«Բոլոր ուղղություններով պետք է աշխատանք տարվի, որպեսզի Հայաստանի ու Արցախի կապը պահպանվի ու ճանապարհներն անվտանգ լինեն». Սեյրան Օհանյան

Հուլիսի 29-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ հայտնել էին, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականի օգոստոսին:

Խոսքը Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի մասին է:

Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով կմիանա Արցախին՝ Բերդաձորի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:

Նշենք, որ արդեն Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով Արցախին պահանջ է ներկայացրել Հայաստանի հետ կապող երթևեկությունը կազմակերպել այլ երթուղով:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խոսելով Բերձորի այլընտրանքային ճանապարհից, մասնավորապես՝ թե այդ ճանապարհը որքանո՞վ է անվտանգ, նշեց, որ տվյալ պարագայում նախ պետք է մի քանի ուղղություններով աշխատանք տարվի։

«Առաջինը՝ միջազգային հարթակում և ՌԴ-ի հետ պետք է աշխատանք տանել, որպեսզի հինգ տարին լրանալուց հետո խաղաղապահ ուժերը ոչ թե կողմերից մեկի չցանկանալու պարագայում դուրս գան, այլ ընդհակառակը, կողմերից մեկի ցանկության դեպքում մնան։ Տվյալ պարագայում ես նկատի ունեմ հայկական կողմին, եթե ռուս խաղաղպահները դուրս գան Արցախից, ապա բավականին լուրջ իրավիճակ կստեղծվի։ Սակայն, եթե ռուս խաղաղապահները լինեն, ապա Բերձորի միջանցքի անվտանգության հարցը կլուծվի, այդ միջանցքի անվտանգության ապահովումը պարզապես Հայաստանի ու Արցախի համար անհրաժեշտություն է։ Ինչ էլ ուզում է լինի, որ ճանապարհով էլ մերոնք դուրս գան՝ կապը Հայաստանի հետ, Հայաստանի ու Արցախի միջև միջանցքը պետք է անվտանգ ապահովվի»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Ըստ Պաշտպանության նախկին նախարարի, միջանցքի անվտանգության ապահովման կարևոր երաշխիքներից մեկը Արցախի և Հայաստանի բանակների մարտունակությունն արագ վերականգնելն է։

«Առաջնայինն այն է, որ հայկական բանակը պետք է ամրապնդվի ու ավելացնի իր կարողությունները Արցախի ու Հայաստանի ժողովորդի պաշտպանությունն իրականացնելու համար, հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանը խախտում է բոլոր պայմանավորվածությունները, իսկ մերոնք կուրորեն գնում են դրանց կատարման։ Ադրբեջանը չի պահպանում բոլոր հայտարարությունների, ստորագրված փաստաթղթերի պայմանները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների վերադարձի, սադրանքների չգնալու, չկրակելու վերաբերյալ, հետևաբար՝ ի՞նչ ուժերի դուրսբերման մասին պետք է խոսք լինի։ Բոլոր ուղղություններով և՛ անվտանգության միջավայրը ձևավորելու, և՛ բանակցային մեր բոլոր հնարամտություններով աշխատանք պետք է տարվի, որպեսզի Հայաստանի ու Արցախի միջև կապը, միջանցքը պահպանվի ու ճանապարհներն անվտանգ լինեն։ Միայն տվյալ պարագայում Արցախի ժողովուրդը կկարողանա իր իսկ պատմական տարածքում ապրել ու իրավունքներն իրացնել»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը։

Տեսանյութեր

Լրահոս