
ԱՄՆ-ը մտահոգված է ԼՂ–ում տիրող իրավիճակով ու կոչ է անում միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար․ ԱՄՆ Պետդեպարտամենտ

Միացյալ Նահանգներն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով ու կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետդեպի պաշտոնական կայքում։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցող ինտենսիվ բախումների մասին հաղորդագրություններով ու ուշադիր հետևում է մարտերի, ինչպես նաև զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններին», – ասված է հայտարարության մեջ։
Պետդեպարտամենտի ներկայացուցիրը նաև հավելել է, որ ԱՄՆ-ը «կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության նվազեցման ու էսկալացիայի կանխման համար»։
Նրա խոսքով՝ «իրավիճակի ներկայիս սրումը վկայում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտության մասին»։