Իրանի դիրքավորումը Հայաստանի հանդեպ մտահոգում է Էրդողանին. Իրանը՝ ռեգիոնալ ու համաշխարհային ուժերի թիրախում
Սեպտեմբերի 13-ից սկսած Իրանի Իսլամական Հանրապետությունն ուղերձներ է հղում Երևանին, Բաքվին, Անկարային ու ռեգիոնալ բոլոր խաղացողներին: Հայ-ադրբեջանական պատերազմին այս անգամ անդրադարձել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին՝ նշելով, որ Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն:
Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում իրենց միջև խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով:
«Մենք հակամարտությունների և պատերազմների չենք ձգտում, սակայն չենք լռում, երբ պետք է դրանց դիմակայել»,- ասել է նա:
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը քննարկում է սկսել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի հարցով։ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն ասել է, որ՝ «Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը կվերածի մղձավանջի»: Մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ՝ նա ասել է․ «Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովն ուսումնասիրում է վերջին զարգացումները»:
Վահիդ Ջալալզադեն նաև հայտարարել է, որ Թեհրանը Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի և հետխորհրդային այլ հանրապետությունների հետ է եղել նրանց անկախության առաջին իսկ օրերից և տարբեր օգնություն է ցուցաբերել այդ երկրների կառավարություններին, հավելելով.
«Իրանը կկանխի տարածաշրջանի սահմանների փոփոխությունը»։ Անուղղակի ուղերձներ են հղվում Թուրքիային, երրորդ երկրների միջամտությունն այս հակամարտությանը Իրանին ևս կարտոնի միջամտել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ևս այս օրերին դիրքորոշում է հայտնել, խոսելով ռեգիոնում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին: Իրանի դիրքավորումը ռեգիոնում և աշխարհում անհանգստացնում է նրա ավանդական ու ոչ բացահայտ թշնամիներին: ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասել է, որ տարածաշրջանում նրանք, որոնց ռազմական ու քաղաքական ուժը թեև իրենց երկրի հետ համեմատելի չէ, բայց ուժի ցուցադրություն են անում, իրենց ծիծաղելի վիճակում են դնում, նկատի ունենալով Իրանին: Արևմուտք-Իրան միջուկային բանակցություններում ևս խնդիրներ ի հայտ եկան և գործարքի վերականգնման ժամկետը կրկին անորոշության մատնվեց այն դեպքում, երբ շաբաթներ առաջ կողմերը մոտ էին դրա կնքմանը: ՄԱԿ ԳԱ իր ելույթում Ռաիսին վստահեցրեց՝ իր երկիրը չունի միջուկային զենք ստեղծելու մտադրություն:
Նա ՄԱԿ-ի ամբիոնից դատապարտեց Միացյալ Նահանգներին, հայտարարելով, որ այլ երկրների նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ սահմանելով՝ Վաշինգտոնը հեգեմոնիստական քաղաքականություն է իրականացնում:
Իր ուղերձում նա անդրադարձավ նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային գործարքի վերականգնման հնարավորությանը, նշելով, որ Իրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից և հիմա էլ պատրաստ է շարունակել դրանք: ԻԻՀ նախագահն ընդգծեց․ «Միացյալ Նահանգներն է պարբերաբար լքել բանակցությունների սեղանը և արհեստական խոչընդոտներ ստեղծել»:
Այս ամենը տեղի է ունենում վերջին տարիների ընթացքում Իրանում բռնկված ամենալուրջ բողոքի ակցիաների ֆոնին: Իրանցի կանայք կտրում են իրենց վարսերն ու ցուցադրաբար այրում հիջաբները, ցույցերի պատճառը 22-ամյա Մահսա Ամինիի մահն է: Աղջիկը բերման էր ենթարկվել Իրանի խիստ իսլամական դրես կոդի պահպանմանը հետևող ոստիկանության կողմից:
Մի շարք աղբյուրների պնդմամբ՝ ոստիկաններն աղջկան քարշ են տվել դեպի ծառայողական մեքենա ու, ըստ տեղեկությունների, կտտանքների ենթարկել նրան: Ակտիվիստների պնդմամբ՝ աղջիկը ոստիկանական բաժանմունքում ուժեղ հարված է ստացել գլխին, սակայն ոստիկանությունը հերքում է: Հակակառավարական ցույցերը տարածվել են Թեհրան, Մաշադ, Համեդան, Թավրիզ, Արաք, Ռաշթ, Քազվին, Զանջան և Իլամ քաղաքներում:
Ըստ վերլուծաբանների, ինչպես այս ալիքը էապես առաջ է մղվում Իրանում պանթուրքական ուժերի կողմից, այնպես էլ զուգահեռաբար ազգայնական պահանջներ են հնչեցվում, որոնց ետևում Իրանում տեսնում են Բաքվին ու Անկարային:
Այն, ինչ տեղի է ունենում Իրանում և Իրանի շուրջ արտաքին դերակատարների մասնակցությամբ, չի կարող չմտահոգել Հայաստանին, քանի որ ՀՀ սահմանային շրջանների նկատմամբ վերջին ադրբեջանական հարձակման ֆոնին Իրանը ՀՀ եզակի գործընկեր երկրներից էր, որը հանդես եկավ ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության օգտին:
Եվ այսօր էլ շարունակում է զսպաշապիկ լինել Թուրքիայի և Ադրբեջանի համար, հստակ ակնարկներով, որ Սյունիքի նկատմամբ ոտնձգություններն ունենալու են ռազմական հետևանքներ:
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Իրանի նկատմամբ արևմտյան և թուրանական երկրների տրամադրությունները սրվել են, ցանկացած ցնցում հարմար առիթ է օգտագործելու Իրանի դեմ պատմական հարցերը թարմացնելու համար:
Նրա խոսքով, այդ ցնցումները Իրանում սովորաբար խթանվում են հայտնի ուժերի կողմից, դա Իրանում որևէ զարմանք չի առաջացնում:
«Բայց այս օրերին տեղի ունեցողը, իհարկե, շատ ավելի մասշտաբային բնույթ է կրում, քանի որ արտաքին միջամտողներն ավելի շատ են, որովհետև աշխարհում ստեղծված անկայունության շրջանից փորձում են օգտվել բոլորը, իրենց շահերը ցանկանում են առաջ մղել բոլորը: Սրա հետ մեկտեղ՝ վերջին տարիներին Իրանում կան նաև լուրջ տնտեսական խնդիրներ, որոնց հարցով ժամանակ առ ժամանակ բողոքի շարժումներ են բարձրանում, ապա մարում, այս անգամ թեման այլ է, իսկ այս ամենից օգտվել ցանկացողները շատ են: Թուրքիան այդպիսի երկրներից մեկն է, որը ցանկացած հարցի վրա ցանկանում է իր «ձեռքերը տաքացնել»:
Սա Իրանում գիտեն, սա է նաև պատճառներից մեկը, որ Իրանն ամեն գնով ցանկանում է անփոփոխելի պահել հայ-իրանական սահմանը, քանի որ կա Իրանի Հյուսիսի խնդիրը: Եթե այդ սահմանը փոփոխվի, Իրանի թիրախավորումն ավելի մեծ թափով ու բազմաճակատ կընթանա, քանի որ նույն թուրանական տրամադրություններն էլ ավելի կխորանան և կխթանվեն:
Բացի այդ, կան գլոբալ պրոյեկտներ, այս սահմանը միշտ եղել է Իրանի եզակի խաղաղ սահմաններից մեկը, ապահովել Հայաստան-Իրան կապը, եթե դա կտրվի, ապա Իրանի շուրջ թշնամական տրամադրություններն ավելի շեշտակի են նկատվելու»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ միջուկային բանակցություններն անհասկանալիորեն արգելակվեցին Արևմուտքի պահանջների պատճառով:
«Սակայն Իրանի նախագահը համոզիչ ելույթ ունեցավ Նյու Յորքում, հասկանալի դարձնելով, թե ով է խոչընդոտներ հարուցում»,- ասաց նա:
Մեզ հետ զրույցում ռուս մեկ այլ արևելագետ՝ Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ իրանական կողմը սովորաբար շատ լուրջ է վերաբերվում իր հայտարարություններին, ուստի այն, ինչ ասվում է Հայաստան-Իրան սահմանի վերաբերյալ, լուրջ ուղերձներ են, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը հավելյալ չսրվի:
«Պայմանավորված Ռուսաստանի իրավիճակով, որը ոչ մի կտրուկ քայլ այլ ճակատներում չի անում, Իրանն իր դիրքորոշմամբ ամրապնդում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Եթե Թուրքիան ակնարկներ է անում Իրանին, նշանակում է, որ Իրանի գործոնը Թուրքիային մտահոգում է և թույլ չի տալիս ողջ ծավալով օգտագործել Ռուսաստանի իրավիճակը:
Ընդհանուր առմամբ և Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի իրավիճակը բարդ է, Թուրքիան և Իրանի, և Ռուսաստանի հետ բարդ խաղ է խաղում, մանևրում, բանակցային լծակներ ձեռք բերում իր բոլոր գործընկերների հետ, բայց մոռանալով իր շահերի մասին: Ներկայումս ընթանում է փոխզսպում, դրա վրա հիմնված համագործակցություն, բայց դա ևս փխրուն է թվում»,- նկատեց նա: