«Առայժմ ընթացող պատերազմը լրջագույն հետևանքային սպառնալիք է Հարավային Կովկասի ու հատկապես Հայաստանի անվտանգության համար». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայի նախագահ Էրդողանի միջնորդական ջանքերը` Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ Լվովում կայացած հանդիպումով, կարծես թե հաջողություն չեն ունեցել: Նրա միջնորդական առաքելությունը հաջողություն չի գրանցել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ու բանակցությունները սկսելու առումով: Իսկ արդյո՞ք այդ գործընթացում Թուրքիայի բուն նպատակը պատերազմը կանգնեցնելն ու բանակցություններ նախաձեռնելն է:

Դատելով միջազգային լրահոսում տեղ գտած տարատեսակ վերլուծություններից, Էրդողանն այդ «առաքելությունը» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստանձնել է նախ և առաջ Թուրքիայի դերակատարությունը միջազգային հարաբերություններում բարձրացնելու նպատակով:

Պատերազմի դադարը չէ, որ այս պահին հետաքրքրում է Թուրքիային, այլ վատ ստարտային պայմաններով ընտրությունների գնացող Էրդողանի իմիջի բարձրացումը: Թուրքիան շարունակում է արդյունավետորեն հավասարակշռել իր դերակատարումը Ռուսաստանի և Արևմուտքի միջև: ՌԴ հետ սկսված «բարեկամությանը» զուգահեռ Էրդողանը ձգտում է ամեն կերպ պահպանել ու ամրապնդել իր դիրքերը նաև արևմտյան ճամբարում:

Որոշ տելեգրամյան ալիքներ հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Լվով է մեկնել ոչ դատարկաձեռն։

Ելնելով այն հանգամանքից, որ նախագահների հանդիպումը կարճ է տևել (40 րոպե), և դատելով հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Զելենսկու արված հայտարարությունից` այդ առաջարկները ի սկզբանե մերժվել են։

Ի՞նչ է տարել Էրդողանն իր հետ Լվով.

1. Ուկրաինան Ղրիմը ճանաչում է որպես ռուսական, Գերագույն Ռադան դա ճանաչում է և ներկայացնում որպես սահմանադրության փոփոխություն։

2. Ուկրաինայի բոլոր ռազմական դոկտրիններից հանվում է «ագրեսոր» երկրի հայեցակարգը և կնքվում է համապարփակ համագործակցության չեզոք համաձայնագիր և այն վավերացվում երկու երկրների խորհրդարանների կողմից։

3. ԼԺՀ և ԴԺՀ ճանաչվում են որպես առանձին հանրապետություններ, և նրանց ինքնիշխանությունը հաստատվում է ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից։

4. Խերսոնի և Զապորոժիեի շրջանները ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացնում են պլեբիսցիտ (հանրաքվե)։

5. Ուկրաինան ստանում է չեզոք ոչ բլոկային կարգավիճակ և անվտանգության երաշխիքներ, որոնք տալիս են ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները։

6. Ուկրաինայի ամբողջական ապառազմականացում:

7. Բոլոր բարեփոխումների և բոլոր համաձայնագրերի իրականացման ժամանակահատվածում Ուկրաինայի տարածք է մտցվում ՄԱԿ-ի միջազգային կոնտինգենտը, որը պաշտպանում է սահմանը, ատոմակայանները, նավահանգիստները և օդանավակայանները։

8. Տեղի են ունենում Գերագույն Ռադայի արտահերթ ընտրություններ:

9. Տեղի են ունենում արտահերթ նախագահական ընտրություններ:

10. Իրականացվում է Ուկրաինայի սահմանադրության ամբողջական փոփոխություն և թափանցիկություն, ռուսախոսների իրավահավասարություն և արտաքին քաղաքական չեզոքություն։

Հանդիպման միակ համաձայնությունն այն է, որ Թուրքիան ևս կմասնակցի հետպատերազմյան Ուկրաինայի վերականգնմանը: Իսկ առայժմ ընթացող պատերազմը լրջագույն հետևանքային սպառնալիք է նաև Հարավային Կովկասի ու հատկապես Հայաստանի անվտանգության համար: Չնայած, որ Հայաստանը` այլ երկրների հետ միասին հայտնվել է ֆինանսապես «շահեկան» վիճակում»:

Տեսանյութեր

Լրահոս