«Եթե ռուսական կողմին հաջողվի հաղթանակ տանել, ապա, անկասկած, գործերը լավ կընթանան նաև Արցախում». Գագիկ Հարությունյան
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Հարավսլավիայի մասնատումը, տարբեր մարզերի բաժանումն առաջին նման խոշոր գործողությունն էր Խորհրդային Միության փլուզումից հետո։ Հարավսլավիայի մասնատումը սկսվեց 1992 թվականին:
«Ավելի ուշ մենք տեսանք և հիշում ենք, թե ինչպես Եվրոպայի կենտրոնում ամերիկյան ՆԱՏՕ-ի ավիացիոն ստորաբաժանումները ռմբակոծում էին Բելգրադը։ Եվ Կոսովոն, որը, այսպես ասած, սերբական ժողովորդի սուրբ վայրերից էր, ինչպես հայ ժողովրդի համար Սարդարապատն է, դարձավ առանձին պետություն, որին սկսեցին անմիջապես ընդունել արևմտյան որոշ երկրներ։
Իհարկե, այնտեղ կան խոշոր տարածքներ, որտեղ բնակվում են զուտ սերբերը և այժմ, ինչպես տեսնում ենք, Կոսովոն փորձում է նրանց զրկել անգամ կապից, որպեսզի չկարողանան իրենց մեքենաներով, փաստաթղթերով դուրս գալ այդ շրջաններից։ Սա ընդհանուր նախագծի շարունակությունն է՝ դեստաբիլացնել իրավիճակն ամբողջ աշխարհում։
Ակնհայտ է, որ նման քայլ կարող է իրականացվել նաև Թայվանի նկատմամբ, որը հանդիսանում է Չինաստանի Հանրապետության անխախտելի մասը։ Տեսնում ենք նաև, որ անգլոսաքսոնյան դոմինացիան իշխում է աշխարհում, ստրկատիրական մեթոդներով իշխանություն պահպանելն այսօր հանդիպել է որոշակի դիմադրության, դրա վառ արտահայտությունն է Ուկրաինայում կատարվող դեպքերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Կոսովո-Սերբիայի հնարավոր առճակատմանը և այդ ամենի հնարավոր ազդեցությանն ընդհանուր աշխարհում ստեղծված լարված իրավիճակի վրա։
Ըստ քաղաքագետի՝ Ուկրաինային ներարկել են նացիզմի բոլոր դրսևորումները և երկու եղբայր ու բարեկամ ժողովուրդների տարել են դեպի արյունահեղ պատերազմի։ Հետևաբար՝ այն ամբողջ իրադարձությունները, որոնք կատարվում են ամբողջ աշխարհում՝ սկսած Չինաստանից մինչև Ռուսաստան, իր բնույթով որոշակի ազգային-ազատագրական պատերազմ է անգլոսաքսոնյան բռնապետության դեմ։
«Հուսամ, այն ջանքերը, որոնք թափվեցին Կոսովոյի կողմից մինչև Սերբիայի հետ հնարավոր պատերազմի սկսումը՝ ուղղակի Արևմուտքի վախերի արտահայտությունն է, Արևմուտքը սկսել է վախենալ, այս պահին չունի այն վճռականությունը, ինչ ուներ նախկինում։ Հավանաբար, այս պահին սպասում են, թե Ուկրաինայում ու Թայվանում ինչպես կզարգանան դեպքերը»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։
Դիտարկելով ստեղծված լարված իրավիճակը նաև Արցախում ստեղծված ընդհանուր լարվածության համատեքստում, Գագիկ Հարությունյանը նկատեց՝ այսօր ամեն ինչ որոշվում է ուկրաինական ռազմաճակատում։
«Եթե ռուսական կողմին հաջողվի հաղթանակ տանել, ապա, անկասկած, գործերը լավ կընթանան նաև Արցախում։ Հուսամ, այս սցենարով ամեն ինչ կընթանա, քանի որ արցախահայության շրջանում այս պահին կա այն մտայնությունը, որ ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում երկար լինի։ Եթե ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, ապա այնտեղ բնակչություն չի մնա, քանի որ ադրբեջանական կողմն ավելի կխստացնի իր վայրագությունները խաղաղ բնակչության նկատմամբ։ Հուսանք, Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը երկար ժամանակով կլինի՝ մինչև հայկական կողմն իր անելիքներն ավելի լավ հասկանա»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։