Բաժիններ՝

Մեր տեղեկություններով՝ հրավառ նյութեր եղել են նաև շենքի վերևի հարկերում. Փրկարար ծառայության տնօրեն

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն ընթանում են էպիկենտրոնի հատվածում։ Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը՝ հավելելով, որ տարածքի 95%-ից ավելին արդեն մաքրվել է։

Նրա խոսքով՝ հենց էպիկենտրոնում էլ փրկարարները հույս ունեն գտնել անհետ կորած համարվող քաղաքացուն։

«Կան որոշակի բարդություններ, քանի որ մեկ մետր առաջ գնալու համար իրականացնում ենք բարդ ինժեներական աշխատանքներ։ Պայթյունը բավական հզոր է եղել։ Դրանից հետո առաջացած հրդեհը ևս բավականին բարձր ջերմաստիճանով ու մեծ բարդությամբ է եղել։ Այդ ամենը վկայում է, որ մեզ համար շատ բարդ է լինելու հայտնաբերել մարմինը։ Այդ պայմաններում աշխատելու համար օգտագործում ենք բարդ տեխնիկա»,- ասաց նա։

ՓԾ տնօրենը հայտնեց, որ որոնվող քաղաքացին առևտրի կենտրոնի աշխատակից է։

Հարցին, թե մոտավորապես ե՞րբ կավարտվեն որոնողական աշխատանքները, Արմեն Գասպարյանպատասխանեց, որ դրանց ավարտի մասին ժամկետներ նշելը ճիշտ չի լինի, քանի որ շենքից կախված յուրաքանչյուր երկաթբետոնյա կոնստրուկցիա հեռացնելու համար երկար ժամանակ է պահանջվում։

«Նախ՝ մենք պետք է ապահովենք մեր փրկարարաների անվտանգությունը։ Վտանգն այս եռահարկ շինության պարագայում միշտ կա, քանի որ վթարային վիճակում է գտնվում և ցանկացած պահի կարող է փլուզվել»,- ընդգծեց նա։

Բացի այդ, ըստ Արմեն Գասպարյանի, փլատակներում գտնվող օջախներում, որոնք առաջին հայացքից թվում է, թե ամբողջությամբ մարվել են, մաքրման աշխատանքների ընթացքում սկսվում են որոշակի պրոցես ծխի տեսքով, ինչի համար էլ կատարվում է հովացում։

Անդրադառնալով այն հրապարակումներին, թե հրավառ նյութերը եղել են ոչ թե պահեստում, այլ վերին հարկերում, ՓԾ տնօրենը նշեց, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ հրավառ նյութեր եղել են նաև շենքի վերևի հարկերում, եղել է պահեստ.

«Մնացած հարցերի պատասխանը կտա նախաքննությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031