«Նոր պատերազմի դեպքում գործող «նավապետի» թիմակից «նավաստիներից» շատերն իր հետևից չեն գնալու». Վիտալի Մանգասարյան

Սեպտեմբերին սկսվելու են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի լսումները, այս պահին քննարկվում է՝ դրանք բա՞ց, թե՞ կիսաբաց են լինելու: Իսկ մինչ այդ ժամանակ առ ժամանակ պատերազմի արդյունքների համատեքստում թիրախավորվում է բանակը, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

Թերևս, նրանք պատերազմի ընթացքի, ելքի հետ կապված պատասխանատվության իրենց բաժինն ունեն: Սակայն խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, նրա թիմը՝ ԱԽ քարտուղար և այլն, չեն ցանկանում պատասխանատվության և մեղքի իրենց մասնաբաժինն ընդունել այն չափով, որն օրենքով ունեցել են պատերազմական իրավիճակում օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի դիտարկմամբ, երբ իշխանության ներկայացուցիչները 44-օրյա պատերազմում ունեցած պարտության համար մեղադրում են այս կամ այն գերատեսչությանը, այս կամ այն անձին, նշանակում է՝ նրանք չեն հասկանում, որ պատերազմը վարում է պետությունը՝ իր ամբողջ կառավարման համակարգով: Եթե հասկանում են, ապա ականատես ենք իշխանությունների՝ իրենց վրայից սլաքներն այլ ուղղությամբ տանելու գործընթացի:

«Եթե ինչ-որ մեկը, տվյալ դեպքում՝ երկրի ղեկավարը, հրաման է տալիս, և այն չի կատարվում, դրան պետք է հետևի տրամաբանական քայլ. Կա՛մ հրաման չկատարողը խստագույն պատժվում է, որ, այսպես ասած, մյուսների համար էլ դաս լինի, կա՛մ երկրի ղեկավարը ստեղծված իրավիճակում հրաժարական է ներկայացնում՝ իրավիճակին պատշաճ կարգով չտիրապետելու պատճառով։ Հիմա այս քայլերից ո՞րն է կատարվել, ո՞վ է պատժվել պատերազմի օրերին։ Առաջին անգամ չէ, որ ականատես ենք լինում, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում մեղավորներ փնտրել՝ բոլորը մեղավոր են, բացի իրենցից սկզբունքով»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ռազմական վերլուծաբանը:

Նշենք, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ պատերազմի ընթացքում դավաճանությունների հետ կապված հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից պատասխանել են, որ «2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չի հարուցվել»։

Պատգամավորը հարցման հիմքը 2020-ի հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան էջում արած գրառումն էր, որտեղ խոսվում է կոնկրետ դեպքի մասին, հետո շարունակվում, թե՝ «…տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում: Բոլորը պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության կանչվեն:

Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից»:

Նիկոլ Փաշինյանի այս գրառումից հետո ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց կոնկրետ անձի ձերբակալման մասին:

Այս թեմային դեռ կանդրադառնանք:

Իսկ ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովին, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարն ասաց, որ այս իշխանությունների իրականացրած քննիչ հանձնաժողովի աշխատանքի և որակի վերաբերյալ կարելի է եզրակացնել Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքների հիման վրա։

«Ինչպես Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը, մեծ հաշվով, շոշափելի արդյունքներ չտվեց, և սա՝ այն դեպքում, երբ Ապրիլյան պատերազմը տեղի էր ունեցել նախորդ իշխանությունների կառավարման ժամանակահատվածում, այնպես էլ՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն էական արդյունքներ չի տալու։

