Բաժիններ՝

Պարեկի ենթադրությունների պատճառով պետք է գնամ հիվանդանո՞ց, թե՞ շտապօգնության մեքենայով են պտտվելու. Վարորդները դժգոհում են սթափությունը գնահատելու որոշման նախագծից

Կառավարության օգոստոսի 11-ի նիստում քննարկվել և ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի թիվ 277-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ըստ նախագծի հեղինակների՝ հաճախ են այն դեպքերը, երբ ոստիկանության ծառայողի կողմից արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննությունից հետո ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը ներկայացել է բուժհաստատություն և նույն եղանակով անցել սթափության վիճակի զննություն:

Բուժհաստատության կողմից արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության արդյունքում տեխնիկական սարքի միջոցով արձանագրություն չի տպագրվում, իսկ իրավասու բժշկի կողմից կազմված արձանագրության համաձայն՝ հիմնականում վարորդը գտնվել է սթափ վիճակում կամ ալկոհոլի պարունակությունը չի հատել վարչական տույժ նախատեսող սահմանը, այնինչ, ոստիկանության ծառայողի կողմից նույն եղանակով զննության արդյունքում վարորդի արտաշնչած օդի մեջ արձանագրվել է ալկոհոլի անհամեմատ բարձր պարունակություն:

Նմանատիպ հանգամանքներում ոստիկանության ծառայողի կողմից կայացված որոշումները դատական կարգով բողոքարկելիս բեկանվում են՝ ապացույցների անբավարարության հիմնավորմամբ (նույն եղանակով զննության արդյունքում բուժհաստատության տրամադրած արձանագրությունն ընդդեմ ոստիկանության ծառայողի տեխնիկական սարքի զննության արձանագրության): Վարորդը բուժհաստատության կողմից տրված զննության արձանագրությունը վարչական մարմին է ներկայացնում բողոքարկման վարույթի ընթացքում՝ օրեր անց, ինչը հնարավորություն չի ընձեռում վարչական մարմնի կամ դատարանի կողմից ստուգել բուժհաստատության տրամադրած զննության արձանագրության իսկությունը, և բժիշկը կարող է պնդել իր կազմած արձանագրության բովանդակությունը՝ հասկանալով, որ որևէ հնարավորություն չկա այն ստուգելու:

Կարդացեք նաև

Նշված պրակտիկան հնարավորություն է տալիս իրավախախտ վարորդին այդ կերպ խուսափել տույժից, իսկ բժշկի անբարեխիղճ աշխատանքը թե՛ տեսականորեն, և թե՛ գործնականում հնարավոր չէ ապացուցել: Որոշման նախագծի համաձայն՝ սթափության վիճակը որոշելու համար վերցվող փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում փորձանմուշների վերցման օրվանից 8 ամիս ժամկետով:

Զննության արդյունքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված ակտերի բողոքարկման դեպքում փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում մինչև բողոքի հիման վրա վերջնական ակտի ընդունումը: Նախագծի ընդունման արդյունքում բժիշկը հնարավորություն չի ունենա արձանագրելու իրականությանը չհամապատասխանող արդյունք՝ հաշվի առնելով, որ կասկածի դեպքում պահպանված փորձանմուշները կարող են ուղարկվել փորձաքննության՝ արյան կամ մեզի մեջ ալկոհոլի պարունակությունը պարզելու համար:

Նախագծի վերաբերյալ վարորդները հստակ տեղեկություն և պատկերացում դեռևս չունեն, բայց ունեն անհանգստություն և մի շարք հարցեր:

«Եթե տեղում են արյան անալիզ վերցնելու՝ հաստատ չեմ հանձնի, և եթե ես շտապում եմ, պարեկի ենթադրությունների պատճառով պետք է գնամ հիվանդանո՞ց, թե՞ շտապօգնության մեքենայով են պտտվելու»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

Մեկ ուրիշ վարորդի կարծիքով՝ լավ որոշում է ընդունվել, ամբողջ աշխարհում կա նման բան, զարմանալու ոչինչ չկա:

«Շատ կարևոր օրենք է, որովհետև, ասենք, խնջույքների են մասնակցում, հարբում են ու այդ վիճակում մեքենա են վարում՝ լինելով ուրիշի դժբախտության պատճառ: Կարծում եմ՝ այսպես կբացահայտեն նաև թմրամոլներին»,- նկատեց մեր զրուցակիցը:

Մեկ այլ վարորդի էլ հետաքրքրում էր՝ եթե հրաժարվի գնալ անալիզ տալ, ապա ի՞նչ է իրեն սպասվում: «Երբ խմածությունն էին ստուգում, կարող էիր հրաժարվել, ասել, որ տանեն մոտակա բժշկական հաստատություն, որպեսզի անալիզ հանձներ: Հիմա դեռ անհասկանալի է, թե ինչպես են օրենքը կիրառելու: Ասելու են՝ այստեղ միզի՞: Եթե ասեն՝ արի գնանք հիվանդանոց, կասեմ՝ չեմ գալիս, ու ի՞նչ է լինելու դրանից հետո»,- հարցնում էր մեկ այլ վարորդ:

Տեսանյութեր

Լրահոս