«Երևանում հանքերի շահագործում չեմ պատկերացնում, բայց որոշ իրողություններ պետք է հաշվի առնենք». Ավինյան

«Եվ հիմա և ապագայում Երևանի քաղաքապետարանում ավելի համակարգային լուծումների մասին է խոսք գնալու: Խոսելու ենք սմարթ քաղաքից, ոչ միայն աղբի հավաքագրումից, այլև վերամշակումից, որովհետև ենթադրում եմ՝ 2018թ. սկսած խոսել ենք, ծրագրերը գրել ենք ու դրել դարակներում»,- այսօր ավագանու արտահերթ նիստին փոխքաղաքապետի իր թեկնածության քննարկման ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ բոլոր այն լուծումները, որոնք բերելու են համակարգային, ոչ թե կիսատ լուծումների, պետք է ավելի կարևորեն: Երկարաժամկետ լուծումներ, որոնք քաղաքին նոր տրամաբանություն կտան:

Նա շեշտեց, որ պետք է կենտրոնանալ մարդկանց, նրանց առօրյայի վրա, թե զարթնելով, մուտքից դուրս գալով՝ ի՞նչ են տեսնում, մեքենայով գնալով՝ ճանապարհին քանի՞ ժամ են կանգնում խցանման մեջ՝ մի ԱՊՊԱ-ի պատճառով, ավտոբուսները պե՞տք է ունենան առանձին գծեր, թե՞ ոչ:

Ավագանու անդամ Վահե Գևորգյանը մի քանի հարց ուղղեց փոխքաղաքապետի թեկնածուին, որոնք վերաբերում էին քաղաքի աղտոտվածությանն ու փոշոտվածությանը, Երևանում հանքերի շահագործմանը:

«Երևանի քաղաքապետարանը, եթե չեմ սխալվում, ընդհանրապես չի տրամադրել հանքերի շահագործման թույլտվություն: Դուք ի՞նչ մոտեցում ունեք այդ հարցի վերաբերյալ»,- հարցրեց Վահե Գևորգյանը:

Կարդացեք նաև

«Անկեղծ ասած, ես Երևանում հանքերի շահագործում չեմ պատկերացնում: Ինչպես չեմ պատկերացնում անասնագործությունը: Մենք խոսում ենք մայրաքաղաքի մասին, բայց պետք է որոշ իրողություններ հասկանանք: Ես կդժվարանամ հարցին պատասխանել, որովհետև նույնիսկ չգիտեմ, թե Երևանի որ հատվածում կան հանքեր, որոնք շահագործվում են, և ի՞նչ ծավալների են դրանք: Կարծում եմ, որ միայն Երևանի մասին չէ խոսքը, նրա սահմաններից դուրս մեծածավալ և՛ շինարարություն է գնում, և՛ հանքերի օգտագործում է իրականացվում: Այստեղ նաև մեծ ծավալի շինարարություն է արվում, և մի դիտարկում կարող եմ ասել. Հանք է, շինարարություն, թե մեկ այլ բան, որը ստեղծում է փոշու ծավալը, որն այսօր կա, դա ոլորտի անհատական շահն է՝ գերակա շահի դեմ: Հիմա գերակա հանրային շահ է՝ այդ փոշու ծավալները կառավարելը: Չի կարող քաղաքն այնպիսի շինարարության ծավալներ ունենա կամ հանքերի շահագործման ծավալներ՝ քաղաքում կամ քաղաքամերձ, որ մենք փոշու մեջ կորենք»,- պատասխանեց Տիգրան Ավինյանը:

Տիգրան Ավինյանն ասաց նաև, որ ավագանին մեր աչքերն ու ականջներն են, որոշ դեպքերում՝ նաև խիղճը, որովհետև Երևանի ավագանին պետք է նաև մատնանշի, թե որ ուղղություններով ենք մենք սխալ գնում:

«Ավագանու հետ աշխատանքը պատկերացնում եմ ամենօրյա ռեժիմով, բայց ոչ թե անձնավորված, անհատական շահերի հետ կապված խնդիրների վերաբերյալ, այլ ընդհանուր: Ասենք, այս վարչական շրջանում կա այս գլոբալ խնդիրը, պետք է լուծել: Ես պատկերացնում եմ այդ ֆորմատով աշխատանքը»,- նշեց փոխքաղաքապետի թեկնածուն:

Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ ավագանու ինստիտուտի ուժեղացման համար միանշանակ դրական կլիներ, որ ավագանին լիներ պրոֆեսիոնալ, և ավելի փոքրաքանակ ավագանու կազմ:

Ավագանու անդամների հարցերին պատասխանելուց հետո քվեարկության դրվեց Տիգրան Ավինյանի թեկնածությունը, արդյունքում՝ 44 կողմ ձայնով Ավինյանն ընտրվեց փոխքաղաքապետ: Ձեռնպահ էր քվեարկել ավագանու 2 անդամ:

Տեսանյութեր

Լրահոս