Եթե թերությունները բացահայտելու նպատակ ունենային իշխանությունները, այդ ամենի համար բոլոր հնարավորությունները և լծակները կային։ Ինչպես վերջին շրջանում լրտեսների բացահայտումների շարք է սկսվել, որի հիմնական նպատակը քաղաքական է, նույնպես էլ հնարավոր է քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում քաղաքական նպատակներից ելնելով՝ ինչ-որ ձերբակալություններ լինեն, ինչը հերթական անգամ ապացուցելու է՝ հանձնաժողովի ստեղծմամբ երկրի ղեկավարությունը սեփական մեղքերը մաքրելու նպատակ է հետապնդել, քանի որ իրավական տեսանկյունից ԱԺ քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքի արդյունքները ոչ մի ուժ չունեն»,- շարունակեց փորձագետը:

Իշխանությունները մեծ գոհունակությամբ խոսում են բանակի բարեփոխումների մասին, որի համատեքստում փոխեցին բանակի կառավարման մոդելը՝ ԳՇ պետին դարձնելով նաև ՊՆ առաջին տեղակալ:

Վիտալի Մանգասարյանը կարծում է, որ ԳՇ պետին ՊՆ առաջին տեղակալ դարձնելը, ըստ էության, չի կարելի է համարել բարեփոխում, և, որ նախ պետք է փորձել վերականգնել բանակի հանդեպ հասարակության վստահությունը, ինչը ժամանակ է պահանջում, ուստի այդ գործընթացը պետք է սկսել օր առաջ՝ ներգրավելով փորձագիտական և հասարակական լայն շրջանակ, ինչը մինչ այս պահը տեղի չի ունենում։

«Երբ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության վերաբերյալ հասարակության լայն շրջանակ փորձում է այլ աղբյուրներից տեղեկություն ճշտել, դա խոսում է այն մասին, որ ՊՆ-ի նկատմամբ վստահություն մակարդակը, մեղմ ասած, թույլ է, ինչը հետպատերազմյան շրջանում, իմ գնահատմամբ, բավականին օբյեկտիվ հիմքեր ունի։ Վերադառնալով անհրաժեշտ առաջնային քայլերին, պետք է բարձրացնել զորքերի մարտունակությունը՝ իրականացնելով տարբեր զորավարժություններ, որին պետք է մասնակցի պետական ամբողջ ապարատը՝ նախարարից մինչև համայնքապետ, ռազմական ոստիկանությունից մինչ տարածքային զինկոմիսարիատներ, որոնց ներդաշնակ աշխատանքի արդյունքից է նաև կախված ապագա մարտական գործողությունների ելքը, իսկ բոլոր կանխատեսումները տանում են նրան, որ այդ օրը հեռու չէ։ Եթե այսօր հայկական կողմը ենթարկվում է ադրբեջանական պահանջներին և պարտավորվում է մի քանի շաբաթների ընթացքում հանձնել Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի տարածքները, ապա շատ մոտ ապագայում ադրբեջանական կողմի ախորժակը, համոզված եմ, մեծանալու է, և նոր պահանջներ են ներկայացնելու, օրինակ, այսպես կոչված, անկլավների հարցով, ինչի հիմքերը արդեն իսկ դրվում են Ադրբեջանի կողմից։ Եվ ինչպես Արցախում բախումներ եղան Բերձորի հարցի հետ կապված, նույն տրամաբանությամբ էլ Տավուշի մի քանի գյուղերի և Տիգրանաշենի ուղղությամբ են լինելու բախումներ, որից հետո թշնամու ախորժակն էլ ավելի է մեծանալու, և նա շարժվելու է առաջ այնքան, ինչքան հնարավորություն ունենա»,- ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը:

Ըստ Մանգասարյանի, ստեղծված աշխարհաքաղաքական փոթորիկի և Հայաստանի պետականության պահպանման վտանգավոր ժամանակահատվածում գործող ղեկավարությունը պետք է հասկանա՝ առնվազն ժամանակ ձգելու և մանևրելու համար պետք է «նավապետ» փոխվի.

«Քանի որ գործող «նավապետը» ոչ միայն նավ վարելու ունակություն չունի, այլև իր թիմակից «նավաստիներից» շատերը նոր պատերազմի դեպքում իր հետևից չեն գնալու, իսկ, կրկնում եմ, այդ պատերազմը սարերի հետևում չէ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս