Իրանը կոնկրետ քայլերի է անցնում
Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքեր ծավալելու կոնկրետ առաջարկներով է հանդես գալիս: Օրերս Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակում ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և խոսել հարավկովկասյան տարածաշրջանում փոփոխությունների մասին որոշ տեղեկությունների և ապացույցների մասին՝ վերահաստատելով Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը՝ բացահայտ և վճռական ընդդիմանալով տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի և սահմանների ցանկացած փոփոխության։
Նա նաև հավելել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների հետ՝ օգնելու նրանց՝ որպես հակամարտող կողմերի՝ լուծելու իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով։
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին էլ ասել էր, որ Թեհրանը պատրաստ է Բաքվի և Երևանի երկխոսության հարթակ դառնալ։
«Իրանը պատրաստ է օգնել իր հյուսիսային հարևաններին՝ Ադրբեջանին և Հայաստանին՝ հասնելու կայուն խաղաղության Թեհրանում՝ երկկողմ և եռակողմ հանդիպումների և 3+3 տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում»,- ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ ասել է դեսպանը՝ Ադրբեջանի փոխնախագահ Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպմանը։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններում վերջին իրադարձությունները, իրավիճակը Կովկասում և տարածաշրջանի հետ կապված Իրանի սկզբունքային դիրքորոշումը։
Ըստ հաղորդագության՝ դեսպանը հաստատել է Իրանի դիրքորոշումը միջազգային սահմաններն անփոփոխ մնալու հարցում և հայտարարել, որ «որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն չպետք է լինի, ինչն անհամատեղելի կլինի տարածաշրջանում Իրանի կենսական կարևոր և երկարաժամկետ շահերի հետ»։
Ուշագրավ է, թե ինչպես են արձագանքելու Թեհրանի այս առաջարկին Երևանն ու Բաքուն: Բաքուն չի թաքցնում, որ ամենևին ոգևորված չէ Իրանի ակտիվությունից ռեգիոնում և հատկապես հայ-իրանական սահմանի անփոփոխության վերաբերյալ Իրանից ամենօրյա ռեժիմով հնչող գնահատականները մեդիաիրարանցում են առաջացնում Ադրբեջանում, որի հետևանքով ավանդական հակաիրանական տրամադրություններն Ադրբեջանում խորացել են:
Ինչ վերաբերում է Երևանին, ապա հատկապես Սյունիքի շուրջ ներկայումս առկա անվտանգային իրավիճակի կարգավորման գործընթացում Թեհրանի ներգրավումը կենսական նշանակության հարց է հատկապես Հայաստանի Հանրապետության համար, որի վերջին օրերի ինտենսիվ արևմտյան ռևերանսները կարող են խափանել Թեհրանի նախաձեռնությունները:
Սակայն պետք է արձանագրել, որ Իրանի «ծառայություններից» հրաժարվելը բարդ է լինելու թե ՀՀ-ի, թե Ադրբեջանի համար, քանի որ Իրանը Հարավային Կովկասում փորձում է «վերադառնալ» իր պատմական ազդեցությանը: