Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին. Հենակետ վերլուծական կենտրոն

Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին։ Այս մասին գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի լրատվության բաժինը։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

«Սեպտեմբերի 6-ից 8-ը Բաքվում անցկացվել է «ADEX 2022 ժամանակակից զենքի եւ սարքավորումների IV միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցել են 208 ընկերություններ, այդ թվում՝ Բուլղարիայից, Իտալիայից, Չինաստանից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից և առաջին անգամ Հորդանանից։ Ռուսական ռազմական նշանակության տեխնիկան ներկայացրել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ը:

Սեպտեմբերի 6-ին Բաքվի Էքսպո կենտրոնում անցկացվող 4-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերի հետ և քննարկել ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ադրբեջան ժամանած Իրանի պաշտպանության փոխնախարար Ռաստեգարին հայտարարել է, թե Իրանը «ADEX 2022» ցուցահանդեսին ցուցադրել է իր պաշտպանական հնարավորությունների և ձեռքբերումների մի մասը:

Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի ծառայությունից «ADEX 2022» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում հայտնել են, թե Բաքուն պարբերաբար դիմում է Մոսկվային զենքի մատակարարման հարցով։

Պաշտպանական ցուցահանդեսի շրջանում Զաքիր Հասանովը հանդիպել է իսրայելական «Rafael» ընկերության ղեկավար Յոավ Հար Էվենի հետ և ընդգծել Իսրայելի հետ ռազմական համագործակցության ամրապնդման կարևորությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ «Rafael»-ը և իսրայելական այլ 8 ընկերություներ մասնակցել են Բաքվում ընթացող ցուցահանդեսին։

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը հայտարարել էր, որ Բաքուն «ADEX» 4-րդ միջազգային պաշտպանական և «Securex Caspian» 13-րդ միջազգային ցուցահանդեսների շրջանակում Թուրքիայի և Իսրայելի հետ պայմանագրեր է ստորագրելու նոր զինատեսակների գնման վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի հետ համագործակցության զարգացումն Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի առաջնահերթություններից է։

Գուլիևը նաև նշել է, որ Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանի արտադրած ռազմական արտադրանքի մեծ պահանջարկ է առաջացել, և իրենք արդեն զենք են վաճառում անգամ ԱՄՆ-ին։

Ադրբեջանի պաշտպանական 4-րդ միջազգային ցուցահանդեսում (ADEX) առաջին անգամ ցուցադրվել է զենքի հեռահար կայունացման համակարգ։ Ներկայացվել է նաև Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության և թուրքական «ASELSAN» ընկերության համատեղ նախագծի հիման վրա մշակված 250 կգ քաշով «GFAB-250 LG» ռումբը։

«HAVELSAN Azərbaycan»-ի ղեկավար Էրխան Աբդուլլահ Քանաթը հայտարարել է, թե Ադրբեջանը կօգտագործի թուրքական «HAVELSAN» ընկերության ծրագրային ապահովումը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ ADEX ցուցահանդեսում ներկայացվել է Ադրբեջանում «İmprotex İndustries» ընկերության կողմից ստեղծված ականներ որոնող ռոբոտը։

Թուրքական STM (Savunma Teknolojileri Mühendislik ve Ticaret AŞ) պաշտպանական ընկերությունը Ադրբեջանի Զինված ուժերի կարիքների համար նախագծել է STM-MPAC ռազմական կատերը։ STM-ն իր արտադրանքը ներկայացրել է Բաքվում 4-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսում (ADEX-2022)։

Ալիևը հայտարարել է, թե այժմ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է ավելի քան 50 երկրի առաջատար ընկերությունների հետ ավիացիայի, նավիգացիայի եւ այլ ոլորտներում։ Առաջիկա ժամանակահատվածում իրենք ավելի են ուժեղացնելու Ադրբեջանի զինված ուժերը։

Զաքիր Հասանովն ընդունել է գեներալ-լեյտենանտ Աբդուլա Քաթըրջիին, որի լրազորությունների ժամկետը Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի թուրքական զորակազմում ավարտվել է։ Այսուհետ ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի թուրքական զորակազմը ղեկավարելու է գեներալ-մայոր Ֆաթիհ Աքփընարը։

Սեպտեմբերի 10-ին Զաքիր Հասանովը բանակի հրամկազմի հետ ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում խնդիր է դրել «պատրաստ լինել կանխելու ցանկացած սադրանք»՝ ընդգծելով լարվածության հավանականությունը, որը կարող է առաջանալ Քարվաճառի և Բերձորի ուղղությամբ։

Իսկ ադրբեջանական բանակի ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևն այցելել է Ցամաքային զորքեր և ծառայողական խորհրդակցություն է անցկացրել զորքերի ղեկավարության հետ։ Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական օդաչուները շարունակել են «TurAz Qartalı – 2022» համատեղ վարժանքները։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Գերմանիայի Կառլսռուե քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը հանդես է եկել Արցախի, արցախահայության և նրա հոգևոր–մշակութային ժառանգության վերաբերյալ հայտարարությամբ։ ԵՀԽ-ն կոչ է արել հարգանք դրսևորել Արցախի սրբավայրերի և մշակութային ժառանգության նկատմամբ՝ նկատի առնելով այդպիսի վայրերի սրբապղծման մասին բազմաթիվ զեկույցները:

Ադրբեջանի Ազգային երկրաբանահետախուզական ծառայության պետ Ալի Ալիևը հայտարարել է, թե հանքահումքային բազայի ամրապնդման նպատակով այս տարվա 8 ամիսների ընթացքում երկրաբանահետախուզական աշխատանքներ են իրականացվել Ղարաբաղի հանքավայրերում։ Քարվաճառում և Լաչինում իրականացվել է հանքավայրերի երկրաբանական գնահատում։

Մեկնարկել է Կովսականի (Զանգելանի) շրջանի Աղալը գյուղ ադրբեջանական բնակչության բնակեցման երկրորդ փուլը՝ այս անգամ տեղափոխելով 25 ընտանիք (125 հոգի): Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել, որով Ղարաբաղի վերականգնմանը երեք միլիոն մանաթ է հատկացվել։ Շուշիի պետական արգելոցի վարչությանը հատկացվել է 600 հազար մանաթ

Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) խոշորագույն մարդատար ինքնաթիռը՝ Airbus A340-500-ը, իրականացրել է իր առաջին տեխնիկական թռիչքը և վայրէջք կատարել Կովսականի (Զանգելանի) միջազգային օդանավակայանի նոր թռիչքուղու վրա:
Ղարաբաղում ռադիոհեռուստատեսային հեռարձակման ցանցի վերակառուցման շրջանակներում շահագործման է հանձնվել Լաչինի շրջանում տեղակայված ռադիոհեռուստատեսային հեռարձակման կայանը:

Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությանը հաղորդել է, որ արագացված տեմպերով շարունակվում է Վարանդա (Ֆիզուլի)-Ակնա (Աղդամ) ավտոմայրուղու շինարարությունը։

Տարածաշրջանային ծրագրերի մասին

Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել համատեղ միջոցառում՝ նվիրված «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարներին։ Միջոցառման ժամանակ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև առաջին եռակողմ հանդիպման արդյունքների հիման վրա ստորագրվել է Բաքվի հռչակագիրը տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ։

Հռչակագրի համաձայն՝ կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել ենթակառուցվածքի եւ տրանսպորտային հնարավորությունների գնահատման եւ ուսումնասիրման ոլորտում՝ միջանցքը լիարժեք օգտագործելու նպատակով։ Բացի այդ, կողմերը հայտարարել են մեկ ամսվա ընթացքում «Ռեշտ-Աստարա» երկաթուղային նախագծի վերաբերյալ համաձայնագիր պատրաստելու և մինչև 2022թ. վերջ բանակցություններ սկսելու մտադրության մասին։

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը հանդիպել է Բաքվում գտնվող Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանով և Իրանով անցնող միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքների, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շուրջ։

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը նշել է, թե այս տարի Թուրքիան և Եվրոպան 11 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ են ստացել Անդրանատոլիական (TANAP) և Անդրադրիատիկ (TAP) գազատարներով:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, թե Եվրոպան քայլեր է ձեռնարկում ռուսական գազից այլ վստահելի մատակարարների՝ ԱՄՆ, Նորվեգիա, Ադրբեջան, Ալժիր և այլն, անցնելու ուղղությամբ։

Բելգրադում սեպտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ կայացած մամուլի ասուլիսում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ խնդրել է Թուրքիային թույլատրել Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը

Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Նիկոլա Ստոյանովը հայտարարել է, թե Բուլղարիան և Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել էլեկտրաէներգիան գազով փոխանակելու մասին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանից գազի մատակարարումները Բուլղարիա կարող են ավելանալ՝ հասնելով տարեկան 1 մլրդ խմ-ի ։

Գերիների մասին

Սեպտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել են հայ ռազմագերիների փոխանցումը։

Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերեվարված անձանց, ծանոթացել նրանց առողջական վիճակին: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, թե Ադրբեջանի գերագույն դատարանը մեղմել է 2020 թ-ի դեկտեմբերին Հադրութում գերեվարված չորս հայ ռազմագերիների պատիժը։

Գերմանիայի Կառլսռուե քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը դիմել է ՄԱԿ-ին, ԵՄ-ին և Ադրբեջանի իշխանություններին բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին անհապաղ ազատ արձակելու համար։

Տեսանյութեր

Լրահոս