Ինչո՞ւ է Իրանը 40-60 հազարանոց զորք կուտակել հայ-իրանական սահմանին. Իրանագետը պարզաբանում է
«Իրանի համար կարևորը ոչ թե Հայաստանը և Ադրբեջանն են, այլ իր շահերը: Իրանում զգում են վտանգ իրենց շահերի համար և ըստ այդմ՝ համապատասխան նիստ են հրավիրում՝ որոշում կայացնելու համար: Իսկ ի՞նչ վտանգ կարող է լինել, պարզ է, եթե նման կերպ շարունակվի, ապա Իրանի հյուսիսը հարվածի տակ կընկնի, կընդհատվի հայ-իրանական սահմանը, եթե, Աստված մի արասցե՝ Սյունիքն անցնի ադրբեջանաթուրքական վերահսկողության տակ, կամ ինչ-որ կերպ կարողանան կտրել Հայաստանից, ապա Իրանի հյուսիսում էլ ավելի վատթար իրավիճակ կարող է ստեղծվել: Այսինքն՝ շատ են պատճառները, թե ինչու է Իրանն այս խնդրի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության վերաբերյալ Իրանի Իսլամական խորհրդարանում հրավիրված արտահերթ նիստին:
Նրա խոսքով՝ թեպետ Իրանը չի կարող առանց համապատասխան թույլտվությունների և փաստաթղթավորման զորք մտցնել Հայաստան՝ թեկուզ Սյունիքն ադրբեջանաթուրքական ագրեսիայից պաշտպանելու համար, բայց Իրանը, մյուս կողմից էլ, ամեն գնով պաշտպանելու է իր երկրի շահերը՝ առանց հաշվի առնելու միջազգային ինչ-ինչ պատժամիջոցներ, բանաձևերի ընդունում և այլն.
«Իրանը 79 թվից ի վեր պատժամիջոցների տակ է, նրանք սովոր են: Այս առումով Իրանը որևէ խնդիր չունի, և ցույց են տալիս, որ ամեն գնով պատրաստ են պաշտպանել իրենց ազգային անվտանգությունը: Դրանք ոչ միայն խոսքեր են, այլ նաև գործուն քայլերի են պատրաստ, որովհետև ներկայումս հայ-իրանական սահմանին գտնվում է բավականին մեծաքանակ զորք: Իրանը 15 պետությունների հետ սահմաններ ունի, Իրանի գրեթե բոլոր սահմաններում տարբեր մակարդակի բախումներ են, վտանգներ՝ Պակիստան, Աֆղանստան, Իրաք և այլն: Իրանը սովոր է սահմանային միջադեպերի»:
Նա շեշտեց՝ Հայաստանի հետ սահմանն Իրանի համար կարևոր է նրանով, որ, ինչպես նշեց Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին, այս սահմանն ունի հազարամյակների պատմություն, քաղաքակրթության սահման է. «Իրանի մյուս սահմանների մասին հոգևոր առաջնորդը երբեք նման կերպ չի արտահայտվել: Սա հստակ ուղերձ էր ադրբեջանաթուրքական կողմին, երբ մասնավորապես շեշտվում է հազարամյակների պահը, որով նաև ցույց է տալիս, որ Իրանը և Հայաստանն ունեն հազարամյակների պատմություն, մինչդեռ մեր թշնամիները մի քանի հարյուր տարվա կամ մի քանի տասնյակ տարվա պատմություն ունեն: Իհարկե, դա ռեալ պոլիտիկում այդքան էական չէ, բայց Իրանի նման պետության համար դա կարևոր է: Եթե կտրվի հայ-իրանական սահմանը, ապա Իրանի հյուսիս-արևմտյան հատվածներում զգալիորեն կմեծանան պանթուրքիստական հոսանքները:
Եթե այդ հատվածներում հաստատվի Թուրքիան, ապա Իրանը ռազմավարական առումով զգալի կորուստներ կկրի ոչ միայն Հարավային Կովկասում, այլև իր պետության ներսում ու տարածաշրջանում: Իրանը նման բանի պատրաստ չէ և փորձում է ծավալվել: Այս մի հատվածի նահանջը կնշանակի շղթայական կորուստ նաև այլ հատվածներում: Հետևաբար, Իրանն ամեն գնով պաշտպանելու է իր հյուսիսային հատվածի անվտանգությունը: Այս պարագայում մեր և Իրանի շահերը համընկնում են: Իր հյուսիսային սահմանը պաշտպանել, նշանակում է՝ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Ցավալիորեն, այսօր երկու պետություն է, որ դեռևս պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, դրանցից մեկն Իրանն է»:
2007թ. սեպտեմբերի 21-ին իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Չխաբվեք, մենք Իրանի հետ ճանապարհ չունենք. Մեղրին ճանապարհ չէ՝ տնտեսական զարգացման համար, ճանապարհը Ջուլֆայի երկաթգիծն է: Եթե չբացվենք արտաքին աշխարհ, եթե այսպես մնանք փակված, մենք կվերածվենք բնատնտեսության, որի վախճանը շատ աղետալի կարող է լինել: Մենք կկորցնենք ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև պիտի մտածենք Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին»:
Ահարոն Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս հասկանալ Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ հայտարարությունը, Մեղրին իսկապե՞ս ճանապարհ չէ:
