ԿԲ–ն ինչքան էլ պայքարի, կլինի դոնքիշոտյան պայքար, եթե կառավարությունը համընթաց քայլեր չի անում. Ատոմ Մարգարյան
Վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանում 2022 թվականի հունվար-օգոստոսի սպառողական գների ինդեքսը: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.2%: Ընթացիկ տարվա օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի երկնիշ՝ 12.5% գնաճ:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Ատոմ Մարգարյանը շեշտում է՝ գնաճային միջավայր ձևավորող՝ հատկապես ուկրաինական ճգնաժամով պայմանավորված գործոնների ազդեցությունն աննախադեպ է:
«Մեր գործընկեր երկրներում այդ տեսանկյունից, կարելի է ասել, խայտառակ վիճակ է: ՌԴ շուկայում ռուբլու փոխարժեքի վայրիվերումները և որոշակի կայունացումներն ազդում են մեր ներմուծման ոչ միայն գների, այլև կառուցվածքի, ներդրումային ռեժիմների, տրանսֆերտների վրա: Բոլոր այդ գործոնները բացասական ազդեցություն են թողել գնաճի վրա. այդ տենդենցը կա տարածաշրջանի մյուս երկրներում ևս: Թուրքիայում ընդհանրապես քառատրոփ գնաճային իրավիճակ է:
Քանի որ գնաճը հետևանք է, իսկ դրա դեմ պայքարի գործիքները Կենտրոնական բանկի և կառավարության ձեռքին են, երկուստեք հնարավորինս փորձ է արվում զսպել այս իրավիճակը: Սակայն Կենտրոնական բանկն ինչքան էլ պայքարի, միևնույն է՝ կլինի դոնքիշոտյան պայքար, եթե կառավարությունը համընթաց քայլեր չի անում, այսինքն՝ իր տեսանկյունից չի զսպում ծախսերը և չի կիրառում վերահսկողության իր մեխանիզմներն ու սխեմաները՝ հատկապես տնտեսական մրցակցության, շուկայի վերահսկողության համակարգերի միջոցով»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց տնտեսագետը:
Ատոմ Մարգարյանի գնահատմամբ՝ հենց վերահսկողության բացակայությունն է հաճախ հանգեցնում ռեսուրսների, ապրանքների, ծառայությունների սեփականատերերի կողմից գների անհիմն բարձրացման։ Որպես օրինակ՝ նա հիշեցրեց հատկապես անշարժ գույքի շուկայում առկա իրավիճակը՝ գնաճային խստագույն ճնշումներ սպառողական և հիպոթեքային շուկայի վրա, վարձակալական բարձր վճարներ և այլն:
Այս համատեքստում անդրադառնալով ռուս-ուկրաինական ճգնաժամի ուղղակի ազդեցություններին՝ տնտեսագետը նկատեց, որ դրանք գնաճի կորագիծը վեր մղելու գործում դարձել են կայուն ու պերմանենտ գործոններ.
«ՌԴ քաղաքացիները, որոնք տեղափոխվել են Հայաստան, այստեղ վճարումներ են անում կացության, տարբեր ծառայություններից օգտվելու և սննդի համար, նրանց վճարունակության մակարդակը կրկնակի բարձր է, այսինքն՝ նրանք շատ ավելի փող ունեն նույն ապրանքի ու ծառայության դիմաց վճարելու, քան ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին: Իրականում, սա գնաճի այս ֆենոմենի մեջ ոչ վերջին դերը խաղացող գործոն է»:
«Եվ եթե սրան հավելենք բնական մենաշնորհների ոլորտում տիրող իրավիճակը՝ կայուն բարձր գնաճային սակագնային ֆոնը, դրա ճնշումները, ամբողջական կդառնա պատկերը (թվում էր՝ հանրային ծառայություններ մատուցող սուբյեկտների ծառայությունների գները փոխարժեքի այս արժևորման պայմաններում պետք է իջնեին. նկատի ունեմ գազը, էլեկտրաէներգիան, այսինքն՝ այն ապրանքները և ծառայությունները, որոնց դիմաց, ըստ էության, վճարվում է դոլարով):
Նույնը վերաբերում է ՏՄՊՊՀ-ին. գնային այսպիսի խայտառակ տատանումները, մատակարարումների մեծ ինտերվալով վայրիվերումներն ինչպիսի՞ գերշահութաբերություն են ապահովել բազմաթիվ ներկրողների, արտադրողների, վաճառողների, միջնորդների, -եզրափակեց Ատոմ Մարգարյանը՝ հորդորելով ուշադրություն դարձնել վաճառահանման շղթայի առաջին օղակից մինչև սուպերմարկետ գնագոյացման դինամիկային,- Այդտեղ կտեսնեք, որ եռակի, քառակի, հնգակի տարբերություններ կան. այդ տարբերություններն ո՞ւմ գրպանն են մտել»: