
Վրաստանում ավելացել է Ղրիմ-Կոնգոյի դեպքերի թիվը․ վարակաբան

Վրաստանում վերջին 7 ամսում հաստատվել է Ղրիմ-Կոնգոյի 42 դեպք, մահացել է 2 հիվանդ, հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։ Ըստ aliq.ge-ի՝ նա ընդգծել է, որ նախորդ տարիների համեմատ երկրում ավելացել է Ղրիմ-Կոնգոյի դեպքերի թիվը։
Գամկղրելիձեի խոսքով՝ Ղրիմ-Կոնգոն ամենալուրջ հիվանդություններից է։ Բնորոշվում է բարձր ջերմությամբ, բերանի չորությամբ, գլխապտույտով, փսխումով, լորձաթաղանթների կարմրությամբ։
«7 ամսում հաստատվել է Ղրիմ-Կոնգոյի 42 դեպք։ Ցավոք, ունենք 2 մահ։ Մահացության մակարդակը կազմում է 4,7 տոկոս: Ղրիմ-Կոնգո հիվանդությունը Վրաստանում հայտնվել է 2009 թ., ամեն տարի ունեցել ենք 1-10-15 դեպք, իսկ այս տարի, ցավոք, հաստատվել է 42 դեպք»,— նշել է Գամկղրելիձեն։
Հիշեցնենք. Ղրիմ–Կոնգո հեմորագիկ տենդը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, արտահայտվում է թունավորմամբ և բազմակի արյունազեղումներով։ Վիրուսը փոխանցվում է մարդուն տիզերից և ընտանի կենդանիներից, իսկ մարդկանց միջև վարակումը կարող է կատարվել վարակվածների արյան, արտադրությունների, օրգանների և օրգանիզմի հեղուկների հետ սերտ շփման հետևանքով։