Նիկոլին փրկելու ժամանակը չէ. դավաճանի պիտակը կպնելու է բոլորիդ. Մանուկյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին

Ազգային ժողովի քառօրյա նստաշրջանը շարունակվում է։

Քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Սեդա Սաֆարյանի թեկնածության հարցը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ չի քննարկելու ՍԴ դատավորի թեկնածուի հարցը, քանի որ Սահմանադրական դատարանի կարգավիճակը, հեղինակությունը վաղուց արդեն նսեմացվել է, երբ ապագայում ԿԸՀ նախագահացուի թեթև ձեռքով, նախագծով իշխանության կողմից ընդհանրապես ձևախեղվեց Սահմանադրական դատարանը:

«Այստեղ եմ եկել տասնյակ-հազարավոր մեր հայրենակիցների խոսքը, հորդորը, խնդրանքը փոխանցելու ձեզ: Այն մարդկանց, որ հաշված ժամերի ընթացքում ինքնաբուխ, հուզված, զայրացած, նյարդայնացած, վրդովված շտապել էին Բաղրամյան պողոտա, ԱԺ շենքի դիմաց: Եվ նույնիսկ հաշվի չառնելով, որ ԱԺ-ի աշխատանքային ժամն ավարտվել է, բայց միակ հասցեն, որ այդ մարդիկ կարողանում էին գտնել, դա Բաղրամյան պողոտան, ԱԺ էր: Այդ մարդիկ ուղղորդված չէին, որևէ մեկը նրանց չէր ուղղորդել: Ուղղորդում չկար, պարզապես կար մեկ բան՝ հայրենիքի, Արցախի նկատմամբ անհանգստությունը:

Եթե ասում ենք՝ կար ուղղորդում, ապա մեկ բան՝ երեկ ԱԺ դահլիճի այս ամբիոնից  հնչած անթույլատրելի, վտանգավոր այն հայտարարությունը, որ եղել է․․․ Չասեք՝ ժողովուրդ չկար այդտեղ, կար և շատ հուժկու, տասնյակ-հազարավոր մարդիկ: Ժողովուրդը պարտադրեց, որ հաշված ժամերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից  ինչ-որ թուղթ ստորագրելու, ՀՀ տարածքի, Արցախի մասին որևէ բան չասելու պատճառով, այդ անհանգստությունից հետո ուղիղ եթերներով, գրավոր հայտարարություններով իշխանության ներկայացուցիչների կողմից եղան բազմաթիվ պարզաբանումներ, հերքումներ, որովհետև հասկանալի էր՝ մարդիկ վրդովված են: Հերքումներ, որոնք, այնուամենայնիվ, չհերքեցին այն վտանգավոր հայտարարությունը, չհերքեցին այս օրերին իշխանական պատգամավորների կողմից պարբերաբար հնչող Արցախի հարցի, Արցախի ապագայի մասին բոլոր վտանգավոր հայտարարությունները»,- ասաց Գեղամ Մանուկյանը և դիմելով ՔՊ-ականներին, իշխանության ներկայացուցիչներին՝ ասաց, որ պետք է դուրս գան ծառայողական մեքենաներից և գիտակցեն՝ պետականության կործանման վտանգի առաջ ենք:

«Հասկացեք, կանգ առեք: Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ինքը մի թուղթ ստորագրի՝ մարդիկ իրեն կարող են ասել դավաճան: Մի պահ մտածեք, որ այդ պիտակն ամեն մեկիդ կպնելու է»,- զգուշացրեց Գեղամ Մանուկյանը, որից հետո դահլիճից սկսեցին ՔՊ-ականները բղավել ու արձագանքել նրան:

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը կոչ արեց ներկաներին պահպանել հանգստություն, իսկ Գեղամ Մանուկյանին, որ այնպես չանի՝ դահլիճում մթնոլորտը լարվի:

Գեղամ Մանուկյանը շարունակեց. «Ժողովուրդը պոռթկման եզրին է: Վերջապես հասկացեք, որ վիճակն օրհասկան է: Վերջապես հասկացեք, որ այս վիճակից դուրս գալու լուծումը մեկն է՝ նոր իշխանություն, նոր կառավարություն, նոր վարչապետ, որը կարող է այս վիճակից դուրս բերել: Պահը լուրջ է: Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս