Ինչպե՞ս գերմանաբնակ բանաստեղծուհին իրականացրեց սահմանամերձ Խոզնավար գյուղի փոքրիկների երազանքները
44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի Խոզնավար գյուղը դարձավ սահմանամերձ։ Գյուղի վերջին տանից ադրբեջանական ռազմական դիտակետն ու դրոշը հեռու են մոտ 100 մետր։ Գյուղի գրեթե բոլոր տներից երևում է ադրբեջանական դրոշը։ Գյուղացիների արոտավայրերը կրճատվել են, ծանրացել է կյանքը, ոմանք լքել են գյուղը։ 2022 թվականի ընթացքում Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած 7 գյուղերի (Խոզնավար, Խնածախ,Արավուս, Կոռնիձոր, Ներքին Խնձորեսկ, Տեղ) մասին լուսանկարչական նախագիծ սկսեց լուսանկարչուհի Փիրուզա Խալափյանը, որում ներկայացված է սահմանին ապրող մարդկանց կյանքըն ու մտորումները։ Նախագիծը դարձավ ազդակ, որպեսզի գերմանաբնակ բանաստեղծուհի Նաիրա Քոչարը տեղեկանա Խոզնավարի երեխաների երազանքների մասին և իրականացնի դրանք։ Բանաստեղծուհին մասնագիտությամբ մտավոր զարգացման, կույր ու տեսողական, հոգեֆիզիկական, վարքի խանգարումներ ունեցող երեխաների ուսուցչուհի է։ Մեզ հետ հարցազրույցում Նաիրա Քոչարը պատմեց նախաձեռնության, իր, հայրենիքի նկատմամբ սիրո և հայրենիք հնարավոր վերադարձի մասին։
Ինչպե՞ս հեռավոր Շտուտգարտից իմացաք սահմանամերձ Խոզնավար գյուղի գրադարանի մասին:
Մինչ գրադարանի մասին լսելը ես Խոզնավար գյուղում առաջին անգամ եղա մեկ այլ նպատակով։ Ականջիս էր հասել մի աղջնակի երազանք։ 10 տարեկան Անին երազում էր գյուղում խաղահրապարակ ունենալ ու խիզախ էր գտնվել այդ մասին խոսելու։ Ես լսելով այդ մասին հասկացա, որ դա անպատճառ անել է պետք, որպեսզի իրականանա աղջնակի երազանքը։ Նույն օրը երեկոյան տղայիս և աղջկաս ասացի, որ մի կողմ դրած գումար ունենք ու եթե առաջիկա ամիսներին փոքր ինչ տնտեսենք,ապա կարող ենք իրականացնել Անիի երազանքը։ Այդպես էլ արեցինք։ Հունիս ամսին ինքս այցելեցի Խոզնավար գյուղ, ծանոթացա Անիի ու գյուղի մյուս երեխաների հետ։
Այս այցելությունը հուզիչ էր ինձ համար և լի էմոցիաներով։ Այս այցելության ժամանակ լսեցի նաև գյուղի գրադարանի մասին։ Անիի խոսքերը՝ «սիրում եմ գիրք կարդալ, ու եթե գրադարանում գրքեր լինեն, սիրով կընթերցեմ»։ Սա եղավ առաջին ազդակը, որպեսզի Խոզնավարում վերականգնվի գրադարանը և ստեղծվեն ավելի բարեկարգ ու գրավիչ պայմաններ, որպեսզի երեխաները հաճախեն գրադարան ու գիրք ընթերցեն։
Ինչ-որ բան փոխեցի՞ն ձեր ներսում Խոզնավարի երեխաները, երբ գրադարանի բացման ժամանակ տեսաք նրանց:
Նրանք սպասում էին մեզ դպրոցի բակում ու երբ ես մոտեցա նրանց, հերթով եկան ու գրկեցին ինձ, այնպիսի տպավորություն էր, որ նրանք սպասում էին իմ վերադարձին, այնպիսի զգացմունք էր ասես մենք իրար կարոտած հարազատներ լինեինք։ Ու այնքան ջերմ էր մթնոլորտը ու սիրով լի, որ ես հասկացա մի հասարակ բան։ Ես իմ փոքրիկ բարի գործով ոչ միայն մի փոքրիկ լույս բերեցի հայ երեխաներին այլ նաև օրհնվեցի նրանց լույսով։ Այո փոխվեց իմ մեջ մի բան, ես պիտի շարունակեմ անել իմ կյանքում ամեն ինչ, որպեսզի մեր հայ փոքրիկներին օգտակար լինեմ, քանզի նրանք են մեր ապագան, նրանք են հայ ազգին թևեր տվողները։ Իսկ մեր ազգը հիմա պետք է ոչ միայն ոտքի կանգնի, այլ որքան հնարավոր է պիտի վեր սլանա։ Ուստի պիտի կրթենք, սիրենք ու օրինակ ծառայենք մեր երեխաներին։
