Վանեցյան-Խաչատրյան գաղտնալսման գործը տեղում դոփում է. ովքեր են «խառնվել գործին». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․

«Մեկ օրից լրանում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով 4-րդ տարին: Դեռեւս մեկ տարի առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն այժմ էլ շարունակվում է:

Այս գործով երեքն էլ որպես տուժող են ճանաչվել ու հարցաքննվել: Նկատենք, սակայն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության շրջանակներում (որը դեռեւս շարունակվում է) տուժողները հարցաքննվել են 1.5 տարի առաջ, ինչը ենթադրել է տալիս, որ գործը 1.5 տարի տեղում դոփում է: Ըստ էության, 4 տարվա ընթացքում իրավապահներին այդպես էլ չի հաջողվել բացահայտել գաղտնալսման դեպքն ու պարզել, թե, ի վերջո, ով էր կազմակերպել, իրականացրել, այնուհետեւ հրապարակել գաղտնալսված հեռախոսազրույցը:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ` 2018-ի սեպտեմբերի 11-ին, համացանցում էր հայտնվել Վանեցյանի եւ Խաչատրյանի աղմկահարույց հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Նրանք 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Գաղտնալսման հրապարակումից երկու տարի անց՝ 2020 թվականի հունիսի 10-ին, ՀՔԾ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, որ գաղտնալսման գործը բացահայտված է:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, թե հարցումներ են ուղարկել որոշ երկրներ եւ սպասում են պատասխաններին, սակայն պատասխանները այդպես էլ չեկան:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեից զանգահարել են նշված երկրների իրավապահ մարմիններին եւ խնդրել, որպեսզի հարցմանը պատասխանեն, սակայն այդպես էլ չեն պատասխանել: Այլ ուժային կառույցներից էլ են «գործին խառնվել», բայց դարձյալ սայլը տեղից չի շարժվել»։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս