ՀՀԿ-ի հաշվին կայանալն ինքնասպանություն է. վայն եկել է՝ տարել, եթե որոշենք ինքնահաստատվողներին պատասխանել. Մամիջանյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով ծավալված իրական ընդդիմադիր շարժումներում Հանրապետական կուսակցությունըներգրավված է եղել մշտապես և շարունակելու է լինել՝ անկախ այն հանգամանքից, որ վերջին շրջանում քննադատվում է ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից, որոնք դաշտ են նետում իրենց արդեն սպառած՝ «Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պրոյեկտն է», «Պատերազմը գցեցին Փաշինյանի գրպանը» իրականության հետ որևէ աղերս չունեցող թեզերը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման պնդում արեց Մամիջանյանը՝ հավելելով.

«Առողջ ընդդիմադիր շարժումների հիմնական դերակատարը եղել է Հանրապետականը, սակայն փաստ է, որ այդ թվում՝ և մեր պայքարը բավարար չի եղել վերջնարդյունքի հասնելու համար։ Կարծում եմ՝ պայքարի որակը բավարար չէր հանրության հետ լավ չաշխատելու, լավ չբացատրելու պատճառով»։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ հենց այդ բացն ուղղելու համար ամռան ամիսներին կուսակցականները հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ, և հաշվի առնելով այդ հանդիպումների արդյունքները, կարող է հույս հայտնել, որ հայրենիքի հանձնման դեմ կանգնողների թիվը մեծանում է, և դժգոհության մեծ ալիքի գեներացումը մոտ է, ուստի այստեղ կարևոր է նաև այդ դժգոհության ալիքը ճիշտ ուղղորդելը դեպի վերջնանպատակ, այն է՝ Փաշինյանի հեռացում և հայրենազրկման դադարեցում։

Հարցին՝ ինչպե՞ս հանրության լայն մոբիլիզացիա ապահովել և դժգոհության ալիքը ճիշտ ուղղորդել այն դեպքում, երբ նույն ընդդիմադիր ուժերը մի կողմից՝ կոչ են անում հանրությանը համախմբվել իրենց շուրջ, մյուս կողմից՝ քննադատում են միմյանց սոցիալական տարբեր հարթակներում, Հայկ Մամիջանյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Այո՛, շատ մարդիկ կան, որոնք փորձում են Հանրապետականի հաշվին կայանալ, բայց դա ինքնասպանություն կլինի, չէ՞ որ ՀՀԿ-ն քաղաքական դաշտի ամենահզորներից մեկն է՝ ինստիտուցիոնալ և կայացած։ Կրկնում եմ՝ ՀՀԿ-ի հաշվին կայանալն ինքնասպանություն է»։

Թե ինչո՞ւ են այս փուլում, երբ խոստացվել է ընդդիմադիր թեժ պայքար, քննադատում Հանրապետականին, Հայկ Մամիջանյանը վստահեցրեց, որ կարող է տասնյակ պատճառներ բերել, սակայն գերադասեց զերծ մնալ դրանից։

«Ես համարում եմ, որ քաղաքական մակարդակում նման դրսևորումներն անթույլատրելի են, համակիրների մակարդակում՝ նմանօրինակ ընդհարումները պետք է խստորեն դատապարտել, որովհետև մեր երկրում մի հոգի, որը կշահի դրանից՝ Նիկոլ Փաշինյանն է. Իհարկե, կշահեն նաև ադրբեջանցիները, որոնք հայաստանյան իրական ընդիմությանն անվանում են ռևանշիստ։

Այնպես որ, մենք համբերատար լռում ենք, բայց երբ որոշենք պատասխանել, վայն եկել է՝տարել»,-ասաց Մամիջանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս