«Արցախի խնդիրն օրակարգ չբերելը և կենտրոնանալը միայն Փաշինյանի նշած տարածքով Հայաստանի վրա, երաշխիք չէ, որ կարող ենք այդ տարածքներն անվտանգ պահպանել». Պատմաբան
Երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Հայաստանի 29.800 հազ քառակուսի կիլոմետրը հայկական կողմի համար «կարմիր գիծ» է։
«Էդ որտեղ են էդ մտքերը ծագում, ես ուզում եմ իմանալ: Էդ մտքերը կարող են ծագել կամ թշնամու գլխում, կամ՝ թշնամական քարոզչության ազդեցության տակ գտնվող մարդկանց: Ես շարունակաբար կրկնում եմ՝ ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ է մեզ համար: Այսինքն, ի՞նչ ենք քննարկում ընդհանրապես, մենք քննարկում ենք մեր տարածքային ամբողջականության հա՞րցը: ՀՀ ինքնիշխանությունը, սուվերենությունը, անկախությունը քննարկման ենթակա լինել չի կարող: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից, տարիքից, անհրաժեշտության դեպքում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, զենքը ձեռքին պիտի պաշտպանի հայրենիքի ամեն քառակուսի միլիմետրը,- նշել էր նա և հավելել,- ՀՀ տարածքներն անսահմանափակ չեն, ՀՀ-ն ունի սուվերեն տարածք, էդ սուվերեն տարածքը Խորհրդային Հայաստանի տարածքն է՝ 29.800 քառ. կմ»:
Ի՞նչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը, Արցախը նրա նշած այդ տարածքի ո՞ր մասում է տեղավորվում։
168.am-ի հետ զրույցում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդգար Հովհաննիսյանն արձագանքելով այս հարցերին՝ նկատեց՝ բազմիցս հայտարարվել է, որ Արցախից հրաժարվելը սպառնալիքի տակ է դնում առհասարակ Հայաստանի գոյությունը, քանի որ այն շրջանակները, որոնք Արցախն ընկալում էին՝ որպես հոգս կամ խարիսխ, որը կկտրեն, և նավն առաջ կգնա՝ այդպես չէ։
«Արցախի խնդրից հետքայլ կատարելն ու օրակարգ չբերելը և կենտրոնանալը միայն Նիկոլ Փաշինյանի նշած տարածքով Հայաստանի վրա, երաշխիք չէ, որ կարող ենք նույնիսկ այդ տարածքներն անվտանգ պահպանել։ Փաստն արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ոտնձգություններն են, այսինքն՝ մենք որևէ երաշխիք չունենք, որ այդպես չի լինելու։
Ի դեպ, այս ամենի ապացույցը միայն վերջին երկու տարիները չեն, դա պատմություն է։ Թուրքական տարրը մոտ հազար տարի առաջ է հայտնվել այս տարածքում՝ 11-րդ դարի կեսերին, և երբևէ այդ տարիների ընթացքում այնպես չի եղել, որ մեր ջրերը «մեկ առվով» գնան։ Կան, չէ՞, ժողովուրդներ, որոնք իրար հետ պատերազմում են, հետո հաշտվում են, հետո դաշնակցում են երրորդի դեմ, և այլն։ Թուրքական տարրի հետ՝ իր բոլոր տարատեսակներով՝ սելջուկ, օսման և այլն, մենք խնդիր ենք ունեցել։ Ըստ այդմ, որտեղի՞ց է այդ երաշխիքը և ո՞վ է լիազորել ժողովրդի անունից նման փաստաթղթի ստորագրումը։
Երկրորդը՝ եթե որևէ փաստաթուղթ պետք է ստորագրվի, խոսվում է ժողովրդավարության ու թափանցիկության մասին, հետևաբար՝ ժողովուրդը պետք է հստակ տեղյակ լինի, թե ինչի մասին է խոսքը։ Գաղտագողի փաստաթղթեր ստորագրել ու հետագայում փաստի առաջ կանգնեցնել սերունդներին ու հետագա իշխանություններին՝ անթույլատրելի է»,- նշեց պատմաբանը։
Ըստ նրա, հասկանալի է, որ այսօր երկիրը գտնվում է ծանր վիճակում, իսկ որոշ ժամանակ առաջ խոսվում էր չորրորդ հանրապետություն ստեղծելու մասին, սակայն իրականում Երրորդ Հանրապետությունն են կործանել կամ կործանում են։ Այս պահին պետք է մտածել այն փրկելու մասին։
Հիշեցնենք, որ չորրորդ հանրապետություն ստեղծելու մասին թեզն առաջինը շրջանառության մեջ է դրել ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր «Դեպի «Չորրորդ Հանրապետություն» խորագրով հրապարակման մեջ. «Պատերազմի պատճառած համազգային ցնցումից ու պարտադիր անցումային փուլից հետո մենք պետք է ձեռնարկենք նոր պետության կառուցումը, որը պայմանականորեն այս հոդվածում անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն: «Չորրորդ Հանրապետությունը» պետք է դառնա մեր ժողովրդի նոր գաղափարական, հայեցակարգային և բովանդակային հիմքը»:
Իսկ պատմաբան Էդգար Հովհաննիսյանը մեկնաբանությամբ.
«Բոլորի ծրագրերում, նպատակներում ու գաղափարներում մեկ բան պետք է ֆիքսվի՝ երբ ասում ենք՝ հանրապետության գոյություն, անկախություն, Արցախը պետք է դրա հետ լինի։ Առանց Արցախի Հայաստանի գոյությունն ուղղակի չի կարող լինել՝ որպես սուվերեն, անկախ պետություն։ Եթե ինչ-որ տերիտորիա են ուզում կիսով չափ հայաբնակ, սա այլ բան է, եթե մեր տեսլականն ու ամբիցիան դա է։ Բայց եթե մենք ուզում ենք տարածաշրջանում քիչ թե շատ գոնե իր հարցերում ձայնի իրավունք ունեցող սուվերեն տարածք, պետք է ունենանք Արցախը։ Թուրքերը չեն կանգնելու, նորն են պահանջելու, նոր օրակարգ են ձևավորելու, որն էլ, ի դեպ, իրենք բացահայտ հայտարարում են։ Ադրբեջանը հայտարարում է, թե Արցախի հարցը լուծել է, բա եթե լուծել է, իր խնդիրը ո՞րն է, արդեն Հայաստանն է նրա համար խնդիր։ Ո՞րն է երաշխիքը, որ մենք հրաժարվելով Արցախից՝ դուռ չենք բացելու Հայաստանի մի քանի այլ տարածքների նկատմամբ Թուրքիայի հավակնությունների համար, ինչն էլ այսօր տեսնում ենք»,- հավելեց պատմաբանը։
Նա ցավով արձանագրեց, որ պատմությունից այդպես էլ դասեր չքաղեցին, քանի որ պատմությունը ամենադաժան ուսուցիչն է, պատմությունը դաժանորեն պատժում է, երբ այդ դասերը չեն սովորում։
«Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությանը տեր են կանգնում։ Եթե ռազմական պոտենցիալդ չի ներում, պետք է գումարվի դիվանագիտությունը, ինտելեկտը, այլընտրանքային ռեսուրսները, աշխատանքն օր ու գիշեր։ Այսօր ուր գնում ենք, բոլոր տեղերում մեր առջև դուռ են փակում, մեզ սկսեցին արհամարհել, որովհետև անլուրջ են վերաբերվում։ Որակի վստահություն ենք կորցրել մեր դաշնակիցների ու միջազգային գործընկերների մոտ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Օրինակ բերելով ռուս-ուկրաինական պատերազմը, Էդգար Հովհաննիսյանն ասաց, որ այսօր ամբողջ աշխարհը դատապարտում է Ռուսաստանին՝ պաշտպանելով Ուկրաինային, բայց դրա արդյունքում ռազմական ագրեսիան չդադարեց, և ստացվում է, որ Ռուսաստանը կռվում է ամբողջ աշխարհի դեմ։
«Մեզ կերակրում են գեղեցիկ խոսքերով, ընդ որում, ոչ միայն կիսահայտարարություններով, չկա որևէ հստակ քայլ, կա նավթ ու նավթադոլարներ։ Մեզ որևէ մեկը չի գալու օգնի, մենք մեր խնդիրների տերն ենք և այսօր իրապես Երրորդ Հանրապետությունը փրկելու խնդիր ունենք, և շատ ծանր դրության առջև ենք կանգնած»,- եզրափակեց Էդգար Հովհաննիսյանը։