«Չեմ ուզում մեկնաբանել Առաջին նախագահի խոսքերը, որովհետև նա իր պատմությամբ, անցած ուղիով՝ արժանի տեղ ունի մեր հասարակության մեջ: Բայց, ամեն դեպքում, պետք է նշել, որ ամենևին այդպես չէ: Հայաստան-Իրան սահմանը Մեղրիով է անցնում, միգուցե Առաջին նախագահը նկատի ունի, որ բարդ ռելիեֆային պայմաններ են, բարդ ենթակառուցվածքներ են պահանջվում Մեղրիում, որպեսզի կարողանանք տնտեսական ակտիվությունը մեծացնել, իսկ Ջուլֆայում, բնականաբար, կարճ է ճանապարհը, երկաթուղու տարողունակությունն ավելի մեծ է: Հազար ու մի ենթատեքստ կարող ենք դրա տակ տեսնել, բայց փաստն այն է, որ այսօր աշխարհաքաղաքական զարգացումները գնում են Մեղրիի շուրջ և ոչ թե՝ Ջուլֆայի երկաթուղու: Սա ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է Մեղրին:
Մեղրին միայն ճանապարհ չէ՝ աշխարհաքաղաքական հանգույց է, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում աշխարհի բազմաթիվ խաղացողների համար՝ ԱՄՆ, ՌԴ, Իրան, Չինաստան, Հնդկաստան, ԵՄ, Թուրքիա և այլն: Միայն այս ամենը հերիք է, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ կարևորություն ունի Մեղրին, Սյունիքի մարզը և ընդհանրապես՝ Հայաստանը: Սա մենք պետք է օգտագործենք: Թեպետ սա մարտահրավեր է մեզ համար, բայց մյուս կողմից՝ սա նաև հնարավորություններ է առաջ բերում: Ճիշտ կողմնորոշվելու դեպքում՝ կկարողանանք այս թնջուկից շահած դուրս գալ»,- ի պատասխան՝ ասաց իրանագետը:
Իրանի «Իսլամական Հանրապետություն» օրաթերթն իր խմբագրականում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը և Բաքվի ղեկավարներին զգուշացրել «չխաղալ կրակի հետ», որպեսզի ինչպես նախկինում, կարողանան օգտվել Իրանի հետ հարաբերություններից: Հոդվածում, ընդգծելով Իրանի ռազմական հզորությունը, հեղինակն ասում է. «Եթե Իրանի պաշտոնյաները սահմաններին որոշ տեղաշարժերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնել են հորդորներով, դա չի նշանակում, որ նրանք չեն կիրառի ռազմական ուժ՝ հավանական սպառնալիքներին դիմակայելու համար»:
Ահարոն Վարդանյանը նկատեց՝ պաշտոնաթերթում պատահական ոչինչ չի գրվում, և Իրանը ցույց է տվել, որ իր պետական շահերը պաշտպանելու համար պատրաստ է դիմել զենքի ուժի. «Իրանը միակ պետությունն էր, որ հրթիռակոծեց ամերիկյան բազաներ Իրաքում: Եթե Իրանն ունի վճռականություն՝ հրթիռակոծելու ամերիկյան ռազմաբազաները, ապա կունենա վճռականություն այլ հատվածներում ռազմական գործողությունների դիմել: Իրանը ցույց է տվել, որ որտեղ առկա են իսրայելական բազաներ, այնտեղ նա հրթիռակոծում է, մասնավորապես՝ Էրբիլում: Դրան զուգահեռ, խոսվում է, որ Ադրբեջանում նույնպես առկա են իսրայելական բազաներ: Իրանի համար առաջնայինը սեփական պետության անվտանգությունն է, ազգային շահը: Այս պարագայում Իրանի շահը որոշակիորեն ոտնահարվում և անտեսվում է, ինչը Իրանում չեն ընդունում: Իրանում պաշտոնապես էլ է նշվել, որ 40-60 հազարանոց իրանական ստորաբաժանումներ կան հայ-իրանական սահմանին, ինչպես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, այնպես էլ՝ բանակի ստորաբաժանումներ: Սա ինքնին լուրջ թիվ է»
Նա ընդգծեց, որ Իրանի վերլուծական շրջանակներում ակտիվ քննարկվում է նաև Նախիջևանի հարցը. «Նրանք ակտիվ են հատկապես «Քլաբ հաուսում» և նշում են, որ ժամանակն է Նախիջևանը վերադարձնել իրական տերերին: Սա Կովկասն ու Մերձավոր Արևելքն է, այստեղ իրադարձությունները շատ արագ են զարգանում»:
Հարցին՝ իրական տերեր ասելով՝ ո՞ւմ նկատի ունեն, իրե՞նց, թե՞ հայերին, նա պատասխանեց. «Մոտեցումները տարբեր են, պարզապես Հայաստանի վիճակն այնպիսին է, որ նախ պետք է դեռ կարողանա իր տարածքները պաշտպանել: Ես այնքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե ինչ-որ մի պետություն զենքի ուժով կխլի մի տարածք ու կնվիրի մեկ այլ պետության: Այդպես չի լինում: Իրանում կոշտ են խոսում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որովհետև նրանց կարմիր գծերն են ոտնահարվում: Իսկ այդ կարմիր գծերը գծել է նրանց հոգևոր առաջնորդը, ինչը նշանակում է՝ հարված հոգևոր առաջնորդի հեղինակությանը: Իսկ հոգևոր առաջնորդը հազարից մեկ է նմանատիպ կարմիր գծեր գծում, և դրանք փորձում են անտեսվել այլ պետությունների կողմից: Այստեղ բացարձակ կարևոր չէ, թե այդ պետությունը որն է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում