Աշխարհաքաղաքական թեժ առևտուր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» համար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն իր հերթական հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հետ, այսպես կոչված, նորմալացման գործընթացին և «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտին:

Թուրքական Haber Global հեռուստաընկերության եթերում թուրք դիվանագետը նշել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի անկեղծ չլինելը բոլորին տեսանելի է, Երևանում պետք է կողմնորոշվեն՝ ուզո՞ւմ են խաղաղություն, թե՞ ոչ։

«Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներն անց են կացրել չորս հանդիպում։ Խոսքը գնում է հարաբերությունների աստիճանական կարգավորման մասին։ Ադրբեջանի հաղթանակից հետո Թուրքիան հանդես է եկել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օգտին։ Այս ուղղությամբ քայլերը շարունակվում են։ Խոսքը գնում է Հայաստանի հետ ավիահաղորդակցության մասին, և այլն։ Նաև որոշակի ջանքեր են ձեռնարկվել առևտրային ոլորտում»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Նրա պնդմամբ՝ Անկարան որևէ գաղտնի պլան չունի Բաքվից։ «Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության գրավականը Հայաստանի և Ադրբեջանի միջև մասշտաբային խաղաղության պայմանագիրն է։ Բաքուն հայտարարել է իր նախաձեռնությունները, որոնց Երևանը չի պատասխանել։ Ստեղծվել է համատեղ հանձնաժողով, որը պետք է սկսի աշխատանքները։ Խոսքը գնում է նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Սակայն Հայաստանում մտահոգված են դրանով։ Երևանում պետք է կողմնորոշվեն՝ ուզո՞ւմ են խաղաղություն, թե՞ ոչ»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ ըստ էության ակնարկելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան պարտադրում են «Զանգեզուրի միջանցքը», ու դրանից հրաժարվելն ունենալու է հետևանքներ:

Չավուշօղլուն ևս մեկ անգամ ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարելի առանձնացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, քանի որ դրանք զուգահեռ ընթացող գործընթացներ են և կախված են մեկը մյուսից։

Օրերս APA-ի հետ զրույցում Թուրքիայի առևտրի նախարարի տեղակալ, Մաքսային վարչության տնօրեն Ռեզա Թունա Թուրագայն անդրադարձել էր «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորություններին: Նրա խոսքով, «Զանգեզուրի միջանցքի» բացումը Թուրքիային առավելություն կտա այն իմաստով, որ Ադրբեջանի միջոցով երկիրը կկարողանա դուրս գալ Կենտրոնական Ասիայի երկրներ և ավելացնել առևտրի ծավալները: «Ռուսաստանի հետ ամենաբարձ մակարդակով շարունակում ենք բանակցել «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցով: Ակնկալում ենք, որ միջանցքը կբացվի ամենամոտ ժամանակներս», – ասել էր թուրք փոխնախարարը:

Ավելի վաղ Իլհամ Ալիևն էլ հայտարարել էր, թե Բաքուն առաջիկա շաբաթներին հայկական կողմից սպասում է «Զանգեզուրի միջանցքի» երթուղուն:

«Մենք պետք է խաղաղ բանակցություններ սկսենք Հայաստանի հետ: Առայժմ մենք դրական պատասխան չենք ստացել, բայց հուսով եմ, որ մենք կստանանք այն։ Պետք է ստեղծել դելիմիտացիայի հանձնաժողով։ Նրանք դեմ էին դրան, բայց ի վերջո համաձայնեցին։ «Զանգեզուրի միջանցք» է պետք, բայց նրանք դրան էլ էին դեմ։ Հիմա առաջիկա շաբաթներին նրանցից սպասում ենք «Զանգեզուրի միջանցքի» երթուղուն»,- Ալիևի խոսքերը մեջբերել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Եվ չնայած Նիկոլ Փաշինյանն օգոստոսի սկզբին հայտարարել էր, թե ադրբեջանցիները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հենց այսօր էլ կարող են հատել Հայաստանի սահմանն ու գնալ Նախիջևան, որը, ի դեպ, բացասաբար ընկալվեց հայ հասարակության մի մեծ հատվածի կողմից, Ադրբեջանն ու Թուրքիան պնդում են, որ պետք է լինի միջանցք, և այդ հարցով բանակցում են ռուսական կողմի հետ:

168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ այս հարցում ակնհայտորեն լուրջ տարաձայնություններ կան Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև, քանի որ չի հաջողվում համաձայնության գալ ճանապարհի ձևաչափի շուրջ, և Թուրքիան այդ հարցը նախատեսում է լուծել Ռուսաստանի հետ: Դա, նրա որակմամբ, վտանգավոր իրավիճակ է, քանի որ Ռուսաստանին էլ աշխարհաքաղաքական զարգացումների այս հանգրվանում խիստ անհրաժեշտ է Թուրքիայի աջակցությունը, որն էլ իր հերթին՝ Արևմուտքի մեծ ճնշման տակ է գտնվում Ռուսաստանի պատճառով:

«Ռուսաստանն ամեն գնով ցանկանում է պոկել Թուրքիային արևմտյան ազդեցությունից, և ներկայումս ռուս-թուրքական աշխարհաքաղաքական «առևտուրն» ամենաթեժ փուլում է: Էրդողան-Պուտին վերջին հանդիպումից հետո տեսանք, որ քննարկվեց թե Սիրիան, թե Հարավային Կովկասը, թե Ուկրաինան, թե ուկրաինական հումանիտար խնդիրներ, թե տնտեսական բլոկի փոխհամագործակցություն, սրանք այն թեմաներն են, որոնց շուրջ երկու կողմը բանակցում են և փորձում հասնել իրենց ցանկալի արդյունքին: Ճանապարհի ձևաչափի շուրջ ՌԴ-ն սկզբունքային մոտեցում չունի, թեև ռուսական կողմից եղել է հայտարարություն, որ ՀՀ ինքնիշխանությունը պահպանվելու է: Սակայն անկայուն աշխարհաքաղաքականության և ակտիվ բանակցությունների փուլում դիրքորոշումները կարող են փոխվել»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ այս իմաստով դրական չէ նաև հայ-ռուսական սառնությունը, որն արտահայտվեց վերջերս ռուսական բողոքի նոտայով: Նրա կարծիքով, այս զարգացումների կոնտեքստում ուշագրավ է հիշել Իրանից ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարությունները հայ-իրանական սահմանի արգելափակման անթույլատրելիության մասին:

«Կան բանակցություններ, գործընթացներ, որոնք ամբողջությամբ հրապարակային չեն, և միայն որոշ ժամանակ անց է ավելի պարզ դառնում այդ գործընթացների հնարավոր ուղղությունը: Եվ ստացվում է, որ իրանական կողմն ուներ հիմքեր նման մտավախությունների համար: Այս առումով էական նշանակություն կարող է ունենալ նաև Իրան-Արևմուտք միջուկային գործարքի վերականգնումը, որը կամրապնդի տարածաշրջանում Իրանի դիրքերն ու դիրքորոշումները: Կապ ունի նաև, թե այն ինչ ժամկետներում տեղի կունենա, և Իրանի հետ ինչպես կաշխատեն: Հարավային Կովկասում Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքերից է կախված լինելու հնարավոր համաձայնությունը, իսկ դրանք դեռ փոփոխվում են՝ Ռուսաստանի վիճակն է պատերազմում փոխվում, Թուրքիան է Արևմուտքի ճնշումների ու Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում, Իրանն է Արմուտքի հետ համաձայնությունների շեմին: Սրանք էական գործընթացներ են, և Հայաստանի շահերից կբխի այս հարցում Իրանի ավելի ծանրակշիռ խոսքը, որը կլինի այդպիսին միջուկային նոր համաձայնության դեպքում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում, անդրադառնալով ՀՀ տարածքով «միջանցք» ունենալու մասին ադրբեջանական կողմի հայտարարություններին, ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհային ռեժիմը հիմնված կլինի Հայաստանի տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա։ «Դա կլինի պարզեցված, բայց միանշանակ հիմնված կլինի հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և այստեղ ոչ մի երկիմաստություն լինել չի կարող», – ընդգծել էր Լավրովը:

Տեսանյութեր

Լրահոս