզապես լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու:
Ավելին, կարծում են, որ կատարված խախտման համար չի կարելի կրկնակի պատժել:
«Օրինակ, անուշադրության հետևանքով դատարկ փողոցում գիծ հատելու համար հանված բալն ի՞նչ կապ կարող է ունենալ ԱՊՊԱ-ի հետ։ 4 կողմից մենակ քերելու մասին են մտածում։ Եվ հետո, վթար էլ լինում է՝ ժամերով սպասում ես՝ ԱՊՊԱ չկա, ամբողջ օրդ կորում է։ Ինչ վերաբերում է գումարին՝ մինչև տալիս են՝ մի քանի ամիս տևում է»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:
Մյուսն էլ հետաքրքրվեց՝ փոփոխության արդյունքում խախտման համար պետք է վարորդը վճարի, բացի դա՝ Մալուսն էլ է բարձրանալո՞ւ:
«Այս ձևով առկա խնդիրը լուծելու փորձերը գուցե հակառակ էֆեկտն ունենան. Օրինակ, շատերը կեղծ համարներով կվարեն: Եթե մի քանի խախտում է կատարել վարորդը, գուցե այս փոփոխությունը պետք է, բայց եթե մենակ արագությունն է գերազանցել, կարծում եմ՝ ճիշտ չէ և՛ տուգանելը, և՛ ԱՊՊԱ-ի թանկացումը»,- նշեց վարորդը:
Վարորդներից մի քանիսի կարծիքով էլ՝ նախագիծն օգուտ կտա, խախտումները կքչանան, քանի որ վարորդներն ավելի ուշադիր կվարեն, որ ԱՊՊԱ-ն չթանկանա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ փոփոխություն է կատարվել ԱՊՊԱ պայմանագրի հետ կապված իրավախախտումների համար նախատեսված տուգանքների չափերում։ Որոշ դեպքերում տուգանքները նվազեցվել են։
Օրենքը՝ փոփոխված և լրացված տարբերակով, ուժի մեջ է մտել հուլիսի 29-ին։ Փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան 10 օր` առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր 10 օրվա համար` 5000 դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 50․000 դրամը (նախկինում՝ 100․000 դրամ)։
Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100․000 դրամի չափով։
ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով ՀՀ տարածք ներմուծումը թույլատրելը, եթե ԱՊՊԱ պայմանագիր ունենալը տրանսպորտային միջոցը վարելու միջոցով ՀՀ տարածք ներմուծումը թույլատրելու` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պայման է` առաջացնում է տուգանքի նշանակում` համապատասխան պաշտոնատար անձի նկատմամբ` 500․000 դրամի չափով:
Եթե 2-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերվելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմին (պաշտոնատար անձին) է ներկայացնում համապատասխան ապացույց (ներկայացնում է տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա ընթացքում ուժի մեջ մտնող պայմանագիր): Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է իրավախախտումը կատարած անձին: