Արևմուտքը Հայաստան-Ադրբեջան պատերազմում ակտիվ միջնորդությամբ փորձեց առաջ անցնել ու հաստատվել Հրվ․ Կովկասում. վրացի վերլուծաբան
Վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին գտնում է, որ հայ-ադրբեջանական պատերազմի այս փուլում Արևմուտքը ցուցաբերեց սպասված ակտիվությունը: 168.am-ի հետ զրույցում նա դրական գնահատեց ռազմական գործողությունները կանխելուն ուղղված ԵՄ, ԱՄՆ գործողությունները՝ ասելով․
«Այդ քայլերը համակարգային էին: Տարածաշրջանում էին ԱՄՆ-ից՝ Ֆիլիպ Ռիքերը, ԵՄ-ից՝ Տոյվո Կլաարը: Այս փուլում հատկապես ու ընդգծված ակտիվ էր ԱՄՆ-ը, գործընթացի նկատմամբ ազդեցություն գրավելու համար ԱՄՆ-ը խախտեց անհասցե հայտարարությունների ավանդույթը, զանգեր կատարեց: Պրոցեսում նկատելիորեն առաջ անցավ Ռուսաստանից, որն ավանդաբար Հարավային Կովկասի հակամարտությունների, խնդիրների կարգավորման միջնորդն է: ՌԴ այս դերակատարությունը մի փոքր սասանվել է ուկրաինական պատերազմից հետո, երբ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ուղղորդում է ԵՄ-ն:
Ինչպես երևում է, այս անվտանգային բաղադրիչով ԱՄՆ-ը ցանկացավ դերակատարություն ունենալ, ու ինչպես երևաց՝ ունեցավ, թեև դեռ կարծես վաղ է խոսել այդ մասին: ԱՄՆ պահվածքում կար նաև ԵՄ-ի հետ մրցակցության դրդապատճառ, քանի որ 44-օրյա պատերազմից հետո ԱՄՆ-ը չկա Հարավային Կովկասի որևէ գործընթացում: Ինչպես ավելի վաղ էի ասել, Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերի նշանակմամբ ազդարարվեց ԱՄՆ-ի հարավկովկասյան քաղաքական ուղենիշների փոփոխությունը»:
Նրա դիտարկումների համաձայն՝ Արևմուտքն առաջին անգամ Հարավային Կովկասի ուղղությամբ համահունչ քայլեր ձեռնարկեց՝ և գործողություններ, և դիվանագիտական հայտարարություններ, լցնելով այն վակուումը, որն իր պասիվությամբ առաջացրել էր Ռուսաստանը:
«Երբ կա խնդիր հակամարտության գոտում, այն պետք է լուծվի, իսկ երբ այդ խնդիրը աշխարհաքաղաքական ծանր պատերազմի, ազդեցության գոտիների գծագրման փուլում է տեղի ունենում, բնականաբար, որևէ խնդիր հնարավորություն է մյուս ճամբարի համար՝ նախաձեռնությունը վերցնել: Սակայն հասկանալով ռեգիոնի խնդիրները, Արևմուտքը պետք է հստակ առաջարկ ունենա, այլապես սա կլինի փխրուն մի բան»,- ասաց Գոգոլաշվիլին:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, Գոգոլաշվիլիի խոսքով, ՌԴ պասիվության գլխավոր պատճառը Թուրքիան է և ներկայումս Հարավային Կովկասի կարևորության կորուստը ՌԴ-ի համար:
«Բացի այդ, ՌԴ-ում թերագնահատում են Արևմուտքի հնարավորությունները Հարավային Կովկասում, կարծում, որ այս ռեգիոնն ԱՄՆ-ին պետք չէ, գործնական որևէ քայլ ԱՄՆ-ը այստեղ չի կարող անել, հեռու է և այլն, և այլն: Սակայն սա նոր աշխարհ է, նոր իրավիճակ, ու բոլոր խաղացողները ելնում են դրանից, իսկ ՌԴ-ն շարունակում է առաջնորդվել իրերի նախկին դրություններով: Ես չեմ կարծում, թե Ռուսաստանը ցանկանում է ու պատրաստ է կորցնել իր դիրքերը Հարավային Կովկասում, այստեղ խնդիրն այն է, որ նա չի կորցնի այդ դիրքերը, կամ, եթե կորցնի, անմիջապես կվերականգնի: Դիրքեր կորցնելը Հարավային Կովկասում ՌԴ-ի համար կարող է դիտարկվել աշխարհաքաղաքական զարգացումների ամենավատ սցենարի դեպքում: Ի դեպ, ՌԴ ավելի հեռադիր պահվածքը պայմանավորված է նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների անհաջողություններով»,- նկատեց նա: