Աֆրիկայի 17 երկրների ավիակարգավարները 72-ժամյա գործադուլ են հայտարարել
Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայի երկրների 11արհմիությունների մեջ մտնող ավիակարգավարները սեպտեմբերի 23-ին սկսել են 72-ժամյա գործադուլ, որն ավիաչվերթների սպասարկման լուրջ ընդհատումներով է սպառնում մայր ցամաքի 17 երկրներում: Այդ մասին հաղորդել է Հարավաֆրիկյան Հանապետության SABC ռադիոկայանը:
Ավիակարգավարներն իրենց աշխատանքը կրճատել են մինչեւ նվազագույն աստիճան՝ ապահովելով սոսկ հումանիտար եւ որոնողա-փրկարարական թռիչքները, նշում է ռադիոկայանը: Գործադուլն սկսվել է այն բանից հետո, երբ ավիակարգավարների արհմիությունների առաջնորդները, որոնք մտնում են Աֆրիկայում եւ Մադագասկարում Օդագնացության անվտանգության գործակալության (ASECNA) մեջ, չեն կարողացել իրենց պահանջների բավարարություն ստանալ դրա ղեկավարությունից:
Արհմիությունները պնդել են, որ կատարվի տարիֆային դրույքների վերանայում, ապահովվեն կարիերային աճն ու պրոֆեսիոնալ ուսուցումը: Սենեգալի կառավարությունը, որտեղ գտնվում է ASECNA-ի կենտրոնակայանը, գործադուլը հայտարարել է անօրինական: «Գործադուլավորները խախտում են օրենքը եւ դրանով իսկ ենթակա են պատժի՝ օրենքի ողջ խստությամբ»,- ասված է Սենեգալի ենթակառուցվածքի, վերգետնյա տրանսպորտի նախարարությունում: ASECNA-ն միավորում է Բենինը, Բուրկինա Ֆասոն, Կամերունը, Չադը, Կոմորյան Կղզիները, Հասարկածային Գվինեան, Գաբոնը, Գվինեա Բիսաուն, Կոտ դ’Իվուարը, Մադագասկարը, Մալին, Մավրիտանիան, Նիգերը, Կոնգոյի Հանրապետությունը, Սենեգալը, Տոգոն եւ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: