«Եթե Ռուսաստանն արդեն բողոքի նոտաների լեզվով է խոսում, նշանակում է՝ դանակը հասցրել են ոսկորին». Գրիգոր Բալասանյան
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը գրություն է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում վրդովմունք է արտահայտված «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ։
«Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։
Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,- նշված է գրության մեջ։
Այս հայտարարությանը զուգահեռ, հանրության որոշակի հատվածում կարծիքներ շրջանառվեցին, թե «Սուրմալուի» պայթունը ռուսական կողմի վրա դնելով՝ ցանկանում են նախ շեղել Աղավնոյի և Բերձորի հանձնման թեմայից և այդ ամբողջի պատասխանատու կարգել հենց ռուսական կողմին։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանն ասաց, որ այդ երկու իրադարձությունների մեջ որևէ կապ չկա, իսկ եթե որոշակի շրջանակներ տեսնում են՝ իրենց խնդիրն է։
«Հնարավոր չէ տեսնել մի բան, որը գոյություն չունի։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ այդ մարդկանց համար առհասարակ որևէ սրբություն գոյություն չունի՝ մարդկային ողբերգություն, 16 զոհ, բայց իրենք իրենց քաղաքական ճղճիմ նպատակներն են հետապնդում։ Եվ ամենավատն այն է, որ դրա համար այդ մարդիկ գումար են ստանում, վարձատրվում են։
Եթե հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի տրամադրած տեխնիկան չլիներ կամ 3 մետրանոց լուսամփոփները, որն աշխատում էր, որպեսզի փլատակներից դուրս բերեին վիրավորներին, ինչո՞վ էին աշխատելու։ Թող նման լուրեր տարածող շրջանակները մի հատ «պիկապ» վերցնեին, գնային ու պայթյունի տարածքում մարդկանց մի բանով օգնեին։
Նման հայտարարությունները ես համարում եմ անբարոյականություն»,- նշեց Գրիգոր Բալասանյանը։
Այս համատեքստում նա մտահոգիչ է համարում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարությունը, ինչը, ըստ նրա՝ վկայում է այն մասին, որ մարդկանց համբերության բաժակն ուղղակի լցվել է։
«Եթե Ռուսաստանն առաջին անգամ արդեն բողոքի նոտաների լեզվով է խոսում, նշանակում է՝ դանակը հասցրել են ոսկորին, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, և ռուսներին ոչինչ չի մնում անել, քան դիմել պաշտոնական ձևակերպումներին և պաշտոնապես ընդունված ընթացակարգին՝ բողոքի նոտա հղելով ՀՀ ԱԳՆ-ին»,- ասաց Գրիգոր Բալասանյանը։
Նրա խոսքով՝ գոնե այս ամենից հետո Հայաստանի պատկան մարմիններն այնքան խելամտություն պետք է ունենան, որ հաշվի առնեն այդ ամենը և այդ տեսակետները տարածող շրջանակներին խելքի բերեն, որոնք «իրենց կապել են ազգային էպոսի հետ, թեպետ ազգայինի հետ նրանք որևէ կապ չունեն»։
«Կրկնում եմ՝ որևէ տրամաբանություն չկա «Սուրմալուի» դեպքը կապել Ռուսաստանի հետ։ Մեկ շաբաթ առաջ, օդում կախված լուրերի համաձայն՝ ԱԺԲ-ի հետ կապված տելեգրամյան ալիքներով մեկ-երկու տղաների նկարներ ցույց տվեցին և հայտարարեցին, թե Երևանում սպորտային կազմվածքով ռուսերեն խոսող տղաներ կան, որոնք իբրև Երևան են բերվել Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու, իշխանափոխություն անելու համար։ Ես հասկանում եմ, թե իրենց տրամաբանությունն ուր է հասնում և դրանով ինչ են ուզում ասել, բայց այդ ամենը բերել-կապել Բերձորի ու Աղավնոյի հետ՝ տրամաբանական չէ, քանի որ այդ բնակավայրերի հանձնում նախատեսված չի եղել նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։
Լավ, ենթադրենք՝ ռուս խաղաղապահները դուրս են գալիս Արցախից և նրանց փոխարեն բերում են մազերը մի քանի գույներով ներկած ինչ-որ սկանդինավյան կոնտինգենտ, դրանով արցախահայության անվտանգությունն ապահովվելո՞ւ է։ Բնա՛վ։
Ունենք Կոսովոյի ծանր և դառը փորձը, թող սերբերին հարցնեն, նրանք իրենց ապահո՞վ են զգում միջազգային խաղաղապահների ներկայությամբ։
Ակնհայտ է, որ այս ամենը միտված է Արցախի հայաթափմանը։ Իրենց գլխավոր հայտարարությունների նպատակն է՝ ռուսական կոնտիգենտը դուրս բերել և դրանով իրականացնել Արցախի վերջնական հայաթափում և Արցախն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին։ Սա Արևմուտքի գլոբալ ծրագիրն է, և այն վաղուց է։
Ուզում եմ այդ շրջանակներին հիասթափեցնել և ասել, որ ռուսական կոնտինգենտի դուրսբերման հարցի քննարկողն ու հասցեատերն իրենք չեն»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։