Աղվան Հովսեփյանի կյանքի և անվտանգության մասով ՀՀ իրավասու մարմիները, այդ թվում՝ դատարանը, այլևս չեն հանդիսանում պատշաճ մարմիններ․փաստաբան

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանքն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքի քննությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի գործով դատաքննության՝ նախապատրաստման փուլում պաշտպանության կողմը միջնորդել էր գրավ կիրառել Հովսեփյանի նկատմամբ, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել էր՝ անփոփոխ թողնելով Աղվան Հովսեփյանի խափանման միջոցը։

Պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը։ Պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքն՝ օրենքով սահմանված կարգով՝ էլեկտրոնային եղանակով ի սկզբանե մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին, սակայն դատարանի արդեն նախկին նախագահ Տիգրան Սահակյանը բողոքը վերցրել էր Արշակ Վարդանյանի վարույթից և ձեռքով մակագրել դատավոր Ռուբիկ Մխիթարյանին։

Նախորդ դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը դատավոր Ռուբիկ Մխիթարյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվել է։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ դատարանը կանցներ բողոքի, ըստ էության, քննությանը, պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանից խնդրեց իրեն տրամադրել դեռևս նախորդ դատական նիստին կայացված որոշումը՝ ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին, ապա, ծանոթանալանով որոշմանը արձանագրեց՝ այս կազմով օրինական դատարան չունեն, հետևաբար, բողոք ներկայացնելն իմաստազուրկ է համարում, միայն նշեց՝ պնդում են բողոքը։

Պաշտպանը հրապարակեց Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք՝ արձանագրելով, որ այս իրավիճակում առկա է խիստ ծանր վիճակ, առկա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, ինչն արդեն իսկ արձանագրվել է մասնագիտական կարծիք ներկայացնող բժիշկների կողմից։ Պաշտպանը հիշեցրեց, որ օրերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այդ հիմքով միջնորդություն էին ներկայացրել՝ հրատապ նիստ հրավիրելու և Աղվան Հովսեփյանի խափանման միջոցը փոխելու մասին, սակայն դատարանն օրենքի խախտմամբ նույնիսկ այն չի քննարկել։

Նախագահող Ռուբիկ Մխիթարյանը նշեց, որ բողոքը վերաբերում է դատարանի՝ մայիսի 6-ի որոշմանը, հետևաբար, դատարանը չի կարող քննարկել դատարանի՝ հետագայում կայացված որոշումները, ինչին արձագանքելով պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ այլևս Աղվան Հովսեփյանի կյանքի և անվտանգության մասով ՀՀ իրավասու մարմիները, այդ թվում՝ դատարանը, չեն հանդիսանում պատշաճ մարմիններ, դատարանում (Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ․ հեղ ) ասում են՝ ծայրահեղ ծանր վիճակ է, բայց դատարանը չի անդրադառնում, հետևաբար, հիմա իրենք այս դատարանի առաջ են բարձրացնում այս խնդիրը՝ որպես ավելի բարձր դատարան։ Պաշտպանը նաև հայտնեց, որ պատրաստվում են դիմել ՄԻԵԴ։

«Պետությունը ստիպում է, որ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը վատանա»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ պնդում են բողոքը և խնդրում են դատարանից՝ առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը քննարկել։

Պաշտպան Աննա Մանթաշյանն էլ արձանագրեց՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը վատթարացել է։ Հանրային մեղադրողներն առարկություններ ներկայացրին՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ վիճարկվող դատական ակտը բեկանելու հիմքեր չկան, իսկ դատարանում ներկայացված փաստական տվյալները՝ առողջական վիճակի վերաբերյալ՝ առաջին ատյանում վիճարկվող ակտի շրջանակներում քննարկման առարկա չի դարձվել, հետևաբար, այդ հանգամանքներն այս բողոքի շրջանակներում քննարկվել, ըստ դատախազների, չի կարող։

Պաշտպաններն արձանագրեցին, որ առողջական վիճակի վերաբերյալ փաստական տվյալները վիճարկվող դատական ակտի շրջանակներում քննարկման առարկա չի դարձվել, քանի որ այդ փաստական տվյալներն այդ պահին առկա չեն եղել։

Պաշտպան Երեմ Սարգսյանի դիտարկմամբ՝ հանրային մեղադրողները պետք է դիրքորոշում հայտնեն առողջական խնդիրների վերաբերյալ, մասնավորապես, նրա արձանագրմամբ, լուրջ խնդրի առաջ ենք կանգնած՝ անձի կյանքին վտանգ է սպառնում, դիմում են իրավասու մարմիններին, մինչդեռ, իրավասու մեղադրողները հարցի վերաբրեյալ դիրքորոշում չեն հայտնում, այս իրավիճակը նորմա՞լ է։ Պաշտպանը հիշեցրեց՝ տեսել են, թե ինչպես են մեղադրոցները մեկ տարի նախաքննության փուլում խաբում դատարաններին, որ պետք է դեռ վկաների հարցաքննել, վերջում պարզվում է՝ երեք հատ ցուցում էր տրվել։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործից Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ մասն անջատվել է և այժմ քննվում է առանձնին վարույթում։

Տեսանյութեր

Լրահոս