Բաժիններ՝

Տեսչական մարմինը 1.5 տարի էական վտանգների մասին հասարակությանը չի ասել, հիմա են ասում. բիզնեսի շահը մարդկային կյանքերից վեր են դասել. Բաբկեն Պիպոյան

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն օգոստոսի 14-ին հաղորդագրություն տարածեց՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում (Սուրմալու» տոնավաճառ) իրականացված ստուգմամբ արձանագրված խախտումների վերաբերյալ:

Պարզաբանման մեջ նշված է, որ ՏՄ Երևանի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները 2021 թվականի մարտի 9-16-ը ներառյալ ստուգում են իրականացրել հիշյալ ընկերությունում գործող առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ։ Ստուգման արդյունքում ՏՄ մասնագետները հայտնաբերել են ՀՀ ԱԻ նախարարի կողմից 18.06.2015թ. հաստատված հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավելի տարբեր բնույթի խախտումներ:

Օրինակ՝ կրպակաշարերը, տաղավարները տեղակայված չեն եղել շենք-շինություններից ոչ պակաս 8մ հեռավորության վրա, 15 մարդուց ավելի միաժամանակյա ներկայությամբ տարածքի (Помещение) դռները չեն բացվում դեպի դուրս, շինարարական հիմնատարրերը լցված չեն հրապաշտպան լուծույթով, օդային էլեկտրահաղորդման գծեր են անցկացված հրդեհավտանգ հիմնատարրերով տանիքների վրայով, 55 քմ գերազանցող մակերեսով բնական լուսավորություն չունեցող տարածքում (помещение) տեղակայված չի եղել հակածխային պաշտպանության համակարգ, 3500 քմ-ն գերազանցող երկհարկանի առևտրի սրահի տարածքները (Помещение) սարքավորված չեն հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգով, հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը չեն գտնվել սարքին վիճակում։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ հանրությանը ստուգումների մասին պետք է տեղյակ պահեին:

Կարդացեք նաև

«Օրենքով տեսչական մարմինը հասարակությանը պետք է ասի էական վտանգների մասին: Սա 1.5 տարի չեն ասել՝ հիմա են ասում: Ու ամեն ինչ գալիս է նրանից, որ «էական» բառը գրել են, որովհետև ի սկզբանե որոշել են՝ եթե ինչ-որ բաներ լինի, չասենք, քանի որ բիզնեսի շահը մարդկային կյանքերից վեր են դասել: Պետք է ստեղծվեն ուժեղ տեսչություններ, որոնք պետք է այնպես ստուգեն, որ հաջորդ օրը մտնես, իմանաս, որ այդտեղ խնդիր չկա: Անվտանգություն պետք է ապահովեն, ոչ թե վարչական ակտ կազմեն ու դուրս գան: Տնտեսվարողակենտրոն մոտեցումից պետք է կտրվենք: Անհրաժեշտ է հասկանալ, որ վերահսկողություն, ստուգում իրականացնող մարմինը ոչ թե բիզնեսի շահերի պաշտպանն է, այլ սպառողների: Էկոնոմիկայի նախարարությունում թող մի բաժին բացվի, որը կկանոնակարգի սա: Այդ ե՞րբ է տեսչական մարմինն ասել՝ գնում, ստուգում եմ, պետք է փակեմ՝ գործիքը չունեմ: Այ, եթե ԱԺ առաջարկ կներկայացներ, որ նման դեպքերում պետք է գործունեությունը կասեցնի, որ մարդ չմահանա, սակայն գործիք չունի կասեցնելու, ու ԱԺ-ն իրեն այդ հնարավորությունը չէր տա, այսօր կասեինք՝ մեղավոր է ԱԺ պատգամավորը, որ կողմ չքվեարկեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը:

Նա ընդգծեց՝ ստուգումն ու վերստուգումը տարբեր բաներ են:

«Ընդհանրապես պետական համակարգը բաղկացած է երկու ձևից ՝ բարեխղճություն և խղճի խայթ ունեցող, և բարեխղճություն ու խղճի խայթ չունեցող: Եթե առաջինն ունես՝ միշտ գտնում ես քո չարածը, իսկ խղճի խայթ չունենալու դեպքում գտնում ես պատճառահետևանքներ հորինելու քո հնարավորությունը: Հիմա, եթե ինչ-որ մեկը տեսչական մարմնից կարողանա ցույց տալ, որ կասեցման կարգադրագիր կամ թերությունների վերացման ժամանակահատված է սահմանվում 1.5 տարի, ու դա ինչ-որ մի տեղ արձանագրված է, ես կհամարեմ, որ երևի եղել եմ անտեղյակ, բայց, քանի որ անտեղյակ չեմ՝ պնդում եմ, որ նման բան չկա: Ստուգումն ու վերստուգումը տարբեր հասկացություններ են: Նշվում է, որ ստուգում իրականացվել է նախորդ տարի մարտին, ու այս տարի նոր ստուգումների մասին կարելի է խոսել՝ համաձայն պլանի, ի՞նչ վերստուգում կամ կարգադրագիր՝ պահանջների կատարման նկատմամբ հսկողություն: Եթե ցույց կտան մի իրավական ակտ, որը ցույց կտա, որ 1.5 տարի հետո է պետք գնալ վերստուգման՝ ես ներողություն կխնդրեմ»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:

Ինչ վերաբերում է հրագործական արտադրանքի ազատ վաճառքն արգելելու առաջարկներին՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը դա հարցի լուծում չհամարեց:

«Վթարներից էլ ունենք մահեր, եկեք մեքենա վարելն արգելենք: Չենք կարողանում կանոնակարգել, հսկել, ու մեր անգործության պատճառով այն մարդիկ, ովքեր ուզում էին քաղաքավարի, անվտանգության կանոնները պահպանելով աշխատել՝ նրանց զրկո՞ւմ ենք հնարավորությունից: Նույն կերպ, Աստված չանի, կարող է ինքնաթիռ պայթել. ՀՀ-ում արգելե՞նք ինքնաթիռներով թռնել: Կանոնակարգելուց միշտ պետք է նայել, թե աշխարհն ինչպես է կարգավորում, հետո, եթե քեզ մոտ չի ստացվում՝ մտածես այլ քայլ ձեռնարկելու մասին, թե չէ ամենահեշտ տարբերակն է՝ գլխացավը չենք կարող անցկացնել՝ եկեք գլուխը կտրենք: Թող թերությունները վերացնելու կարգադրագիրը ցույց տան:

Ինչքա՞ն ժամանակ են տվել: Գրել են՝ այս կյանքո՞ւմ, թե՞ երկու ամսում: Պետք է փակել այդ տեսչական մարմինների գրասենյակները: Ասում են՝ աշխատողների թվի պակաս կա… իրենք ստուգում ոչ թե անվտանգությունն ապահովելու համար են իրականացնում, այլ ստուգում են, որ տարեվերջյան ասուլիս տան՝ ասելով, որ՝ կատարել ենք 300 ստուգում, գրել ենք 30 մլն տուգանք: Իսկ եթե սրա փոխարեն ասեն՝ արել ենք 110 ստուգում, 100-ի գործունեությունը ժամանակավորապես կասեցրել ենք, հրդեհային կանոններն արդեն պահպանված են 100-ի մոտ, այ դա արդյունք կլիներ»,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը:

Տեսանյութեր

Լրահոս