«Բոլորի հետ էլ համագործակցելու հնարավորություն կա․ հնարավորությունները ստեղծվում են, դրանք պարզապես դրված չեն լինում»․ Հայկ Քոչարյան

Սեպտեմբերի 13-ին միջազգային հանրությունը լուռ հետևում էր, երբ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:  Թշնամու իրականացրած երկօրյա ակտիվ ռազմական գործողությունների հետևանքով, ըստ հրապարակված պաշտոնական տվյալների՝ հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորածներ, թիվը վերջնական չէ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող։

Միջազգային հանրությունը, այդ թվում՝ նաև տարբեր երկրների բարձրաստիճան ղեկավարներ, Ադրբեջանի գործողությունները դատապարտող  մեկ-երկու հայտարարություն արեցին, իսկ սկզբում դրանք առավելապես երկու կողմին ուղղված  կոչեր էին: Եվ դա այն դեպքում, երբ թշնամին թիրախավորել էր հայկական խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին:

Միջազգային հանրությունը լռեց նաև այն ժամանակ, երբ Ադրբեջանը հայկական կողմին վերադարձրեց գերեվարված, այնուհետև սպանված հայ զինծառայողի դին։

Այս ամենից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 21-ին օկուպացրած Բերձոր քաղաքում հայտարարում էր, որ «իրենց որևէ մեկը չի կարող կանգնեցնել, և Ադրբեջանն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչի է ընդունակ»։

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական ագրեսիային ինչպե՞ս է արձագանքել արաբական աշխարհը, ստեղծված իրավիճակում Հայաստանն արաբական աշխարհում ի՞նչ դաշնակիցներ կարող է ունենալ։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանն այս հարցերին ի պատասխան՝ նշեց, որ արաբական աշխարհից փաստացի կա երկու արձագանք՝ Լիբանանից ու Սիրիայից, արաբական մյուս երկրներից պաշտոնապես որևէ նման արձագանք չի եղել։

«Սակայն արաբական մամուլն ընդհանուր առմամբ լուսաբանում էր իրադարձությունները, ագրեսիան, սակայն ձևակերպումները շատ մեղմ էին, որոշ տեղերում երևում էր, որ սկզբնաղբյուրները ոչ թե իրենց լրագրողներն էին մեր երկրում կամ տարածաշրջանում, այլ միջազգային մամուլի հիմնական թարգմանություններն էին արաբերեն։ Այնտեղ տեղ են գտնում ձևակերպումներ, որոնք թյուրընկալում էին առաջացնում, որ բախումներն Արցախի սահմանի վրա են տեղի ունենում։ Կարելի է  ասել, որ ընդհանուր մակերեսային եղան արձագանքները»,- նշեց Հայկ Քոչարյանը։

Թե արաբական աշխարհում Հայաստանն ի՞նչ դաշնակիցներ կարող է ձեռք բերել, Հայկ Քոչարյանը պատասխանեց՝ դաշնակիցները ձևավորվում են գործի մեջ, և բոլոր արաբական երկրների հետ էլ Հայաստանը կարող է աշխատել և տարբեր կոնֆիգուրացիաների պարագայում ունենալ փոխըմբռնում խնդրի վերաբերյալ։

«Ակնհայտ է, որ կարելի է լավ աշխատել Եգիպտոսի, Արաբական Էմիրությունների հետ, նաև պետք է մտածել ու արագացնել Սարուդիան Արաբիայի հետ այն գործընթացը, որը պետք է ավարտվեր հարաբերությունների հաստատմամբ։ Հիմա սա պետք է փորձել հասցնել իր ավարտին։

Պոտենցիալ կա բոլորի հետ, այստեղ պայմանավորվելու և շահերը փոխադարձ գնահատելու, համաձայնության գալու խնդիրն է, աշխատանք է պահանջվում, թե չէ բոլորի հետ էլ համագործակցելու հնարավորություն կա։ Հնարավորությունները ստեղծվում են, դրանք պարզապես դրված չեն լինում»,- շեշտեց Հայկ Քոչարյանը։

Հարցին՝ ադրբեջանական ագրեսիան  արաբական աշխարհը մակերեսային է լուսաբանել ադրբեջանական կողմի միջամտությա՞մբ, Հայկ Քոչարյանը պատասխանեց, որ պարզապես ընդհանուր հոսքերից եկող տեղեկատվությունն ինչպես լինում է, այնպես էլ լուսաբանվում էր։

«Նույն թյուր ձևակերպումները կային «New Yorq Times»-ի հոդվածներից մեկում, այսինքն՝ այստեղ պետք է արձանագրել, որ ընդհանուր առմամբ է եղել ձևակերպումները, և, եթե վերցնենք կոնկրետ լրատվամիջոց, ապա  Al Jazeera-ն հարցազրույց անցկացրեց ՀՀ փոխարտգործնախարարի հետ, այսինքն՝ հայկական տեսակետը լուսաբանվեց, ներկայացվեց»,- ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս