ՌԴ դեսպանությունը ՀՀ ԱԳՆ նոտա է հղել՝ ընդդեմ «Սուրմալու»-ի պայթյունի մեջ ՌԴ-ի հասցեին մեղադրանքների
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը գրություն է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում վրդովմունք է արտահայտված «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ։
«Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։
Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսեւորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները։
Համապատասխան գրությունը դեսպանատան կողմից ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Նշենք, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավվել է ողբերգության հետեւանքների վերացման աշխատանքներին»։