Օրհնության ստացում
Ինչպե՞ս կարող են օտարները` այլահավատները, օրհնության արժանանալ: Այս հարցի պատասխանը տալիս է Եփեսոսի մանուկների օրինակը: Եփեսոսի քառասուն քրիստոնյա զինվորներին գցել էին սառած լիճը, որպեսզի ցրտից մեռնեն, և գայթակղության համար մեծ խարույկ էին վառել ափին: Եթե մեկն ուրանար Քրիստոսին, կարող էր ելնել ափ և տաքանալ:
Զինվորներից մեկը չի դիմանում և ափ է ելնում, սակայն իսկույն մեռնում է: Այդ ժամանակ նահատակվող զինվորների վրա լուսե պսակներ են իջնում երկրքից, որը տեսնելով հեթանոս զինվորներից մեկը իրեն սառած լիճն է գցում` բացականչելով.
«Ես էլ եմ քրիստոնյա, ես էլ եմ Քրիստոսին պաշտում»: Այդ հեթանոսը ևս արժանանում է պսակի, որից հրաժարվել էր ուրացյալ քրիստոնյան:
Սա ցույց է տալիս, որ աստվածային օրհնության արժանանալու պայմանը Քրիստոսին հավատալն է, քանզի եթե չեն հավատում այն աղբյուրին, որից գալիս է օրհնությունը, կամ իրենց համար փակում են այն, ապա չեն կարող դրանից օրհնություն ստանալ: Սա նաև նշանակում է, որ այլ հավատքի պատկանողները, այլ կրոնների հետևորդները չեն կարող մեր Եկեղեցում օրհնության արժանանալ, եթե չհավատան Ճշմարիտ Աստծուն: Եկեղեցական կանոնագրքի կանոնը նույնիսկ արգելում է այլահավատներից օրհնություն առնել, քանզի, ինչպես նշում է կանոնը, նրանցը օրհնություն չէ, այլ անմտություն և բարկություն: Մեկ այլ կանոն արգելում է անհավատների կամ հերձվածողների հետ աղոթքի կանգնել ու աղոթել:
Համապատասխան մի կանոնով արգելված է նույնիսկ այլահավատների կամ հերձվածողների հետ խնամիություն անել, բացառությամբ այն դեպքի, երբ նրանք ճշմարիտ աստվածպաշտության են դառնում և հավատում են Ընդհանրական Սուրբ Եկեղեցուն:
Տեր Ադամ քհն․ Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից