Բաժիններ՝

«Ավելի լավ է՝ չծնվեի»․ Երբ թվում է՝ կյանքը մի կոպեկ անգամ չարժե

«Ուրախ եղեք, քանի որ Քրիստոսի չարչարանքներին հաղորդակից եք» (Ա Պետրոս 4:13)

Մեր կյանքի տարբեր իրավիճակներում, երբ ստացվում է այնպես, որ տառապում ենք, ինքներս մեզ խղճալով՝ ասում ենք Տիրոջը՝ լավ է՝ չծնվեինք։ «Քանի՞ կոպեկ արժե իմ այս անիմաստ կյանքը, եթե պիտի նման տառապանքների միջով անցնեմ»,- ասում ենք մենք՝ հանդիմանելով Տիրոջը մեր իսկ լույս աշխարհ գալու համար։

Այդ պահին նույնիսկ չենք էլ գիտակցում, որ ստորադասում ենք մեզ՝ որպես Աստծո կողմից ստեղծված էակներ։ Իսկ ի՞նչն է, որ ստեղծված է Աստծու կողմից և կատարյալ չէ։ Հնարավոր չէ գտնել նման երևույթ։

Կարծում ենք՝ Աստված չգիտի՞, թե ինչ է տառապանքը, չգիտի՞ որ տառապելու ենք։ Եթե նման կարծիք ունենք, ապա սխալվում ենք չարաչար։ Աստված թե՛ գիտի տառապանքի բնույթը և թե՛ գիտի այն մասին, որ մենք էլ առնչվելու ենք տառապանքի հետ։ Սակայն քաջ գիտակցելով այս ամենը՝ Նա, միևնույն է, կյանք է տալիս մեզ։

Մեր կյանքը գուցե անիմաստ է թվում մեր աչքերով, սակայն Աստված յուրաքանչյուրիս ստեղծելիս իմաստ ու առաքելություն է դրել մեր մեջ․ ինչո՞ւ ենք սա անտեսում։ Տառապանքներից բողոքելու ու Տիրոջը հանդիմանելու փոխարեն եկեք խորհենք մեր՝ որպես քրիստոնյայի առաքելության շուրջ։ Կիսել մեր ունեցածը, կարեկից լինել և սիրել, արդյո՞ք ապրում ենք այս արժեքներով։ Եվ եթե ապրում ենք, ապա ինչո՞ւ ենք նեղսրտում մեր տառապանքից։ Չէ՞ որ առաքյալն ասում է․ «Ուրախ եղեք, քանի որ Քրիստոսի չարչարանքներին հաղորդակից եք» (Ա Պետրոս 4:13)։

Գնանք ընդառաջ մեր առաքելությանը՝ Աստվածորդուն մեր առաջ որպես օրինակ ունենալով, չարչարանակից լինելով։ Չէ՞ որ Նա էլ անտեսեց ամեն տեսակ տառապանքներ, քանզի նպատակը մեկն էր՝ Սերը։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս