«Գործընթացների կազմակերպման հետ կապված բանակցությունները վարվել են Արցախի իշխանությունների կողմից»․ Արարատ Միրզոյանի պատասխանը

Ն․ Փաշինյանի իշխանությունն ասում է՝ մենք մեղավոր չենք, բանակցությունները վարել են Արցախի իշխանությունները, որոնք էլ կազմակերպել են հայկական բնակավայրերի հանձնման գործընթացը.

Հազարավոր հայորդիների անդրդվելիության, խիզախության, աննկուն կամքի, կյանքի եւ առողջության գնով ազատագրված Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը Ն․ Փաշինյանի համաձայնությամբ հանձնվեցին Ադրբեջանին։

Օրերս էլ Ադրբեջանին հանձնվեց Բերձորի միջանցքը, որը յուրահատուկ հույսի կամուրջ էր դարձել, կարևոր գործոն Արցախում անվտանգ և խաղաղ կյանք վարելու համար։

Եվ Ն․Փաշինյանը պարտավոր է հստակ պարզաբանումներ ներկայացնել համայն հայությանը՝ այս ամոթալի համաձայնության կապակցությամբ։

Կարդացեք նաև

Դեռ օգոստոսի 11-ին գրությամբ դիմել էի Ն․ Փաշինյանին՝ պահանջելով պարզաբանումներ, թե՝

1. Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների հանձնումը իրավական ուժ ունեցող ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է իրականացվում,

2. Արդյոք օգոստոսի 25-ը նշված համայնքների հանձնման վերջնական համաձայնեցված օր է, թե՞ ժամկետի երկարաձգման հնարավորություն կա,

3. Ի՞նչ փաստաթղթով և ու՞մ կողմից է համաձայնեցվել նշված համայնքների հանձնման հարցը,

4. ՀՀ կառավարությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո նշված համայնքների հանձնման հարցի վերաբերյալ ի՞նչ բանակցություններ է վարել, այդ ընթացքում արդյոք բանակցե՞լ է նշված համայնքները չհանձնելու շուրջ։ Եթե այո, ե՞րբ, ո՞վ և ու՞մ հետ է բանակցել, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել,

5. Եթե ՀՀ կառավարությունը նշված համայնքների չհանձնման նպատակով բանակցություններ է վարել և մերժվել, ի՞նչ հիմնավորումներ են ներկայացվել մերժող կողմից։

Իսկ եթե ՀՀ կառավարությունը նշված համայնքների չհանձնման նպատակով բանակցություններ չի վարել, որո՞նք են պատճառները և հիմնավորումները,

6. Եթե վաղուց հայտնի էր, որ այդ բնակավայրերը պիտի հանձնվեն, ինչո՞ւ ժամանակին նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացվել, այլ, ընդհակառակը, տարբեր միջոցներով ներդրումներ են արվել այդ համայնքներում, իսկ այսօր ԱՀ պատգամավորները ահազանգում են, որ տարհանման ռեսուրսները չեն բավարարում,

7. Արդյո՞ք բանակցել, ձեռք եք բերել պայմանավորվածություն, որ նշված համայնքների պատմամշակութային ժառանգությանը, գերեզմաններին վնաս չի հասցվի։ Ստացե՞լ եք համապատասխան երաշխիքներ։

Եթե այո, ումի՞ց և ի՞նչ երաշխիքներ եք ստացել, եթե ոչ, ինչո՞ւ։

Նիկոլ Փաշինյանի փոխարեն մեզ համար ճակատագրական այս հարցերին պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը.

«Ի պատասխան վարչապետի աշխատակազմին ուղղված Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ նշյալ բնակավայրերից հայկական բնակչության տարհանումը պայմանավորված է Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության հետ՝ ի կատարումն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ պարբերության։ Հայտնում ենք նաև, որ խնդրո առարկայի վերաբերյալ իրավական նշանակություն ունեցող առկա բոլոր փաստաթղթերը հրապարակված են, իսկ գործընթացների կազմակերպման հետ կապված բանակցությունները վարվել են Արցախի իշխանությունների կողմից»: Ոչ մի էական պատասխան՝ իմ կողմից բարձրացված կոնկրետ հարցերին:

Ի՞նչ է ստացվում՝ Ն․ Փաշինյանի իշխանությունն ասում է՝ մենք մեղավոր չենք, բանակցությունները վարել են Արցախի իշխանությունները, հայկական բնակավայրերի հանձնման գործընթացն էլ կազմակերպել են Արցախի իշխանությունները:

Ու սա այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունում հստակ գրված է. «Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է»:

Փաստորեն, տարածքներ հանձնելով է Նիկոլ Փաշինյանը երաշխավորում Արցախի անվտանգությունը:

Մինչդեռ 2019թ․ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարում էր, թե Արցախը Հայաստան է եւ վերջ: Հ. Գ. Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանում ժողովրդավարությունը հռչակել է թիվ մեկ բրենդ, Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների իրավունքներին, անվտանգությանը եւ մեր երկրի տարածքային ամբողջականությանը վերաբերող կարեւորագույն հարցերին խուսափում է պատասխանել՝ դրանք ուղղորդելով դեպի ԱԳՆ տիրույթ:

Խորհրդարանական երկրում Կառավարության ղեկավարը խուսափում է հաշվետվողականությունից: Ի դեպ, այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման օրն է, որը երբեք չի ջնջվելու մեր օրացույցի հերոսական օրերի շարքից, ինչքան էլ օրվա իշխանությունը ցանկանա։ Շնորհավորում եմ։

Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական 

Տեսանյութեր

Լրահոս