Սյունիքում կամ Հայաստանի այլ մարզում բարեգործական այլ ծրագրեր կլինե՞ն ապագայում:
Դեռ չեմ կարող ասել ինչպիսին կամ ինչ բնույթի կլինեն , բայց որ այդ ուղղությամբ մտածում եմ ու որ ապագայում նոր բարեգործական ծրագրեր կլինեն, դրանում համոզված եմ։ Ուրիշ տարբերակ չկա։
Բա՞րդ է ապրել Գերմանիայում, երբ հիմա Հայաստանի համար դժվար ժամանակաշրջան է:
Բարդ է, երբ զգացմունքներիս եմ տրվում, բարդ է, երբ հոգուս ու սրտիս կանչն եմ լսում, բարդ է ու հաճախ անտանելի, երբ հասկանում եմ, որ հայրենիքիս ցավը հեռվից չեմ կարողանում փարատել։ Բայց օբյեկտիվ ու հստակ միտքս հուշում է ինձ, որ ապրելով ու աշխատելով Գերմանիայում ես ավելին եմ կարողանում անել հայրենիքիս համար։
Հայաստան այս այցելությունը ինչո՞վ է յուրահատուկ ձեզ համար:
Խոզնավարում 15 տարեկան Տիգրանն ինձ ասաց․ «Նորից եկեք մեր գյուղ, նորից եկեք, ձեզ բերեք ու ձեզ հետ էլ խաղաղություն»։ Տղայի խոսքերն էին, ասես թե դրա համար էի եկել, եկել էի, որ լսեմ նրա խոսքերը ու բարձրաձայնեմ ու բոլոր իմ ծանոթներին ու ընկերներին ասեմ խաղաղություն, խաղաղություն տարեք ու տարածեք և այն առատորեն ու շռայլությամբ, առանց մտորելու, առանց կասկածելու, առանց տատանվելու, խաղաղություն լույս ու հույս տարածեք ու վստահեք, Աստված կօրհնի ձեզ առատորեն։ Ես ընկերներիս ու երեխաներիս հետ մի կտոր լույս, մի կտոր հույս, մի կտոր խաղաղություն բերեցի Հայաստանի սահմանամերձ Խոզնավար գյուղ ու համոզված եմ նրանում, որ դա կարող է անել մեզնից յուրաքանչյուրը, միայն բարին անելու ցանկություն ու կամք է պետք ու այդ դեպքում Աստված ճանապարհ ցույց կտա ինչպես անել։ Ես համոզված եմ դրանում։ Իմ օրինակը ապացույցն է դրան։
Ապագայում ծրագրո՞ւմ եք մշտական բնակություն հաստատել Հայաստանում:
Ասեմ, որ ծրագրում եմ, սխալ կլինի։ Սակայն չեմ բացառում։ Չնայած այն փաստին, որ Գերմանիայում ես ինձ գնահատված, ապահով ու լավ եմ զգում, որ այնտեղ աշխատում եմ սիրված մասնագիտությամբ, որ երեխաներս ու ընկերներիս մեծ մասը այնտեղ են, միևնույն է արմատներս կանչում են ինձ։ Իմ սերն առ հայրենիք խորքային բնույթ է կրում, այն ինձ հետ է ուր էլ լինեմ, ուր էլ գնամ։ Ես սիրում եմ իմ հայ լինելը։ Ամեն ինչ ունի իր ժամանակը ու երբ իմ կյանքում գա դրա ժամանակը ես համոզված ու վստահ կհավաքեմ իրերս ու կվերադառնամ Հայաստան`սիրել, սիրվելու, հայրենիքում ապրելու, աշխատելու, հայրենիքում սիրվելու, հայրենիքում ժպտալու ու ժպիտ պարգևելու, հայրենիքիս ցավը փարատելու ու նրա գրկում սփոփանք գտնելու։ Պիտի այստեղ մեջբերում անեմ Դավթի Սաղմոսներից «Դու սեղան ես պատրաստում իմ առջև՝ իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը լեփ-լեցուն է։ Այսպես բարիքը և ողորմությունը կգան իմ հետևից իմ կյանքի բոլոր օրերին, և Տիրոջ տանը կբնակվեմ ամբողջ կյանքիս ընթացքում»։ Հավատում եմ ու վստահում Տիրոջը ու համոզված եմ, որ նա ինձ նաև այս հարցում կառաջնորդի, կուղեկցի ու ինձ դեպի տուն տանող ճանապարհը մի հրաշալի օր ցույց կտա։