Առանձին երկրների դեպքում ունեինք ակնկալիքներ, որոնք որոշ դեպքերում ոչ այնքան արդարացան. Միրզոյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի հիման վրա Բաքվի հարձակման հարցի քննարկման արդյունքներով առայժմ փաստաթուղթ չի ընդունվել.  կառավարության նիստում հայտնեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

ԱԳ նախարարը, սակայն, գոհունակություն է հայտնել քննարկումից՝ նկատելով, որ  միջազգային հանրությունը մեծամասամբ շատ հստակ դիրքավորվել է:

«Երկրների ճնշող մեծամասնությունն ընդգծել է ուժի կիրառման անթույլատրելիությունը, ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը,  մինչև ներխուժումը դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը, օգտագործվել է «ագրեսիա» եզրույթը բազմիցս. այսինքն՝ շատ հստակ ընկալում կա, որ սա ագրեսիա է, ներխուժում, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր:

Ավելին՝ բազմաթիվ երկրներ քննարկումներում խոսել են ԼՂ հակամարտության, ԼՂ հիմնախնդրի մասին, և, ըստ էության, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Ադբեջանի ղեկավարության թեզը, որը նրանք փորձում են շրջանառել  մեկ տարի և ավելի, որ այլևս ԼՂ հիմնախնդիր չկա և ԼՂ չկա, երեկ իր համարժեք, հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից,- ասաց նախարարը՝ նկատելով, որ աշխատանքները շարունակվում են,- Հարկ է գնահատանքի խոսքեր ասել այն երկրների մասին, որոնք համարձակորեն դադարել են այլևս հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև, բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ, և, թերևս, նաև՝ գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այդքան արդարացան»,- եզրափակեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս