Իրավապահները Փաշինյանի հլու-հնազանդ կամակատարներն են, քանի որ նրանց դեմ կոմպրոմատներ ու շանտաժ է բանեցնում․ Կիմ Բալայան

Հայաստանի հատուկ ծառայություններն իրենց սև գործն արել են՝ յուրաքանչյուր պաշտոնյայի վերաբերյալ ձեռք են բերել աղաղակող փաստեր, կոմպրոմատներ, դրանք ներկայացրել են Նիկոլ Փաշինյանին, նա էլ դրանք հոյակապ օգտագործում է, և արդյունքում՝ պաշտոնյաների մեծամասնությունը դարձել է հլու-հնազանդ կամակատար։ Փաշինյանը նրանց պաշտոնի է պահում շանտաժի ուժով՝ հատուկ ծառայությունների ներկայացրած փաստերի և տվյալների հիման վրա։ Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի՝ պետական դավաճանների համար մահապատիժ սահմանելու առաջարկին, ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտում դավաճաններ չկան, այդպիսիք իշխանությունում են։ Թե առաջարկն ի՞նչ նպատակ է հետապնդում, դժվար է ասել։ Հատկապես իրավական տեսակետից նման հարցի առաջքաշումը, երբ թմբկահարում են, թե դեպի ժողովրդավարություն ենք գնում, անհեթեթություն է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ՍԴ նախկին անդամ, Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր Կիմ Բալայանը։

«1990-95 թթ․ խորհրդարանական գործունեության ժամանակ մենք ծավալել ենք տառապալից աշխատանք, դա մոռանալ չի կարելի։ Անքուն գիշերներ ենք անցկացրել օրենսդրական դաշտ ստեղծելու համար և, փառք Աստծու, ինչ-որ բանի հասել էինք։ Ինչ վերաբերում է օգոստոսի 23-ին կայացած Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստին, տեղի է ունեցել կազմակերպչական խաբեություն կամ մանր խորամանկություն։ Նախապես հրավիրվեց «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության ընդլայնված նիստ, որտեղ հայտարարվեց՝ բոլոր պատգամավորները պիտի տեղեկացվեն հավաքի մասին։ Գևորգ Բաղդասարյանն ազնիվ մարդ է, սակայն ինչ-ինչ ճնշումների հետևանքով նա ասել է, թե իբր նախագահության որոշմամբ նման նիստ տեղի չի ունենա։ Պարզվում է՝ Ռուբեն Թորոսյանն ԱՄՆ-ից հայտարարության նախագիծ է ուղարկել և հորդորել, որ նիստը տապալեն։ Արցախից ընտրված պատգամավոր Գրիշա Բաղիյանը, օրինակ, տեղեկացված չի եղել հավաքի մասին, այդ օրը երեկոյան է միայն փոստով նամակ ստացել, նրա պես՝ շատերը»,- ասաց քաղաքական գործիչը։

«Արցախի անկախության օրվա առիթով Փաշինյանի ուղերձն անորոշությունների մի մեծ շղթա է բացում։ Այս ամբողջ ընթացքում նա իր այդ ո՞ր ասածն է իրականացրել։ Եթե հիշենք նրա շարժման օրերը, երբ գլորվող ձնագնդի պես ավելանում էր նրա կողմնակիցների քանակը, մինչև վերջին ընտրություններ և այդ ընթացքում տրված խոստումներ՝ ո՞րն է կատարվել, որի՞ հակառակը չի արել։ Մեծամասամբ հենց հակառակն է արել։ Բոլորի համար տեսանելի օրինակներից սկսած, երբ արագաչափերն ու տեսախցիկներն իրենց ներքնազգեստներով փակում էին, ասում էին՝ «ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ», վերջացրած բազմաթիվ նման սուտ խոստումներով։

Այդ ո՞վ կանգնեց Ստեփանակերտի հրապարակում ու հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է, և վերջ»՝ այդպիսով Ադրբեջանին դրդելով պատերազմի։ Արդարությունը կարող է հիվանդանալ, բայց երբեք չի մահանում, այս ամենը ջրի երես է դուրս գալու, և գալու է մի օր, երբ նա մեկառմեկ այս բոլոր հարցերին պատասխան կտա՝ սկսած Դուշանբեի վերելակային զրույցից մինչև իր վերջին հայտարարությունները։ Ժողովրդի մեծամասնությունը, առնվազն 80 տոկոսը, բավական լավ պատկերացնում է՝ ո՞վ է այս իրավիճակի մեղավորը, ո՞ւմ վրա է պատասխանատվությունը, ինչո՞ւ է նա խուսափում այդ պատասխանատվությունից, պարզապես մարդիկ թմբիրի մեջ են»,- նշեց Կիմ Բալայանը։

Նախկին պատգամավորի կարծիքով՝ քրեաիրավական տեսակետից պարզից էլ պարզ է, թե ինչու շատերի ցնծության ներքո սահմանադրական կարգի տապալման հոդվածը համարվեց հակասահմանադրական․

«Փաշինյանին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել սահմանադրական կարգի տապալման համար։ Նա շահագրգռված էր ՍԴ որոշմամբ, քանի որ շատ ակնհայտ էր, որ նա սահմանադրական կարգ է տապալել։ Ըստ Սահմանադրության՝ այն հարցերը, որոնք կարգավորվում են Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությամբ, պետք է լուծվեին միջազգային պայմանագրերով, դրանց մի մասն էլ պետք է դրվեր հանրաքվեի, մինչդեռ նա այդ գործողությունը միանձնյա է իրականացրել։ Հոդվածը հանվել է հենց այդ պատճառով։ Դա պարզապես համընկավ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի հետ։ Ապօրինությունն ապօրինություն է ծնում, և այս ամենը չի կարող անհետևանք մնալ։ Ամենամեծ ցավն այն է, որ Փաշինյանի սխալների հետևանքով մենք հասել ենք պարտության, բայց նա նույնիսկ իր թիմից որևէ մեկին իր փոխարեն չի բերել, որը կկարողանար գնալ ու բանակցել։ Ո՞վ է տեսել՝ մարդը հրաժարական տա և շարունակի պաշտոնավարել։ Այդ դեպքում Սերժ Սարգսյանն էլ կարող էր պաշտոնավարել, ի՞նչն է փոխվել՝ Սահմանադրությո՞ւնը, թե՞ օրենքները»,- ամփոփեց Կիմ Բալայանը:

Տեսանյութեր

Լրահոս