Պատկերացնո՞ւմ եք՝ բուհերի միավորման ընթացքում ինչ ցնցումներ են լինելու. Սերոբ Խաչատրյան
Սեպտեմբերի 1-ի Կառավարության նիստի մեկնարկին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ շնորհավորանքից հետո Նիկոլ Փաշինյանն ավետեց. «Մենք մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես, որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ: Այդ բուհերը, ուշադրություն դարձրեք, լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին՝ սկսած ֆիզիկական, այդ թվում՝ կրթական, հետազոտական, մարզական, հանրակացարանային ենթակառուցվածքներից՝ մինչև միջազգային կրթական ծրագրերը և որակավորված ու պատշաճ վճարվող պրոֆեսորադասախոսական կազմը: Մենք արդեն կողմնորոշվել ենք ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ՝ Աշտարակում, և միավորվող, նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ: Մեր բուհերը, ըստ այդմ, պետք է գրավիչ լինեն ոչ միայն հայաստանյան, այլև օտարերկրյա ուսանողների համար, և օտարերկրացի ուսանողների թվի շարունակական ավելացումը մեր բուհական համակարգի մրցունակության ամենավստահելի ցուցիչը պիտի դառնա»,- ասաց Փաշինյանը
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ գաղափարը լավն է, սակայն արդեն կա ակադեմիական քաղաք՝ Երևանի կենտրոնում, որտեղ համախմբված են բուհերը, ԳԱԱ-ն, հիվանդանոցներ կան, հանրային գրադարանը:
«Այսինքն, Երիտասարդական մետրոյի հարակից հատվածներում մենք արդեն ունենք ակադեմիական քաղաք, և ինձ թվում է՝ սա ժամանակին պլանավորվել է: Այո, որոշակի խցանումներ են, քաղաքի կենտրոնը ծանրաբեռնվում է, բայց անձամբ ինձ դուր է գալիս Երևանի ուսանողական հատվածը: Երբ բուհերը դնում ես քաղաքի կենտրոնում՝ մետրոների շուրջ, ըստ էության հասանելիություն ես ապահովում, որովհետև Հայաստանը դեռևս այն երկիրը չէ, որ դասախոսները և ուսանողները օրական 20-30 կմ երթևեկեն՝ աշխատատեղ հասնելու համար: Հիմա, երբ բուհերը տանում ենք Աշտարակ՝ ստեղծելու ենք բազմաթիվ անհարմարություններ, ֆինանսական լրացուցիչ ծախսեր: Հանրակացարանային մեծ ֆոնդ է պետք ստեղծել, գուցե դասախոսներին է պետք բնակարաններով ապահովել, որովհետև կան մարդիկ, որոնք 20-25 ժամ դասավանդում են և անընդհատ պետք է լինեն Աշտարակում: Նույնը՝ վարչական աշխատողների դեպքում»,- «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սերոբ Խաչատրյանը:
Կրթության փորձագետի խոսքով՝ ստեղծվելու են անիմաստ անհարմարություններ՝ առանց հստակ հիմնավորումների:
«Եթե լիներ ապացույց, որ կենտրոնից ծայրամաս տանելն ազդում է կրթության որակի վրա, ես մեծ սիրով կհամաձայնեի: Բայց նման ապացույց չկա: Ի՞նչ տարբերություն՝ դասախոսը քաղաքի կենտրոնում է դասավանդում, թե կենտրոնից դուրս. նույն դասախոսն է:Այստեղ ավելի կարևոր է դասախոսների, ծրագրերի որակը, կրթական համակարգի կառավարումը: Ինքս դասախոս եմ, չեմ կարծում, որ տարան Աշտարակ՝ ավելի լավ կաշխատեմ: Հակառակը, գուցե ավելի վատ աշխատեմ, որովհետև օրական պետք է շոշափելի ժամանակ ծախսեմ՝ այդ ճանապարհն անցնելու համար: Եվ, եթե ունենում ենք 8 բուհ, կառավարությունն ասում է, որ 5 բուհ մտնելու է աշխարհի լավագույն 500 համալսարանների մեջ: Սա ո՞նց ենք անելու, եթե 2026թ. հազիվ ակադեմիական քաղաքի շինարարությունը պետք է ավարտվի: Պատկերացնո՞ւմ եք, այդ բուհերի միավորման ընթացքում ինչ ցնցումներ են լինելու: Ցնցումների տակ հայտնված բուհերը ո՞նց են դառնալու աշխարհի 500 լավագույն բուհերից»,- հարց բարձրացրեց Սերոբ Խաչատրյանը:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն էլ ասաց՝ ունենալ ակադեմիական քաղաք՝ լավ բան է, բայց երբ վերցնում ենք մեր ռազմավարությունը՝ խնդիրները, չենք լուծելու:
Պետական ֆինանսավորման, կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանն էլ հավելեց.
«Արդեն 20 տարի աշխատում ենք փաստերի վրա հիմնված քաղաքականություններն ինչ-որ ձևով պետական մարմինների գործունեության մեջ ներառելու ուղղությամբ: Շատ չնչին հաջողություններ կային նախկին իշխանությունների օրոք, բայց այս իշխանության օրոք ընդհանրապես վերացել է այդ հարցը, որովհետև մարդիկ իրենց գլխում պատկերացումներ ունեն խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ ու կողքից ոչ մեկի չեն լսում: Նախկին իշխանությունը համարձակություն ունեցավ ասել, որ գրագողությունը ՀՀ-ում համակարգային բնույթ է կրում, բաց քաղաքական կամք չունեցան՝ լուծելու այդ խնդիրը: Քանի՞ անգամ է Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրում գրագողության մասին խոսվել՝ ոչ մի: Հիմա, որ բուհերը տարան Աշտարակ, գրագողություն չի՞ լինելու: Ի՞նչ տարբերություն՝ որտեղ են արտագրում»: