Եթե ՀՀ քաղաքացիներն Արցախում չեն ծառայելու, ի՞նչ անձնագրեր են ունենալու ՊԲ զինծառայողները, ադրբեջանակա՞ն․ Կարեն Վրթանեսյան

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ընթերցելիս ծագող առաջին հարցն այն է, թե ի՞նչ մանդատով են ռուս խաղաղապահները մուտք գործում Արցախ։ Սա այն հարցն է, որը նման տեքստի տակ ստորագրելուց առաջ խաղաղապահ առաքելություններից փոքրիշատե տեղյակ ցանկացած մարդ պետք է ուղղեր ինքն իրեն։ Խաղաղապահների մանդատը մշտապես ստորագրում են հակամարտության բոլոր կողմերը, այսինքն՝ պետք է լինի խաղաղապահ ուժերի մուտք գործելու հարցով կոնսենսուս, հակառակ դեպքում այդ ուժերի տեղակայումն արդեն իսկ մեծ հարցականի տակ է։ Փաշինյանի վերջին ելույթից հետևում է, որ Ադրբեջանը չի ստորագրել այն, իսկ Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Արցախի պաշտպանությունը նախկինում իրականացվել է մոտ 20 հազարանոց զինված ուժերով, դա Արցախի Պաշտպանության բանակի մոտավոր թիվն էր։ Այսօր Արցախի շփման գիծը երկարել է, ընդ որում՝ արևմուտքից, Քարվաճառի կողմից, նաև հարավից այն կահավորված չէ, և լրիվ նոր այդ շփման գիծն ավելի անբարենպաստ ռելիեֆով է, ուղիղ գծի փոխարեն՝ այն բարդ կոր է։ Նման կոնֆիգուրացիայով այդ սահմանը պահելու համար շատ ավելի մեծաթիվ զորք է պահանջվում։ Ռուսական խաղաղապահ զորակազմի թվաքանակը մոտ երկու հազար է, սպասարկող անձնակազմի հետ միասին՝ 2500։ Եթե հայտարարվում է, որ Արցախի և նրա հայ բնակչության անվտանգությունն արդեն պետք է ապահովի ոչ թե հայկական զինուժը, այլ խաղաղապահ ուժերը, որտեղի՞ց են հայտնվելու լրացուցիչ առնվազն տասը հազար ռուս խաղաղապահները, որոնք պետք է կատարեն այդ գործը, այն էլ՝ այսօրվա ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում, երբ Ռուսաստանն ունի կենդանի ուժի պակաս»,- ասաց հասարակական գործիչը։

«Ավելի հավանական կլիներ, որ ռուսներն այստեղից զորք տանեին Ուկրաինա, քան հիմա Արցախում լրացուցիչ զորք տեղակայեին։ Երբ ռուսները պայմանավորվում էին խաղաղապահներին տեղակայելու հարցի շուրջ, հաշվի առե՞լ էին, որ այնտեղ կան նաև հայկական ուժեր, և հայկական ուժերի դուրսբերումը, իսկ մնացածի կազմաքանդումն արդյո՞ք այդ խաղաղապահ հաշվարկի մեջ կար։ Այն, ինչ այսօր Փաշինյանը ներկայացնում է եթե-ներով, արդեն իսկ փաստ է, նա ունի բանավոր պայմանավորվածություն Ալիևի հետ, դժվար է ասել՝ ռուսները դրանից տեղյա՞կ են։ Ավելին՝ Ալիևն այդ թեմայով հայտարարություններ է արել, որոնք հայկական կողմից չեն հերքվել։ Այս խոսակցությունները քողածածկույթ են մեր բնակչության համար, բեմադրություն։ Երբ ասվում է՝ խաղաղապահների մասին հարցեր պիտի քննարկենք, Լավրովը հակադարձում է, թե իրենց որևէ հարցով չեն դիմել»,- նշեց Կարեն Վրթանեսյանը։

Ռազմական փորձագետի կարծիքով՝ մանիպուլյացիա է այն, թե իբր ՀՀ քաղաքացիներն Արցախում չեն ծառայի, կամ ՀՀ ԶՈՒ-ն դուրս է բերվել Արցախից․ «Նախևառաջ, Արցախի ամբողջ բնակչությունն ունի հայկական անձնագրեր, նրանք ՀՀ քաղաքացիներ են։ Ասվում է, թե ՀՀ քաղաքացիներն Արցախում չեն ծառայելու։ Իսկ Արցախի ԱԱԾ-ում, ոստիկանությունում, դեռևս առկա Պաշտպանության բանակում ովքե՞ր են ծառայելու, ի՞նչ անձնագրեր են ունենալու, Ադրբեջանի՞։ Ասվում է, թե ՀՀ ԶՈՒ-ն դուրս է բերվում Արցախից, մինչդեռ պաշտոնապես ՀՀ ԶՈՒ-ն Արցախում երբևէ չի եղել։ ՀՀ-ից Արցախ մեկնող զորակոչիկներն Արցախի ՊԲ զինծառայողներ էին, այլ ոչ թե ՀՀ ԶՈՒ-ի։ Այս մանիպուլյացիաների կույտը թույլ չի տալիս հստակ տեղեկատվություն ստանալ՝ որտեղ ինչ է կատարվել։ Ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ է կատարվել այս օրերին Արցախում։ Նախ ասում էին՝ մեկ զոհ, յոթ վիրավոր ունենք, ապա՝ մեկ զոհ, ութ վիրավոր, և պարզ չէր՝ յոթ վիրավորին գումարվել է մե՞կը, թե՞ ութ նոր վիրավորներ են։ Այնպես էր ձևակերպված, որ ոչինչ հասկանալի չէր, իսկ վերջում ասում են՝ երկու զոհ, տասնինը վիրավոր ունենք, որոնցից մեկը ծայրահեղ ծանր է, երեքը՝ ծանր»:

«Թե որ հատվածներում են եղել միջադեպերը, տեղեկանում ենք ադրբեջանական տեսանյութերից։ Բոլորը կենտրոնանում են Բերձորի ճանապարհի շրջակայքի և Եղցահողի վրա, բայց ստացվում է՝ հարվածել են նաև Ներքին Հոռաթաղին։ Հաթերքին հարվածելու մասին իմանում ենք գյուղապետից, երբ նա ասում է՝ կրակոցներ են լսվում։ Մենք չգիտենք՝ դա որտեղ է, որևէ հստակ տեղեկություն չի հաղորդվում։ Արցախի և ՀՀ-ի շուրջ առաջացել է տեղեկատվական վակուում և խառնաշփոթ։ Վերջերս թշնամու դիպուկահարը ոտքից խոցել էր վրանում քնած մեր զինվորին, այսինքն՝ այդ վրանը թշնամու ուղիղ տեսադաշտում էր, սա արդեն շատ բանի մասին է խոսում։ Ավելին՝ չեն կարողացել այդ զինվորին ժամանակին հասցնել բուժօգնության, և նա ցավալիորեն զոհվել է։ Սա խոսում է այն մասին, որ նոյեմբերի 9-ից սկսած Փաշինյանն ու իր թիմը զբաղվել են ոչ թե Զինված ուժերի վերականգնմամբ, երբ մենք հանրային, պետական և ազգային ռեսուրսի մոբիլիզացիայի կարիք ունենք, այլ զինուժը ցնցումների ու քայքայման են տարել»,- ամփոփեց Կարեն Վրթանեսյանը:

Տեսանյութեր

Լրահոս