Արարատ Միրզոյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին․ ովքեր են երկու հավանական փոխարինողները
Վերջին շաբաթներին իշխանությունների կողմից Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի հնարավոր փոփոխության, ՀԱՊԿ-ից դուրս գալու և Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերությունների թեմայի ակտիվացումն առաջիկայում կարող է հանգեցնել նաև լուրջ կադրային փոփոխությունների։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի փոփոխությանը, որը, չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչներից է, սակայն, ըստ ՀՀ-ի աշխարհաքաղաքական կուրսի փոփոխության ճարտարապետների, որևէ կերպ չի կարող համապատասխանել արդեն բացահայտ հակառուսական կեցվածքով հանդես եկող Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնին։
Խնդիրը հատկապես վերջինիս ԱԱԾ նախկին(՞) գործակալ լինելու իրողությունն է, որը ստիպում է անվստահությամբ վերաբերվել նրա կերպարին, որը չի կարողանա սպասարկել արդեն վերափոխված արտաքին քաղաքական կողմնորոշում ունեցող դիվանագիտությունը։
Եվ ահա, իշխանական կուլիսներում արդեն իսկ քննարկվում է նոր արտգործնախարարի երկու հավանական անուն։
Մեկը Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի թեկնածությունն է, որի մասին վերջին շրջանում պարբերաբար լուրեր էին հայտնվում մամուլում։ Հենց այս իրողությամբ է նաև պայմանավորված այն հանգամանքը, որ Էդմոն Մարուքյանը վերջերս իր հրպարակային խոսքում սկսել է ոչ բացահայտ, այդուհանդերձ հակառուսական տոնայնությամբ հայտարարություններ անել՝ ըստ ամենայնի շահագրգիռ շրջանակներին ցույց տալով, որ պատրաստ է բավարարելու նոր՝ հակառուսական աշխարհաքաղաքական ուղղություն որդեգրած Հայաստանի արտգործնախարարից ակնկալվող պահանջները։
Մարուքյանից բացի, իշխանական միջանցքներում որպես նոր արտգործնախարարի հավական թեկնածու սկսել են խոսել նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին։
Հենց այդ հանգամանքով է պայմանավորված վերջին շրջանում Մնացականյանի ցուցաբերած հանրային ակտիվությունը՝ ՀԱՊԿ-ին, Բելառուսին ուղղված քննադատությունը, ավելի մեղմ ձևակերպումներ պարունակող, այդուհանդերձ կրկին հակառուսական շեշտադրումներով վերջին հոդվածը, որը, ինչպես և նրա գրառումները, ինտենսիվ տարածվում էին իշխանական ԶԼՄ-ներով։
Այսպիսով, եթե առաջիկայում վերջնական որոշում կայացվի Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության վերաբերյալ, գործող արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժեշտ է տալու պաշտոնին՝ չնայած Նիկոլ Փաշինյանին անվերապահ հավատարմությանն ու այդ շրջանակներում կերած ծեծին։ Աշխարհաքաղաքականությունը, փաստորեն, արվեստի հանգույն զոհեր է պահանջում, և Նիկոլ Փաշինյանի առաջին գեոպոլիտիկ զոհը լինելու է Արարատ Միրզոյանը։