Փոխվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքը. ո՞ւմ է դա հետաքրքիր, ի՞նչ խստացումներ են կիրառվելու, որքա՞ն է ընդլայնվելու սահմանափակումների շրջանակը
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am հարթակում հուլիսի 13-ից երկու շաբաթ տևողությամբ քննարկման էր դրվել «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Մինչ բուն օրենքներին ու դրանցում փոփոխություններ ու լրացումներ անելու նպատակներին անդրադառնալը նշենք, որ այդ կարևորագույն օրենքը գրեթե ուշադրության չի արժանացել ոչ քաղաքացիների, ոչ մասնագետների կողմից:
Առաջարկներ, այն էլ վերջին օրը, ներկայացրել է միայն Բաց հասարակության հիմնադրամներից ֆինանսավորվող Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, կողմ և դեմ ձայներն էլ բաշխվել էին հավասարաչափ՝ 2 դեմ, 2 կողմ: Իսկ հարցը վերաբերում է անվտանգության հետ կապված խնդրին: Փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկն էլ Ազգային անվտանգության ծառայությանն (ԱԱԾ) է:
Ի դեպ, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը հիմնադրվել է 2018թ.: Հիմնադիրներն են ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) կառավարող խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներ, ամուսիններ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի հետ փոխկապակցված անձինք՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն տարբեր ժամանակներում ներկայացրած Գենյա Պետրոսյանը, Դավիթ Գյուրջյանը, Դիաննա Աթոյանը, Ռիմա Գրիգորյանը:
Այսինքն՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները հատկապես հետաքրքրում են սորոսական շրջանակներին:
Ըստ հեղինակների՝ գործող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը բովանդակային և օրենսդրական տեսանկյունից ամբողջական բարեփոխման և կատարելագործման կարիք ունի, այն ընդունվել է 1996թ. և դրանում առկա մի շարք իրավակարգավորումներ չեն արտահայտում ներկա իրողությունները, ինչպես նաև արդի միջազգային փորձը, իսկ դրա ուսումնասիրությունը վկայում է, որ պետական գաղտնիքի հրապարակման համար մի շարք երկրների (Վրաստան, Ուկրաինա, ՌԴ և այլն) քրեական օրենսդրությամբ առավել խիստ պատասխանատվություն է նախատեսված, քան ՀՀ քրեական նոր օրենսգրքով։
Միաժամանակ, ներկայումս գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված չէ վարչական պատասխանատվություն «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկություններն անզգուշությամբ հրապարակելու համար այն անձի կողմից, ով դրանց հետ ծանոթանալու իրավունք ուներ, և ում դա վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ, ինչպես նաև նույն դրոշմագիրը ունեցող տեղեկությունները դիտավորությամբ հրապարակելու համար այն անձի կողմից, ով տվյալ տեղեկությունների հետ ծանոթանալու իրավունք չունի կամ ում դա վստահված չի եղել կամ հայտնի չի դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ:
Նախագծով առաջարկվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանել «Պետական գաղտնիքի մասին», քանի որ միջազգային փորձի (Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ղազախստան, Վրաստան և այլն) ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդպես են անվանվում բնագավառը կարգավորող օրենքները: Այս կապակցությամբ նախագծում այլևս չի կիրառվում «ծառայողական գաղտնիք» հասկացությունը, և «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները ևս կդասվեն պետական գաղտնիքի շարքին:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում են պետական գաղտնիքին առնչվող հասկացությունների հետևյալ սահմանումները՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ (գաղտնի տեղեկություններ), պետական գաղտնիք, սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կրիչներ (այդ թվում՝ էլեկտրոնային), պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածում, հրապարակում, հոսակորուստ, գաղտնագրում, գաղտնազերծում, գաղտնիության ռեժիմ, պետական գաղտնիքի պաշտպանություն, պետական գաղտնիքի պահպանություն, գաղտնիության աստիճան, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության միջոցներ, գաղտնիության դրոշմագիր, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործում, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվել, լիազոր մարմին, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ոչնչացում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգություն։
Առաջարկվող փոփոխությունների համաձայն` գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի» դրոշմագրեր:
Հստակեցվել են նաև պետական գաղտնիքի պահպանության բնագավառում Կառավարության գործառույթները, պետական գաղտնիքի շարքին դասման ենթակա տեղեկությունների ցանկը սահմանող իրավակարգավորումները` դրանք համապատասխանեցնելով արդի մարտահրավերներին: Մասնավորապես, նշված ցանկում լրացվել կամ փոփոխվել են հետևյալ ոլորտների մասին տեղեկությունները.
1) ահաբեկչության հնարավոր առնչություն ունեցող անձանց և կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական մոնիտորինգի արդյունքների մասին,
2) պետական պահպանության ենթակա կառույցների անվտանգության ապահովման ուժերի, միջոցների, մեթոդների, ինչպես նաև դրանց գործունեության ֆինանսավորման մասին՝ եթե դրանք կարող են գաղտնազերծել վերոհիշյալ տեղեկությունները,
3) պետական գաղտնիքի պահպանման և պաշտպանության կազմակերպման և դրա փաստացի վիճակի մասին,
4) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության մասին,
5) կադրերի պատրաստման մասին, եթե դրանք կարող են բացահայտել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները:
Նախագծով ընդլայնվել են տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու սահմանափակումները: Մասնավորապես պետական գաղտնիքի շարքին չեն կարող դասվել նաև պետության կողմից քաղաքացիներին, պաշտոնատար անձանց, կազմակերպություններին տրամադրվող արտոնությունների և սոցիալական երաշխիքների վերաբերյալ տեղեկությունները:
Առաջարկվող նոր կարգավորումների համաձայն` Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի՝ պետական գաղտնիքին առչնվելու թույլտվությունը երաշխավորվում է համապատասխան պաշտոնում նրանց ընտրվելուց կամ նշանակվելուց անմիջապես հետո: Միաժամանակ, կարգավորվել են նաև հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության դադարեցման առանձնահատկությունները:
Նախագծով խմբագրվել և լրացվել են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունքի տրամադրման մերժման հիմքերը, փոփոխության է ենթարկվել նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունք ունեցող կամ նախկինում ունեցած քաղաքացիների իրավունքների սահմանափակման շրջանակը:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է․
խստացնել օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի համար քրեական պատասխանատվությունը, ինչպես նաև հոդվածը լրացնել նոր՝ 2-րդ մասով՝ համաչափ քրեական պատասխանատվություն նախատեսելով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից հրապարակելու արդյունքում պետությանը առանձնապես խոշոր չափի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանքների առաջացման դեպքում,
խստացնել օրենսգրքի 427-րդ հոդվածով նախատեսված հանցանքի համար քրեական պատասխանատվությունը,
խմբագրել օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին մասը՝ քրեական պատասխանատվություն նախատեսելով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների անզգուշությամբ հրապարակելու այն դեպքերի համար, երբ դրա հետևանքով խոշոր չափի գույքային կամ այլ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ միաժամանակ խստացնելով նույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունը։
Բացի այդ, նախատեսվում է լրացումներ կատարել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում՝ համաչափ վարչական պատասխանատվություն նախատեսելով՝ «Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը դրա հետ առնչվելու իրավասություն ունեցող անձի կողմից անզգուշությամբ հրապարակելու համար: