«Եթե իշխանության կողմից զինվորի կյանքն արժևորվեր՝ երկու տարվա ընթացքում բոլոր հնարավորությունները կօգտագործեին՝ զինվորի տարրական կարիքներն ապահովելու համար». Աննա Կոստանյան

ԱԺ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանի խոսքով՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով պետք չէ եզրահանգում անել, քանի որ տարիներ շարունակ հայտնի է, թե մարդիկ ինչով են առաջնորդվել։ Ընտրություն կատարելիս առաջնորդվել են հարևան, բարեկամ, ընկեր, ծանոթ, հարազատ կոնցեպտով։

«Այսինքն՝ այստեղ մի քանի գործոն է աշխատել, չեմ կարծում, որ, օրինակ, Սիսիան համայնքում բնակվող քաղաքացիները համաձայն են այն իրավիճակի հետ, ինչ կատարվում է Սիսիանում կամ, ենթադրենք, Իշխանասարում։

Բայց այստեղ կարող է, որպես առանձին բացթողում՝ լինել ընդդիմության աշխատանքը, գուցե լավ աշխատանք չի տարվել։ Չմոռանանք, թե ինչ իրավիճակ էր, վերջին մեկ ամսվա ընթացքում՝ սահմանային լարված իրավիճակ, հարձակում և այլն։ Եվ ընդդիմությունը, որն առաջադրել է թեկնածուներ, գուցե պատշաճ քարոզարշավ չի կարողացել իրականացնել հասարակության շրջանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աննա Կոստանյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 25-ին հանրապետության մեկ տասնյակից ավելի  համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, մասնավորապես՝ այն հանգամանքին, որ մի քանի վայրերում ՔՊ-ն նախնական տվյալներով առաջատար դիրքեր է զբաղեցրել։

Նա նաև նկատեց՝ չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ իշխանական կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, տիրապետում է բոլոր  վարչական լծակներին ու ռեսուրսներին։  ՔՊ-ն ունի բոլոր հնարավորություններն այդ ռեսուրսն իր շահերի օգտին  ծառայեցնելու, որպեսզի տեղում նաև կուսակից իշխանիկների միջոցով ու ջանքերով  հաղթանակներ ապահովեր։

Կարդացեք նաև

«Այդպես մեծ ակնկալիքներ չէր էլ կարելի ձևավորել, որ երկրի իրավիճակով պայմանավորված, հատկապես՝ Սիսիանի շուրջ, մարդիկ պիտի ռադիկալ տարբեր կողմնորոշում ունենային։ Այստեղ հասարակության բորոյահոգեբանական իրավիճակը, տարբեր այլ գործոններ հաշվի առնելով՝ ստեղծվել է այդ պատկերը։ Սա ևս մեկ կամ հերթական ազդակն է, որ իշխանությունից զատ՝ ընդդիմադիր թևը կամ արտախորհրդարանական ընդդիմությունը, կամ էլ բոլորը միասին, շատ լուրջ անելիքներ ունեն հասարակության տարբեր շերտերի հետ։ Սա շատ կոնկրետ ազդակ է գոնե ինձ համար»,- հավելեց Աննա Կոստանյանը։

Հարցին՝ ինչի՞ մասին է խոսում իշխանության դրսևորած այն համատարած անտարբերությունը, որը կա այս օրերին, երբ սահմանը լարված է, թշնամու հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր, և այդ ֆոնին ԱԺ նախագահը մի քանի ժամ  անցկացնում է նորաբաց ակումբներից մեկում, Աննա Կոստանյանը հաստատեց, որ տոտալ անտրաբերություն է, հաշվի չեն առնում կամ չեն արժևորում զինվորի կյանքը։

«Եթե այս իշխանության կողմից զինվորի կյանքն արժևորվեր՝ երկու տարվա ընթացքում բոլոր հնարավորությունները, ինչպես իրենք են ասում, թե փողի խնդիր չունեն, կօգտագործեին, որպեսզի այդ զինվորի, որի կյանքն ամեն օր վտանգվում է, գոնե տարրական կարիքներն ապահովեին, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության սպառազինությամբ։ Այստեղ մենք կարո՞ղ ենք հիմնավոր կասկած ունենալ, որ միտումնավոր բանակը տանում են կազմաքանդման։ Իհարկե կարող ենք, ես՝ որպես քաղաքացի, հենց այդ մտայնությամբ էլ առաջնորդվում եմ։ Եթե իրենք ունեն գումար և չեն ծախսում զինվորի կյանքն ապահովելու համար, ուրեմն՝ իրենք միտումնավոր նրան տանում են դեպի մահ։ Եթե աղետալի պատերազմից հետո կա 4 հազարից ավելի զոհ, իսկ այսօր՝  ևս  200, և իրենք այնպիսի դիրք են բռնել, ու ոչինչ էլ չկա, և Էկոնոմիկայի նախարարության սանհանգույցների վրա են գումար ծախսում, սա խոսում է մեկ բանի մասին, որ այս իշխանությունն իր տեղում չէ։ Այս իշխանությունը չի կատարում ՀՀ քաղաքացու համար առաջնային ու կարևոր խնդիրների լուծումները»,- ընդգծեց նա։

Եվ այս համապատկերում նախկին պատգամավորը եզրահանգում է, որ  տեղին չէ խոսել կամ մեծ ակնկալիքներ ձևավորել, թե այս իշխանությունն ինչ չպետք է անի։

«Նշում եք մի սրճարան, որտեղ ԱԺ նախագահն է պարբերաբար լինում, ես կարող եմ նշել բազմաթիվ ժամանցի վայրեր, որտեղ ոչ միայն ԱԺ նախագահը, այլև իրենց իշխանության տարբեր ներկայացուցիչներ ժամանակ են անցկացնում՝ ցույց տալով, թե երկրում ոչինչ չի կատարվում։ Հետևաբար՝ անիմաստ է սրա մասին մշտապես խոսել, փոխարենը՝ պետք է ձևավորել իրական հայկական օրակարգ։ Մենք մեր առջև պետք է դնենք, թե առաջնային ինչ խնդիրներ պետք է լուծենք, և շարժվենք դրանով»,- եզրափակեց Աննա Կոստանյանը։

Տեսանյութեր

Լրահոս